«Մանկահասակ դեմքով անգիտակից երեխայի» իրական պատմությունը. նա 4 անգամ հնարավորություն ուներ փրկվելու

95

Ռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Ռոբերտ Աբաջյանի՝ պատերազմում անցած գիտակցված հերոսական ուղին և նշել, որ նա մի քանի անգամ կյանքը փրկելու հնարավորություն է ունեցել: Զաքարյանը, մասնավորապես, գրել է.

««Ազգի հերոս (դեռևս պաշտոնապես չներկայացված, բայց հաստատ ազգի կողմից հերոսացված) կապիտան Ուրֆանյանի և նրա հերոս տղաների վերջին օրվա մասին ես, ինչպես հայտարարել էի, պատրաստվում էի ֆիլմ նկարել, որը, ինչպես և շատ այլ մտահղացումներ, այդպես էլ երևի ինձ հետ գերեզման կգնան, այսինքն՝ ես կլինեմ միակը, ով այդ ֆիլմը տեսել է… Այդ առիթով ես, իհարկե, ձեռնամուխ էի եղել փաստերի հավաքագրման և առաջին իսկ օրերին հնարավորություն ունեցա զրուցելու ականատեսների հետ: Հիմա անդրադառնամ Ազգի հերոս (Արցախը, թե ՀՀ-ն Հայերի երկիրն է, հայ ազգի երկիրն է և ինձ համար չկա Արցախի ազգային հերոս, նրանք Ազգային հերոսներ են, այսինքն՝ բոլորիս) Ռոբերտ Աբաջյանի «անգիտակից մահվան» մասին հավաքած փաստերիս հիման վրա:

Ռոբերտն առաջին անգամ հնարավորություն ստացավ իր երիտասարդ կյանքը փրկելու, երբ նրա հրամանատարը, տեսնելով ստեղծված ծանր իրավիճակը, բազմակի անգամ հարձակումը կասեցնելուց հետո, հրաման տվեց զինվորներին նահանջել: Քյարամը հրաժարվեց թողնել «կամանդիրին» միայնակ զոհվելու, նրան միացան նաև ընկերները այդ թվում և Ռոբերտը: Սա առաջին անգամ էր, որ նա գիտակցաբար և ոչ թե միամիտ նախընտրեց իր դիրքի, իր հրամանատարի, իր ազգի համար զոհվելը փրկվելու ռեալ տարբերակից:

Երկրորդ անգամ Ռոբերտն ուներ հնարավորություն փրկվելու, երբ հրամանատարն ու Քյարամն արդեն զոհվել էին, իսկ իր ընկեր Անդրանիկը՝ մահացու վիրավորվել: Ռոբերտն ինքն էլ արդեն վիրավոր, կարող էր կրկին նահանջել և փրկվել, բայց նա նախընտրեց իր ընկերոջը կյանքի վերջին րոպեներին մենակ չթողնել և չնայած սպորտսմեն Անդրանիկը երկու անգամ իրենից ծանր էր, նրան մոտ 80 մետր քարշ տվեց դեպի թաքստոցը:

Այստեղ Ռոբերտն ուներ երրորդ հնարավորությունը փրկվելու: Անդրանիկին նա հասցրել էր թաքստոց և կարող էր նրան թողնել և ընդամենը մեկ մետրանոց պատի վրայով ցատկելով հայտնվեր «ռովի» այն կողմում և աննկատ հեռանալ օգնություն բերելու: Ռոբերտը գիտակցաբար դա չարեց և մնաց ընկերոջ կողքը մինչև նրա վերջին շունչը: Անդրանիկը հոգին Աստծուն ավանդելուց հետո Ռոբերտը կրկին կարող էր օգտվել հեռանալու իր հնարավորությունից, բայց նա կրկին չկարողացավ նույնիսկ ընկերոջ մարմինը թողնել ոսոխին և մնաց նրա մոտ:

Երբ Ռոբերտի ընկերները ռովի հետևով հասան օգնության, ընձեռվեց ևս մեկ հնարավորություն նահանջելու, բայց թուրքերից երկուսը արդեն նկատել և մոտենում էին Ռոբերտին: Ռոբերտը հասցրեց նույնիսկ իրեն օգնության եկածներին զգուշացնել, որ հեռանան՝ հասկանալով, որ եթե ինքը նրանց կողմն անցնի, մոտեցող թուրքերը կարող են նկատել նաև նրանց և կրկին գիտակցաբար նախընտրեց անձնազոհությունը հանուն ընկերների փրկության: Անմիջապես նրա հեռանալու հորդորներին հաջորդեց պայթյունի ձայնը:

Թուրքերն այնքան էին կատաղած այդ գիտակից հերոս հայորդիների վրա, որ նրանց մարմինները փորձել էին տանել իրենց հետ: Ռոբերտի և Անդրանիկի մարմինները իրենց զոհված վայրից մոտ 150 մետրի վրա են հայտնաբերել: Ես ունեմ տեսանյութը: Հիմա ինքներդ հաշվեք, թե քանի անգամ է նա գիտակցաբար ընտրել հայրենիքի և ազգակիցների համար նահատակվելը և ինքներդ գնահատական տվեք ինչ-որ պաշտոնյայի «խոսափողիկին»:

Հիմա էլ ազգովի և շատ հարգված մարդիկ նույնպես ընկել համոզում ենք, որ վարչապետը աշխատանքից ազատի այդ լկտի արարածին: Արդյո՞ք այդպես պետք է լինի…»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache