Մանթաշովների զարմից են սերե՞լ

95

ՀՀ ազգային անվտանգության հաղորդագրությունից տեղեկանում ենք՝ վերջերս իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2008թ․ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը։

Հարձակումն իրականացնելու համար վերջինս համագործակցել է «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանի և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի կողմից ստեղծված հանցավոր «բանդայի» հետ, որը մեղադրվում է մի շարք առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ։ Լևոն Սարգսյանը խմբին տրամադրել է Իսահակյան փողոցում գտնվող առանձնատան գծագիրը՝ չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերի նշագրումներով։

Հանրային հնչեղություն ստացած ավազակային հարձակման «բարեհաջող» ավարտից հետո Լ․Սարգսյանը իր համար գողոնից առանձնացրել է որոշ ոսկյա զարդեր և թանկարժեք ժամացույցներ։ Հիշեցնենք, որ հանցավոր համագործակցության 10 անդամները 2011թ․դատապարտվեցին երկարաժամկետ ազատազրկման՝ մինչև 15 տարի ժամկետով։

Հաղորդագրությունը, հիրավի, շատ ուշագրավ է, քանզի տուժողն ու հանցագործությունն իրականացնողները մեկը մյուսին համարժեք են, դեռ ավելին՝ մի ամբողջ անցած ժամանակահատվածի տիպիկ արտացոլանք են։ Պարզվում է՝ իրարից հափշտակելու և ուրիշի հաշվին հարստություն կուտակելու եղանակը վերին օղակներին բնորոշ սովորական գործելաոճ է եղել, որը ակնհայտ հատել է հանցագործության սահմանները։

Ժողովրդական խոսակցությունների մակարդակում գաղտնիք չէր, որ նախկին պատգամավորներն ու ոստիկանության պաշտոնյաներն իրենց ստվերային բիզնեսներն ունեին և ակտիվ գործունեություն էին ծավալում ամենատարբեր ոլորտներում, բայց որ մեկը մյուսին էին թիրախավորում, դա շոկային էր շատերի համար։

Դեռ տարիներ առաջ միանգամայն հասկանալի էր, որ մաքսայինի նախկին պետի թիրախ-առանձնատունն ամենևին էլ պատահականության սկզբունքով չէր ընտրված՝ նախապես մանրամասն քննարկված և

կազմակերպված հարձակում էր մշակվել, որի իրագործման համար հանցագործ խմբի անդամները ներխուժել էին առանձնատուն «սպեցնազի» կեղծ համազգեստներով։ Ինչպես ասում են՝ նպատակն արդարացնում է միջոցները, քանի որ 45 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդերը որպես գողոն, անշուշտ, գոհացուցիչ էին և, իհարկե, արդարացրեցին հանցագործ խմբի գործադրված ջանքերը։ Իսկ հանրության համար մեկ անգամ ևս պարզ դարձավ, որ մաքսայինի պետերը՝ նախկին թե ներկա, երկրիս ամենահարուստ մարդկանց ցուցակում են, քանզի 45 միլիոնի ոսկեղեն տանը, աչքին մոտ, պահում են ոչ թե հարուստները, այլ գերհարուստները, իսկ չհրկիզվող պահարանների «կոլեկցիա» ունենալն էլ դժվար թե հասարակ մահկանացուներին հասանելի թուլություն լինի, քանզի դրանցում բան պահելու համար պիտի բան ունենաս։

Սակայն սա էլ դեռ ոչինչ: Զավեշտն այն է, որ 2008թ․ոչ մեկի մտքով անգամ չանցավ Արմեն Ավետիսյանից նրա նման հարստության ծագումնաբանությունը ճշտելը՝ երևի թե մտածելով, որ սույն անձն օրիորդական գծով կամ Մանթաշովի թոռն էր, կամ Ռոքֆելլերի արտաամուսնական կապերի գծով փոխանցված ժառանգը: Հասկանալի է, որ ոչ մեկն էլ կասկածի տակ չի առնում Արմեն Ավետիսյան չարքաշ աշխատավորի պապենական ահռելի հարստության ժառանգություն ստանալու վարկածը, որ նրա՝ երկրին նվիրված տարիների աշխատանքի հետ կրկնապատկվում ու քառապատկվում էր (ստույգ աճը կարող է վկայել երևի թե նույն ԱԱԾ-ն, որը մի ժամանակ ընդհատակյա սույն միլիոնատերի աշխատանքային հարազատ ոստանն էր) այդ նույն երկրում երկրում աղքատության տոկոսի անշեղ աճին համընթաց՝ չնայած էն թվերին Սերժ Սարգսյանի «հավատարիմ բարեկամին» դժվար նման հարցեր տային՝ ազնիվ ու անկեղծ պատասխանի միամիտ ակնկալիքով։

Մնում է միայն հուսալ, որ նոր ժամանակներում ծավալված հետաքննությունը կբացահայտի, թե Ավետիսյանն իր չհրկիզվող պահարաններում որքան հարստություն ուներ ամբարած, ինչպես նաև լույս կսփռի վերջինիս՝ հարստություն կուտակելու զարմանահրաշ ունակության վրա։

 




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache