Լրահոս

Մանվել Գրիգորյանի որդուն կարող են ձերբակալել

 

mg

Politik.am-ը իր վերլուծություններից մեկում գրել էր, որ Սերժ Սարգսյանը ունի որոշում քաղաքականապես ոչնչացնել Գեներալ Մանվել Գրիգորյանին: ՀՀԿ-ին հավատարիմ գեներալին հեռացնելու մի քանի պատճառներ կան:Առաջինն այն է, որ  նրա ծառայությունների կարիքը կարծես իշխանությունները չեն զգում, երկրորդ հանգամանքն այն է, որ Սերժ Սարգսյանը ամեն կերպ հեռացնում է իշխանական կերակրատաշտից բոլոր նրանց ովքեր նրա հետ կարող են խոսել ինչպես հավասարը հավասարի հետ: Սերժ Սարգսյանի համար նման անձիք համարվում են վտանգավոր գործիչներ, քանի որ սասանում են նրա  դիրքերը: Ամեն անգամ  Սերժ Սարգսյանը ստիպված է լինում նման գործիչներին զիջումներ անել:

Սերժ Սարգսյանը ցանկանալով հեռացնել Մանվել Գրիգորյանին իր մերձավորների շրջապատից, միևնույն ժամանակ չի ցանկանում, որ նա իր հնարավորությունների սահմաններում ծառայություններ մատուցի իր քաղաքական ախոյաններին: Ահա այս նպատակով է, որ նախագահ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է գործիք, որը կզսպի Մանվել Գրիգորյանին:

Մեր նախորդ հրապարակման մեջ մենք նշել էինք, որ նման գործիք կարող է հանդիսանալ Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդու դեմ քրեական գործի հարուցման վտանգը: 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Էջմիածնի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Թումանյանի, նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդու՝ Ստեփան Աբգարյանի և ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդիների՝ Կարեն և  Արման Գրիգորյանների կողմնակիցների միջև տեղի էր ունեցել ծեծկռտուք: Ծեծկռտուքի մասով հարուցված քրեկան գործը հետագայում հետաքրքիր ընթացք ստացավ՝ տեղի ունեցած ծեծկռտուքի դրվագն առանձնացվեց և քրեական գործ  հարուցվեց:

Այս միջադեպից հետո Մանվել Գրիգորյանի կողմնակիցները հայտարարում էին, որ հարձակումը եղել է քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի կողմնակիցների կողմից ու իրենք միայն տուժող են: Հրապարակումներ եղան անգամ, որ Մանվել Գրիգորյանի որդու նկատմամբ մահափորձ է կատարվել:

Երեկ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության տարածած հայտարարությունը հետաքրքիր մեսիջ էր գեներալ Մանվել Գրիգորյանին.«Համալիր դատաձգաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված  բոլոր 4 ավտոմեքենաների վրա հրազենային բնույթի վնասվածքներ չեն հայտնաբերվել, ապացույցներ ձեռք չեն բերվել՝ Արթուր Թումանյանի կամ որևէ այլ անձի կողմից ինչպես Կարեն Գրիգորյանի, այնպես էլ՝ մյուսների նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքի վերաբերյալ։ Քննությամբ պարզվել են միջադեպի իրական հանգամանքները։

Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. սեպտեմբերի 16-ին` ժամը 23:30-ից 23:55-ն ընկած ժամանակահատվածում, անձնական հարցեր պարզաբանելու նպատակով, Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում հետապնդման են ենթարկվել նույն քաղաքի բնակիչներ Արթուր Թումանյանը և Ստեփան Աբգարյանը: Այդ ընթացքում վերջիններս «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայով փորձել են դիմել փախուստի, սակայն չեն կարողացել և Էջմիածին քաղաքի Սպանդարյան և Մեխակ Մեխակյան փողոցների խաչմերուկում` թիվ 6-րդ մանկապարտեզի դիմաց, ենթարկվել ֆիզիկական բռնության։ Նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով՝ Ա.Թումանյանին պատճառվել է միջին, իսկ Ս.Աբգարյանին թեթև մարմնական վնաս»,-ասվում է Քնչական կոմիտեյի հայտարարության մեջ։

Փաստորեն Մանվել Գրիգորյանի որդիների նկատմամբ իրականացված բռնության մասին տեղեկությունները հերքվել են, իսկ միջադեպի մյուս կողմը, ըստ հայտարարության, ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածք:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing