Մանվել Գրիգորյանին քիչ էր մնում ասեին՝ հող կեր, մեռի․ «Հրապարակ»

187

«Հրապարակ» թերթը գրում է․

Երեկ Ազգային ժողովում Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելու վերաբերյալ քննարկումը նման էր «ժանտախտի ժամին խրախճանքի»։ Այդ ֆոնը հատկապես ապահովեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ով, կարելի է ասել, Մանվելից ու ՀՀԿ-ից հանեց Գագիկ Ծառուկյանի մուռը։ Հիշեցնենք․ Մանվելը 2015-ի փետրվարի 12-ին Գագիկ Ծառուկյանի հասցեին, մեղմ ասած, լավ չէր արտահայտվել։ Նաիրա Զոհրաբյանն էլ երեկ Մանվել Գրիգորյանի հասցեին արտահայտվեց՝ օգտագործելով իր բառամթերային զինանոցի առնվազն կեսը։ Ապա ելույթից հետո լրագրողներին հիշեցրեց, որ Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրեն պահել է «ամենավերջին էժանագին խուլիգանի նման»՝ խոստովանելով իր ելույթների մոտիվացիան։

«Երեկ Մանվել Գրիգորյանը նամակ տարածեց եւ տեսակետ էր հայտնում, որ ինքը փրկելու է իր բարի անունը։ …Ես հիմա խոսում եմ որպես քաղաքացի՝ սպա Մանվել Գրիգորյանը, իմ վստահ կարծիքով, ընդամենը մի տարբերակ ունի իր բարի համբավը վերականգնելու համար, եթե էդքան տղամարդկություն եւ քաջություն, իհարկե, ունենա»,- ասաց Զոհրաբյանն իր ելույթի վերջում։ Ու բոլորը կռահեցին, թե ինչի էր դրդում ԱԺ պատգամավորը մեկ այլ ԱԺ պատգամավորի՝ ինքնասպանության։ Ի դեպ, ինքնասպանության հասցնելու համար Քրեական օրենսգիրքը պատիժ է նախատեսում։ Նաիրա Զոհրաբյանի ելույթին ՀՀԿ-ականները հետեւում էին ակնհայտ զզվանքով, իսկ մի մասն էլ իրենց վերաբերմունքը ցուցադրեցին՝ նրա ելույթի ժամանակ դահլիճից դուրս գալով։

Մյուս ելույթներն ավելի մեղմ շեշտադրումներով էին, հիմնականում «Ելք»-ի պատգամավորներն էին խոսողները, որոնք հիշեցնում էին, որ միայն Մանվելը չէ․ անտառի մի ծառն է հատվել, դեռ ամբողջ անտառն առջեւում է, որ այսքան տարի բարձրաձայնում էինք այս մասին, ոչ ոք բանի տեղ չէր դնում եւ այլն։ Ի դեպ, ուշագրավ պատմություն ունի նաեւ Մանվել Գրիգորյանի տարածած նամակը, որով նա հավատացնում է, որ առաջիկայում կվերականգնի իր բարի համբավը։ Ասացին, որ այդ նամակը գրվել է ՀՀԿ-ում։ Այսինքն՝ ՀՀԿ-ն, Մանվելին քննադատելով ու նրան ազգի դավաճան հանելով հանդերձ, փորձել է օգնել իր երբեմնի թիմակցին՝ նրա անունից նամակ է գրել եւ ապահովել, որ նա չներկայանա խորհրդարան ու փրկվի ԱԺ դահլիճում վերջնական նվաստացումից։ Հենց այդ նամակից էլ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցիտեց Մանվել Գրիգորյանի կողմից գրված խնդրանքը, որ նիստն անցկացնեն առանց իր ներկայության։ Մինչդեռ շատերն այն կարծիքին են, որ ՀՀԿ-ն պետք է ստանձնի Մանվել Գրիգորյանի արարքների համար քաղաքական պատասխանատվություն։ Վահրամ Բաղդասարյանը մեր հարցին, թե ՀՀԿ-ն պատրաստվո՞ւմ է քաղաքական պատասխանատվություն կրել Մանվել Գրիգորյանի արարքների համար, ասաց․ «Յուրաքանչյուր անհատի արարքների համար պատասխանատվություն չենք կրում»։

Գալուստ Սահակյանն էլ նույն հարցին պատասխանեց․ «Ոչ միայն ՀՀԿ-ն, այլ բոլոր կուսակցությունները նման երեւույթների համար պատասխանատվություն կրում են»։ Իսկ թե ինչպես՝ չասաց։ Հարցի քննարկումից հետո տեղի ունեցավ երկու փակ-գաղտնի քվեարկություն։ Մեկով քվեարկում էին Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու, մյուսով՝ նրան կալանավորելու հարցը։ Երկու դեպքում էլ դեմ եղավ ԱԺ երեք պատգամավոր։ Մի դեպքում 81 հոգի, մյուս դեպքում 77 հոգի կողմ եղավ։ Կային նաեւ չքվեարկողներ։ Քվեարկության արդյունքներով՝ Մանվել Գրիգորյանին կալանավորելու միջնորդությամբ գլխավոր դատախազը մտավ դատարան, եւ դատարանի որոշմամբ արդեն նրան զրկեցին ազատությունից։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ նիստի վերջում իր հերթին լղոզեց մեր բոլոր հարցերը, որոնք ուղղված էին «հին ու նոր հայաստաններում» իրավապահ համակարգի աշխատանքին։ Նա խուսափեց հստակ բացատրություն տալ, թե ինչպես եղավ, որ Սերժ Սարգսյանի օրոք չէին կարողանում բացահայտել նման հանցանքները, ասում էին, թե փաստեր չունեն, հիմա հանկարծ փաստեր ձեռք բերեցին ու բացահայտեցին։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache