«Մանվելը չարիք է. Նա որքա՞ն զոհ է տվել, ո՞ր մի խրամատում է կանգնել»

1

Մեր զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը

Պարոն Բադասյան, նախօրեին գեներալ Մանվել Գրիգորյանը հանդես եկավ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի՝ հայտարարելով՝ Կարեն Կարապետյանն ինչ է հասկանում Արցախի խնդրից, Սերժ Սարգսյանն է հասկանում և ինքը պետք է լինի վարչապետ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, և այն, որ գեներալիտետն արդեն բաց տեքստով հայտարարում է Սերժ Սարգսյանի նշանակումը վարչապետի պաշտոնում։

Հարցը շատ խրթին է և խոսում է կադրային դժբախտությունների մասին ևս մեկ անգամ։ Ես տեսա այդ հարցազրույցը, վիճակը շատ տխուր է։ Կարեն Կարապետյանը մեկուկես տարի զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, վարել է կառավարության նիստերը։ Նա իշխող կուսակցության անդամ է, որի անդամ է նաև Մանվել Գրիգորյանը։ Կա խոսակցություն, որ Կարեն Կարապետյանը պետք է հրաժեշտ տա վարչապետի պաշտոնին։Չնայած ես Մանվելի թեման վաղուց որոշել էի փակել, բայց չի ստացվում, որովհետև իրականությունից չեն չքվում այդ չարիքները։ Ու երբ այդ չարիքը նորից բարձրացնում է գլուխը, պետք է այն կտրես։ Մանվելը այդ չարիքներից մեկն է, որը, ցավոք սրտի, այսօր հայտնվել է խորհրդարանում, հայտնվել էր ազատամարտի մեջ։ Հիմա ես ուզում եմ հարցնել, թե Մանվելն ի՞նչ է հասկանում Արցախից, նա Արցախի ո՞ր խրամատում է կանգնել։ Իհարկե, Մանվելին հերոսի կոչում են տվել, ու ես հիմա որպես ճակատի մարդ, կուզեմ հարցնել՝ ինքը ո՞ր մի ֆրոնտում է եղել և ո՞ր մի իրեն վստահված տարածքն է ինքը պահել։ Այսօր եկեք հաշվենք Հայաստանի զոհերի ո՞ր մասն է բաժին ընկել Մանվելին։ Զոհերի առյուծի բաժինը Մանվելին է հասնում, նրա ստորաբաժանումն է տվել ամենաշատ զոհը: Մանվելը որքա՞ն տարածք էր պահում և փաստացի ո՞ր տարածքներն է ինքն ազատագրել։Մեր գեներալիտետը գիտի՞, որ այդ գեներալ կոչումը, հերոսի կոչումը իրենք աղավաղել են։ Այդ նույն Մանվելը, որ նկարվում էր 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ, հիմա էլ նորից նկարվում է արդեն վարչապետի մասին խոսելով։ Տարին մի քանի անգամ Էջմիածնում հանելուկային սպանություններ, թալան ու ավերածություն են տեղի ունենում, ո՞վ է դրան անդրադառնում։ Ինչու էր իշխող վերնախավը Մանվելին տալիս այդքան արտոնություն, որ իր համար ապահովի իշխանությո՞ւն, որ Մանվելն իրենց հավատարի՞մ է։ Դե հիմա տեսեք նրա հավատարմությունը։ Միայն սրանով չի արտահայտվում Մանվելի հավատարմությունը, նա հավատարիմ էր նաև «մարտի 1»-ի օրերին, և ո՞ւմ էր նա հավատարիմ։ Նա այդ օրերին դեմ էր Սերժ Սարգսյանին ու հիմա նա հավատարիմ է նույն Սերժ Սարգսյանին, որի դեմ զե՞նք է հանել։ Այսինքն՝ այդ մարդը նաև անսկզբունքային քաղաքական խելագա՞ր է։ Այդ մարդը կռվա՞ծ մարդ է, այդ մարդը Ղարաբաղից տեղյա՞կ է։ Այս մարդը որպես պատգամավոր՝ էթիկայի տեսակետից իր տեղո՞ւմ է։ Եվ ընդհանրապես ո՞ւր ենք մենք գնում նման կադրերով։

Մինչ մեզ մոտ խոսում են, թե ով կլինի վարչապետ, Ադրբեջանից տարբեր հայտարարություններ են հնչում։ Օրերս Ալի Հասանովը հայտարարել է, որ եթե ցանկանան՝ մեկ շաբաթում կվերադարձնեն Ղարաբաղը ու այդ հայտարարություններին, ըստ էության, արձագանք չկա։ Պե՞տք է լուրջ ընդունել նման հայտարարությունները, թե ոչ։

Դե եթե Մանվելի նման մեկն ասում է, որ գնալու ենք Բաքու չայ խմենք, դա ծիծաղ է առաջացնում։ Մանվելի նման մի գեներալ էլ այնտեղից է այդպես խոսում, որը ևս ծիծաղ է առաջացնում։ Բայց երբ Ալիևը որպես դոկտրին հայտարարել է, որ Երևանը պետք է վերադարձնեն, դա արդեն պատերազմ հայտարարելու նման մի բան է։ Եվ մենք, ունենալով նման գեներալներ, նման պատգամավորներ, ապաշնորհներ, հանցագործներ, նման կադրերով մենք չենք կարող այդ հայտարարված պատերազմին դիմակայել, եթե պետք լինի։ Արդեն վաղուց անցել է ալան-թալանի ու նկարվելու շրջանը, մանվելները և մյուսները չեն կարող թաքնվել զոհերի թիկունքում ու հերոսանալ։ Դրանով ազգը չի փրկվի։ Կոնկրետ մարդիկ են պետք կոնկրետ քայլերով։ Այսօրվա գեներալիտետի առնվազն 50 տոկոսը անկարող է, նրան պետք է արմատախիլ անել և շպրտել։ Հնամաշ գեներալներից պետք է ազատվել ընդհանրապես։ Թող գնան իրենց տներում նստեն, թոշակ ստանան և չխանգարեն։ Նրանք ոչնչով օգնել չեն կարող, որովհետև այդ կազմը հիվանդ է և ուղղակի հիասթափեցնում է հասարակությանը, ոգեշնչելու փոխարեն ոգին գցում է։Մանվելը մի քանի տարի առաջ չէր ճանաչում Ժիրայր Սեֆիլյանին, Սամվել Բաբայանին, մինչդեռ ես կարող եմ փաստեր ներկայացնել, թե նա ինչպես էր ժողովների ժամանակ ահուսարսափով վախենում Սամվել Բաբայանից։ Նաև վախենում էր Ժիրայր Սեֆիլյանից, նաև մեզնից։ Գիտե՞ք երբ էր վախենում, երբ մարտից հետո հավաքվում էին արդյունքներն ամփոփելու, թե ով ինչ է արել և ով որտեղ է ձախողել։ Եվ այդ հարցում միշտ ինքն էր։ Փախուստ էր տալիս մարտերին մասնակցելուց, քանի-քանի անգամ իմ ներկայությամբ Սամվել Բաբայանը նրան շշպռել է։ Երբ Մանվելը հյուսիսում դիրքերը հանձնեց, որ տեղափոխվի հարավ, նա 2500 զորք ուներ։ Նրա այդ զորքին փոխարինեց Միշա Արզումանյանի գումարտակը՝ մոտավորապես 300-400 հոգի։ Ինքը դրանից ուղղակի պետք է ամաչեր, որ բրիգադով պահում էր այնքան դիրք, որքան հետագայում գումարտակը պահեց։ Մանվելը Հադրութում ուներ 3000 մարդ ու պահում էր ընդամենը 10 կմ։ Իսկ մեր Հադրութի գունդը 1200 մարդով պահում էինք 75 կմ։ Եթե նա իսկապես հերոս է, ո՞ւր է նրա հերոսությունը։ Հերոսությո՞ւն է փնովել վարչապետին, որին մի քանի օր է մնացել պաշտոնավարելու։

Ոչ միայն Մանվել Գրիգորյանը, այլև մյուս հանրապետականները նույնպես, Վահրամ Բաղդասարյանը, Էդուարդ Շարմազանովը և մյուսներն անընդհատ շեշտում են Սերժ Սարգսյանի անփոխարինելիությունը։

Նույն Վահրամ Բաղդասարյանը ամաչելու աստիճանի կադր է խորհրդարանում և միայն նա չէ, նրա նման քանիսը կան այնտեղ։ Վերլուծեք նրանք արած հայտարարությունները, նրանց պատճառաբանությունները։ Ես միայն կարող եմ խղճալ Սերժ Սարգսյանին, թե ովքեր են նրա պաշտպանները։ Մի՞թե չի խորհում այդ մարդը, թե ովքեր են իր հենարանները և ինչու են փառաբանում իրեն։ Վաղը, եթե Սերժ Սարգսյանի ոտքը սայթաքի, նրանք ի՞նչ կանեն, ինչպես կհոշոտեն Սերժ Սարգսյանին։ Դա գիտակցո՞ւմ է Սերժ Սարգսյանը, ցավոք, չի գիտակցում։ Հիմա Բաղդասարյանի նմաններին ձեռնտու է Սերժ Սարգսյանին փառաբանելը, որ իրենք միշտ մնան իրենց տեղում պորտաբույծի կարգավիճակում։ Այսօր ժողովրդի մի մասն արտագաղթում է, մյուս մասը տքնում է աշխատանքի ու հարկերի մեջ, և այդ բոլորը իրենց համար, այդ խավի համար, որ ամենավտանգավորն են հայ ազգի համար։ Հենց իմ մատնանշած հարցերն են, որ Ալիևը տեսնում է ու իր աչքը ուտում է, որ մտնի Երևան։ Ուր ենք մենք գնում նման կադրերով։Մի՞թե մեր ժողովուրդը կարծում է, թե 1990-ականներին մեր հաղթական պատերազմը վահրամբաղդասարյաններն են արել, մանվելներն ու մյուս ապաշնորհներն են արել։ Ոչ, դա ժողովուրդն է արել, ժողովրդից ծնված տղաներն են արել, որոնց մի մասն այսօր ողջ չէ, մի մասը հրաշքով ողջ է, և այդ ողջ մնացած տղաների մի մասը բանտերում է։ Սա է հաշվի առել Ալիևը, ոչ թե իր զենքի առավելությունը։ Սա մենք պետք է գիտակցենք ու հասկանանք, թե որոնք են մեր մարտահրավերներն արդի պայմաններում, և ինչերից և ումից պետք է ձերբազատվենք։

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache