Մանվելից ավելի վտանգավոր. ինչ դրվեց զոհասեղանին

382

lragir.am — «Չէ որ ցանկացած պետություն քանդելու առաջին քայլը լինում է այդ պետության հերոսներին վարկաբեկելուց, որ խրամատում նստած զինվորը մտածի, որ երկրապահը երկրապահ չէ, գեներալը գեներալ չէ, կաթողիկոսը կաթողիկոս չէ, բա այդ դեպքում ինքը ի՞նչ է պաշտպանում, ո՞ւմ է պաշտպանում», ասում է Արամ Զավենի Սարգսյանը, խոսելով ԵԿՄ մասին, ԵԿՄ նախագահ դառնալու առաջարկի մասին եւ ասելով, թե դեռ չունի որոշում:

Ինչ է մտածում խրամատում նստած զինվորը, անչափ դժվար է ասել, բայց լավ չէ, եթե նա մտածելու է՝ կաթողիկոսը կաթողիկո՞ս է, երկրապահը երկրապա՞հ, հերոսը հերո՞ս, եթե ոչ, ես գնացի տուն, էլ ում պաշտպանեմ:

Խրամատում նստած կամ կանգնած զինվորը պետք է մտածի՝ պետությունը պետություն է, թե ոչ: Իսկ պետությունը հերոսներով, երկրապահներով ու կաթողիկոսներով չէ, որ պետություն է, այլ Սահմանադրությամբ, պետական ինստիտուտներով, օրենքներով, քաղաքացիներով:

Զինվորը պաշտպանում է իր պետությունը, իսկ եթե հարցը որեւէ անձի պաշտպանելն է, ապա դա ոչ թե կաթողիկոսն է կամ հերոսը, այլ մայրը, քույրը: Իսկ զինվորը չի մտածի, որ իր մայրը մայր չէ: Եվ կարեւորը դա է:

Արամ Սարգսյանն ասում է, որ ԵԿՄ-ն այսօր շատ կարեւոր է, որովհետեւ պատերազմի վտանգ կա եւ 70 տարեկան զենք բռնողն էլ կարեւոր է: Անշուշտ կարեւոր է, բայց ի՞նչ կապ ունի այստեղ ԵԿՄ-ն, եթե պետությունն ունի բանակ, ունի զինկոմիսարիատներ: Բոլո՞ր 70 տարեկան զենք բռնողներն են ԵԿՄ-ում, ԵԿՄ-ից դուրս այդպիսիք չկա՞ն: Հնարավո՞ր է պնդել այդպիսի բան, այդ դեպքում էլ ի՞նչ կապ ունի ԵԿՄ լինել-չլինելը պատերազմի վտանգի հետ:

ԵԿՄ լինել-չլինելը դրա անդամների գործն է, իհարկե, բայց հիմնավորումներ փնտրելիս պետք չէ մտնել տիրույթներ, որտեղ պետությունն է: ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է, եւ դրա անդամները թող ձեւակերպեն իրենց կառույցի լինելու իմաստը առանց ամպագոռգոռ անհրաժեշտությունների: Այո, նրանք ունեն պատերազմի վաստակ, ինչպես շատ այլ մարդիկ, որոնք ԵԿՄ-ում չեն, ոչ մի տեղ չեն, ու պակաս կարեւոր չէ նրանց գոյությունը պետության համար:

Կամ, ինչպես մարդիկ, որոնք պատերազմի վաստակ ունեն, բայց այդ վաստակն էլ, հանրային ու պետական ռեսուրսներն էլ մսխել են խաղաղության տարիներին:

Մսխել է նաեւ երկրապահը, որը իբրեւ կառույց միշտ եղել է իշխանության կողքին՝ ընտրություն կեղծող իշխանության կողքին, ընտրություն կեղծելու միջոցով Հայաստանի ռազմա-քաղաքական հաղթանակը մսխող իշխանության կողքին:

Կազմակերպությունն իհարկե չպետք է պատասխան տա Մանվել Գրիգորյանի գողացածի համար: Կազմակերպությունը պետք է պատասխան տա հասարակությունից գողացված ընտրության իրավունքի համար, որովհետեւ մշտապես սատարել է այդ գողության կազմակերպիչներին եւ իրականացնողներին: Թե՞ եղել է դեպք, երբ ԵԿՄ-ն դատապարտել է ընտրակեղծիքը, բայց հանրությունը չի հիշում, մոռացել է: Թե՞ ԵԿՄ-ն համարում է, որ Հայաստանում չի եղել ընտրակեղծիք:

Լավ, չեն տեսել Մանվել Գրիգորյանի գողացած պահածոներն ու այլ պարագաները, մեքենաները, զենքերը եւ այլն: Կեղծվող ընտրությամբ ձեւավորված իշխանությանը սատարելն էլ չէ՞ որ եղել է հրապարակավ, դա էլ հո չէին կարող չտեսնել:

Մինչդեռ դա, այսինքն պատերազմի կամ հաղթանակի «անունից» իշխանությանը սատարելը եղել է ԵԿՄ չհռչակված, բայց բուն առաքելությունը, ստեղծման բուն նպատակը, թեեւ գրված նպատակն իբրեւ թե եղել է կամավորականների հետպատերազմյա աջակցությունը, որը շահարկվեց սակայն ու դրվեց այլ խմբերի իշխանական «զոհասեղանին»:

Ահա այդ հանգամանքն է, որ ԵԿՄ անդամներին հենց իրենց պետք է մղի կազմակերպությունը լուծարելուն, որովհետեւ դա չի եղել իրենց կազմակերպությունը, դա եղել է գործիք իշխանության ձեռքին՝ Մանվել Գրիգորյանն այստեղ կապ չունի, գողացել է նա ինչ որ բան, թե չի գողացել: ԵԿՄ-ն պատերազմից հետո ծառայեցվել է շատ ավելի խորքային ու լայն բացասական նպատակի, այստեղ է խնդիրն ու այստեղ է պատասխանատվությունը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache