Լրահոս

Մարմնավաճառուհին դանակով վնասել է «պռոբլեմատիկ» պարսիկի առնանդամը

 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ավարտվել է Յուսեֆ Ն.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Իրանի 35-ամյա քաղաքացի Յուսեֆը Երևանի Արամի փողոց ում գործող «Մոնոթո» ակումբում ծանոթացել է Զարուհի Շ.-ի հետ (անունը փոխված է), նրան հրավիրել է Երևանի Խորենացի փողոցի շենքերոից մեկում իր վարձակալած բնակարան: 2015 թվականի նոյեմբերի լույս 3-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում բնակարանում «զվարճանքի ընթացքում» Յուսեֆը ցանկացել է համբուրել Զարուհուն, բայց վերջինս մերժել ու ցանկացել է հեռանալ: Յուսեֆը ցանկացել է Զարուհու նկատմամբ կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ նա նախ հարվածել է Զարուհու աջ ականջի շրջանին: Այնուհետև պահանջել է, որ Զարուհին հանի հագուստը, մտնի լոգարան: Այնտեղ ստիպել է, որ կինը կանգնի սառը ցնցուղի տակ,«օճառել է նրա դեմքն ու դրանից հրճվել է», ապա ձեռքից քաշելով Զարուհուն տարել է ննջասենյակ, հանել է նաև իր հագուստներն ու «նստել է Զարուհու մարմնին»: Նա ևս մեկ անգամ հարվածել է կնոջ ականջի շրջանին, պահանջել է, որ նա սեքսուալ գործողություն կատարի: Կինը մերժել է:

Յուսեֆը, ըստ մեղադրանքի, գնացել է հյուրասենյակ, դանակ է վերցրել, նորից վերադարձել է ննջասենյակ, նստել է կնոջ մարմնին, դանակը դրել է նրա պարանոցին ու սպառնալիքներ հնչեցնելով պահանջել է, որ նա սեքսուալ գործողություն կատարի:

Զարուհին իրական համարելով սպառնալիքները, համաձայնել է կատարել Յուսեֆի ցանկությունը: Վերջինս դանակը դրել է մահճակալի մոտ: Զարուհու մոտ ցանկություն է առաջացել դանակով վնասվածք պատճառել տղամարդուն ու փախչել: Որպեսզի Յուսեֆը ոչինչ չկասկածի, նա շոյել ու համբուրել է նրան, ապա արագ վերցրել է դանակն ու վնասել է տղամարդու առնանդամը՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս:

Զարուհին ննջասենյակից փախել է նախասրահ: Յուսեֆը հետապնդել է նրան, կոտրել է դռան ապակին, ցանկացել է Զարուհու ձեռքից խլել դանակը: Քաշքշուկ է առաջացել: Յուսեֆը բռունցքներով հարվածել է Զարուհու կողերին, կծել է նրա նախաբազուկը, հետո նրանք երկուսով ընկել են հատակին ու ապակու կտորտանքից վնասվածքներ են ստացել երկուսն էլ:

Յուսեֆը դանակը խլել է Զարուհուց, նստել է նրա մարմնին, սպառնալիքներ է հնչեցրել, հետո հանգստացել է, թույլատրել է, որ Զարուհին հեռանա՝ խնդրելով նրան, որ կատարվածի մասին ոչ ոքի չհայտնի:

Յուսեֆի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են նաև հոգեմետ նյութ պարունակող  50   հատ դեղահատեր:

Յուսեֆ Ն.-ին մեղադրանք է առաջադրվել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և առանց իրացնելու նպատակի հոգեմետ դեղամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 268 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ «դիսկոներում» ասել են, թե տուժողը մարմնավաճառ է, 50 հազար դրամով նրան բոլորը կարող են վարձել: Ասել են, որ այդ աղջիկն «ուժեղ է» իր արհեստում, նրան շուտ-շուտ են վերցնում ու տանում: Ինքը նրան տարել է իր վարձած բնակարան: Գիշերը զվարճացել են:

Ամբաստանյալը նշել է, որ տուժողը ստել է, թե ինքը օճառ է քսել նրա դեմքին, սառը ցնցուղի տակ է կանգնեցրել, ծաղրել է: Ինքը նաև դանակով չի սպառնացել: Տուժողն իրեն դանակով հարվածել է այն բանի համար, որ իրենց միջև գումարի հետ կապված խնդիր է առաջացել: Ինքը վճարել է 50 հազար դրամ, բայց տուժողն ասել է, թե ևս 50 հազար դրամ պիտի վճարի, որովհետև երկար է մնացել: Երբ ինքը չի համաձայնել, նա դանակով հարվածել է իրեն:

Ըստ ամբաստանյալի՝ ինքը նախապես այդ կնոջ հետ գումարի վերաբերյալ չի պայմանավորվել: Երբ ոստիկանները եկել են, ինքը շատ վատ վիճակում է եղել, չի կարողացել բացատրել, թե ինչ է կատարվել իրականում:

Ամբաստանյալը նաև ասել է, թե հիվանդ է, բժիշկները չեն հասկանում, թե ինչ հիվանդություն ունի: Պարսկաստանից իրեն դեղեր են ուղարկել, որոնք խմելով՝ ինքը կամաց-կամաց լավանում է:

Ամբաստանյալը նշել է, թե մարմնավաճառն իր «գլխին սարքում է»: Ինքը դեպքից հետո գտնվել է «արյունահեղ վիճակում», ի վիճակի չէր տուժողից պահանջել, որ նա ոչ ոքի չասի: Ինքը նրան իր վարձած բնակարան բերել է որպես մարմնավաճառի: Մինչև դեպքը ևս երկու անգամ նրան տարել էր իր տուն, սեռական հարաբերություն էր ունեցել հետը…

Դեպքի օրը սկզբում ինքն ու տուժողը լավ ժամանակ են անցկացրել: Դանակը եղել է տուժողի մոտ, դա նրա դանակն էր: Երբ գումարային հարցերով համաձայնության չեն եկել, տուժողը միանգամից տեղից վեր է կացել ու վնասել է իր առնանդամը…

Տուժող Զարուհին հայտնել է, որ ամբաստանյալին ճանաչել է հոկտեմբերից: Հանդիպել է «դիսկոտեկայում»: Նա մոտեցել, խնդրել է իր հեռախոսի համարը: Մի քանի օր հետո նա զանգել ու ցանկացել է, որ հանդիպեն: Հանդիպել են նոյեմբերի 2-ին: Ինքը նրա վարձած բնակարան է գնացել ժամը 23-ի սահմաններում:

Ամբաստանյալն իրեն դիմավորել է, տանը խմիչք է հյուրասիրել: Գիշերվա ժամը 3-ի սահմաններում ինքը ցանկացել է տուն գնալ: Ամբաստանյալն իրեն չի թողել, հարվածել է իր ականջին, իր ձեռքից վերցրել է հեռախոսը: Դուռը փակ էր: Ամբաստանյալը բռնել է իր ձեռքից, ասել է, թե բոլորը փնթի են, իրեն տարել է լվացարանի մոտ, օճառել է իր դեմքը, ջուրն անջատել ու ծիծաղել է իր վրա:

Ինքը  ծորակը բացել  ու լվացվել է: Նա ստիպողաբար հանել է իր շորերը, տարել է ննջասենյակ: Պահանջել է, որ ինքը սեքսուալ գործողություն կատարի: Ինքն ասել է, որ նման բան չի անում:

Նա գնացել է հյուրասենյակ, դանակ է բերել, դանակը դրել է իր վզին ու ստիպել է իր ուզածն անել: Ինքը վախեցել է, նրան ասել է՝ դանակը մի կողմ դիր, ամեն բան կանեմ: Նա դանակը մահճակալի կողքն է դրել:  Ինքը բռնել է նրա առնանդամն ու դանակով վնասել է: Դանակը ձեռքին դուրս է եկել ննջասենյակից, չի մտածել, որ նա իր հետևից կգա: Նա բղավում էր: Նա կոտրել է դռան ապակին, հարվածներ է հասցրել իրեն, գցել է հատակին, նորից նստել է իր վրա:

Առատ արյուն էր հոսում: Ինքը մտել է լոգասենյակ, արյունը լվացել է: Նրա ուզած սեքսուալ գործողությունն ինքը  չի կատարել: Հետագայում իմացել է, որ ամբաստանյալը «պռոբլեմատիկ անձնավորություն» է:

Տուժողը նշել է, թե ամբաստանյալի բնակարան էր գնացել «զուտ ընկերական»: Հաջորդ օրն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն…

Դատարանը Յուսեֆ Ն.-ին մեղավոր է ճանաչել միայն ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է 1 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը հաշվել է 2015 թվականի նոյեմբերի 9-ից:

Բռնի սեքսուալ գործողություններ կատարելու մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, դատարանն արդարացրել է ամբաստանյալին՝ հանցադեպի բացակայության հիմքով:

Յուսեֆի խափանման միջոց կալանավորումը վերացվել է, նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը որոշել է քրեական գործն ուղարկել դատախազին՝ Յուսեֆի ու Զարուհու՝ առողջության թեթև վնաս ստանալու դեպքով քրեական հետապնդում իրականացնելու հարցը լուծելու համար:

 



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing