«Մարտի 1-ը բացահայտված է, բայց իշխանությունը պաշտոնապես չի հայտարարում այդ մասին»

5

«Իշխանությունը ո՞նց կարող է բացահայտել Մարտի 1-ի գործը, երբ ինքն է եղել դրա հեղինակը», մեզ հետ զրույցում ասել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետևանքով զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

Նրա խոսքով՝ այդ գործն, իրականում, բացահայտված է, բայց իշխանությունը պաշտոնապես չի հայտարարում այդ մասին, որովհետև իշխանությունը նստած է այդ ճյուղի վրա, որը երբեք չի կտրի։Ինչ վերաբերում է զոհերի հարազատներին արժանի փոխհատուցում տալու խնդրին, Սարգիս Քլոյանն ասել է, որ դրանք միայն խոսքեր են, իրականում իշխանությունը ոչինչ չի ուզում անել որևէ ուղղությամբ. «Դեռ Մարտի 1-ի վերաբերյալ ԱԺ հայտարարության հարցը պետք է մտնի լիագումար նիստ, ու ոչ ոք չգիտի, թե ինչ կասի լիագումար նիստը, ոչ ես կարող եմ ասել, ոչ դուք, ոչ էլ «Ելք» դաշինքը»։

Դիտարկմանը, որ միայն «Ելք» դաշինքն է միանշանակ կողմ այս նախագծին, մինչդեռ մյուս ընդդիմադիր ուժը՝ «Ծառուկյան» դաշինքը, ասում է, որ դեռ պետք է քննարկեն, հանձնաժողովում էլ ձեռնպահ քվեարկեցին, Քլոյանն արձագանքել է. «Ես չեմ ուզում որևէ բան ասել Գագիկ Ծառուկյանի կուսակցությանը։ Ժամանակը ցույց կտա, եկեք ժամանակից առաջ չընկնենք, գուցե մինչ այդ փոշմանեն ու որոշեն մի բան անել։ Ճիշտ չէ հիմիկվանից ասել, թե դեմ են լինելու»։Քլոյանն անդրադարձել է նաև ԱԺ լսումների ժամանակ ՀՀԿ որոշ ներկայացուցիչների ելույթներին, նշելով, որ, օրինակ, Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի ելույթում կային կոնկրետ շեշտադրումներ, մեղադրանք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

«Այն ժամանակվա և հիմիկվա նրա մոտեցումների միջև տարբերությունը շատ մեծ էր։ Երևի արդեն զղջում են իրենց արարքների համար։ Մարգարիտ Եսայանի ու Սամվել Ֆարմանյանի ելույթներն էլ լավն էին, գեղեցիկ խոսքեր ասացին, բայց նրանց ձեռքին ի՞նչ կա։ Նրանց քաղաքական պապան ոնց հրամայի, այնպես էլ անելու են։ Իրենք գուցե շատ մեծ ցանկություն ունեն, ուզում են մի բան անել, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կասի իրենց նախագահը», ասել է Սարգիս Քլոյանը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache