Մարտի 1-ի բացահայտման առաջին շահագրգիռ անձը հենց Ռոբերտ Քոչարյանն է. Վիկտոր Սողոմոնյան

97

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի պատասխանը՝ yerevan.today-ի հարցին:

— Պարոն Սողոմոնյան, վերջին օրերին շատ է քննարկվում Մարտի 1-ի գործի քննության ակտիվացման և այդ համատեքստում` նախագահ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու թեման: Նախօրեին «Ժամանակ» թերթում և 1in.am կայքում հայտնված հոդվածն էլ Գրիգոր Գրիգորյանի` իբրև թե տված ցուցմունքների մասին ավելի աշխուժացրեց թեման: Հոդվածը հերքվեց թե ՀՔԾ-ի, թե Ձեր կողմից, սակայն, այնուամենայնիվ, Ինչպե՞ս եք վերաբերում այս ամենին:

— Նախ հիշեցնեմ. երեկ առավոտյան ինձ զանգահարեց պարոն Գրիգոր Գրիգորյանը և իր վրդովմունքը հայտնեց նշված հոդվածի կապակցությամբ: Ինչպես արդեն պատմել եմ, նա տեղեկացրեց ինձ, որ որևէ հարցաքննության չի ենթարկվել և այդ թեմային առնչվող հայտարարություններ չի արել, առավել ևս` նման մտացածին ու կեղծ բովանդակությամբ հայտարարություն, որ վերագրվել է իրեն: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում նա չէր կարող պատմել իր և նախագահ Քոչարյանի հեռախոսազրույցի մասին, քանի որ երբևէ նման զրույց չի ունեցել: Հետո, ինչպես գիտեք, լուրը հերքեց նաև ՀՔԾ-ն:

Փաստենք. գործ ունենք նշված կայքի և Ժամանակ օրաթերթի կողմից նախագահ Քոչարյանին ուղղված հերթական կեղտոտ հերյուրանքի հետ: Պարզից էլ պարզ է, որ այդ նույնական լրատվամիջոցների կողմից փորձ է արվում նախագահ Քոչարյանին արհեստականորեն ներքաշել ասյպես ասենք, ամեն ինչի համար մեղավորների շրջանակի մեջ:

Բնականաբար, մենք դիմելու ենք դատարան և պահանջելու ենք այդ լրատվամիջոցներից հերթական անգամ ներողություն խնդրել նախագահ Քոչարյանից` իրեն զրպարտելու փորձի համար:Հիմա ինչ վերաբերվում է վերջին օրերին քննարկվող` նախագահ Քոչարյանի հարցաքքննվելու մասին խոսակցություններին և Մարտի 1-ի գործի քննության ակտիվացմանն ընդհանրապես: Մարտի 1-ի գործը առավելապես հետաքննվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնաթողությունից հետո:

Մենք տեղեկացել ենք գործի քննության մասին ճիշտ այնքան, որքան դրան անդրադարձել է մամուլը:Այսինքն` օգտվել ենք բացառապես հրապարակային աղբյուրներից և, բնականաբար, գործի ու քննության ընթացքի վրա որևէ ազդեցություն չենք ունեցել: Միևնույն ժամանակ, մենք հիմքեր չունենք կասկածելու, թե գործը հավուր պատշաճի չի քննվել: Սակայն, եթե հասարակության մեջ բաց հարցեր են մնում Մարտի 1-ի գործի կապակցությամբ, ապա այդ հարցերի անհերքելի պատասխանները գտնելու առաջին շահագրգիռ անձը հենց Ռոբերտ Քոչարյանն է:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache