Մարտի 1-ի բացահայտումը՝ կրիտիկական կետում․ Ռոբերտ Քոչարյանի խուճապը

94

1in.am — Այսօր սկանդալային գաղտնալսման հետ կապված մեծածավալ հայտարարություն են տարածել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։ «Պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է ոչ օրինական քրեական հետապնդում, իսկ նրա կալանավորման գործընթացները տեղի են ունեցել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի աննախադեպ խախտումներով: Հաստատվել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ամենահոռետեսական մտավախությունները՝ կապված սույն գործի ընթացքը ուղղորդված լինելու և դրա ելքն ի սկզբանե կանխորոշված լինելու վերաբերյալ»,- այսպիսի եզրակացության են եկել պաշտպանները: Ուշագրավ է, որ գաղտնալսման բովանդակությանը, առանձին-առանձին, անդրադարձել են Ռոբերտ Քոչարյանը, նրա գրասենյակը, այսօր էլ՝ պաշտպանները։ Իշխանություններն ու հասարակությունը կասկածում են, որ այս գաղտնալսումը կազմակերպել է հենց Քոչարյանի թիմը, իսկ վերջինս՝ օգտվելով ՀՔԾ-ի ու ԱԱԾ-ի թափթփվածությունից ու անպատասխանատու վարքագծից, փորձում է կասկածի տակ դնել քննության օրինականությունը։ Քոչարյանի պաշտպաններն այսօր հայտարարել են, որ սկանդալային ձայնագրությունից հետո չեն վստահում ՀՔԾ անկողմնակալությանը՝ պահանջելով, որ Մարտի 1-ի գործը հանվի նրա վարույթից։

Բացարձակապես նպատակ չունենալով արդարացնել ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսային զրույցի բովանդակությունը՝ այնուամենայնիվ, նկատենք, որ պաշտպանական կողմի մարտավարության կոշտացումը պայմանավորված է ոչ միայն այդ փաստով, այլ նաև այն հանգամանքով, որ Մարտի 1-ի բացահայտումը մոտեցել է կրիտիկական կետի։ Այլ խոսքով՝ գործ ունենք ոչ այնքան Քոչարյանի թիմի ինքնավստահության, որքան՝ խուճապի հետ։

Առաջիկա շաբաթներին տեղի են ունենալու առնվազն չորս իրադարձություններ, որոնք ավելի են սեղմելու օղակը Քոչարյանի շուրջ։

Արդեն սեպտեմբերի 20-ին սպասվում է Մարտի 1-ի գործով առաջին վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Իհարկե, այս վճիռը չի անդրադառնում տաս սպանությունների բացահայտման հանգամանքներին։ Մարտի 1-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանը բողոքարկել է իր նկատմամբ տեղ գտած ապօրինությունները, սակայն ակնհայտ է, որ ՄԻԵԴ-ի վճիռը նախադեպային է լինելու, ըստ էության՝ գնահատական է տալու Հայաստանի արդարադատությանը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում։ ՄԻԵԴ վճիռը գրեթե կանխատեսելի է ու հրապարակ է բերելու շատ բնական հարցադրում՝ ինչո՞ւ են Քոչարյանի ու Սարգսյանի կառավարման շրջանում շինծու գործեր հարուցվել, ապօրինի դատավճիռներ կայացվել, եթե քրեաօլիգարխիայի ղեկավար զույգը մեղսակից չէ հանցագործության կազմակերպմանը։ Քննությունը սխալ ընթացքի մեջ դնելն արդեն իսկ հուշում է, որ Քոչարյան-Սարգսյան տանդեմը ու նրանց կամակատարները նպատակ են ունեցել պարտակել Մարտի 1-ի բացահայտումը՝ պատասխանատվությունից խուսափելու նպատակով։ ՄԻԵԴ վճռից հետո առաջանալու է կոնկրետ պաշտոնյաների, քննիչների, դատավորների, առաջին հերթին՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի իրավական պատասխանատվության հարց ու այս առումով կանխատեսելի է, որ Մարտի 1-ի գործը կունենա նոր դրվագներ։

Երկրորդ առանցքային դրվագը Մարտի 1-ի զոհերից մեկի՝ զինվոր Տիգրան Աբգարյանի սպանությունն է․ նախաքննության մարմինը տվյալներ ունի, որ նրան սպանել են հատուկջոկատայինները, ինչն ավելի է բարդացնելու գործով անցնող մեղադրյալների, առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանի վիճակը։ Ավելին՝ Աբգարյանը սպանվել է, որպեսզի արդարացվի արտակարգ դրություն մտցնելու մասին Քոչարյանի ապօրինի հրամանագիրը, ըստ այդմ՝ զինվորի սպանությունը Քոչարյանի անուղղակի հրամանի հետևանք է։

Մյուս հանգամանքը կապված է նրա հետ, որ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործի քննությունը հասցրել է, այսպես կոչված, օլիգարխիայի մասնակցության շերտին, ինչը ենթադրում է, որ առաջիկայում լինելու են աղմկոտ ձերբակալություններ ու անկասկած՝ նոր մեղադրյալներից շատերը ցուցմունք են տալու Ռոբերտ Քոչարյանի դեմ, մանավանդ՝ արդեն իսկ դա անում են այսօր՝ հրապարակային հայտարարությունների մակարդակում։

Եվ վերջապես՝ առաջիկայում Վճռաբեկ դատարանը քննարկելու է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը ու շատ մեծ է հավանականությունը, որ մինչ այդ երկրորդ նախագահի մեղադրանքն ավելի խստացված կլինի, ինչը գրեթե անխուսափելի է դարձնում նրա կալանավորումը։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache