Մարտի 1-ի գործով ակտիվ քննություն է գնում. սպանվածների հարազատները, իրավահաջորդները հարցաքննվել են

138

Բազմաթիվ քաղաքացիներ այս օրերին արձագանքելով Հատուկ քննչական ծառայության կոչին, այցերով և զանգահարելով պատրաստակամություն են հայտնել աջակցել Մարտի 1-ի գործի քննությանը։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ին հաղորդեցին ՀՔԾ լրատվականից։ Իսկ թե եղել են կոնկրետ անձինք, ովքեր կոնկրետ ցուցմունք են տվել, փաստեր ներկայացրել, որը էական նշանակություն է ունեցել գործի բացահայտման համար, ՀՔԾ-ից մեզ չհաղորդեցին՝ պատճառաբանելով, որ դա նախաքննական գաղտնիք է։

Ինչ վրաբերում է բուն Մարտի 1-ի գործի քննությանը, ապա ՀՔԾ խոսնակն ասաց, որ գործի բացահայտման ուղղությամբ շատ ակտիվ աշխատանքներ են տարվում։

Հիշեցնենք, որ ՀՔԾ նոր պետ Սասուն Խաչատրյանի նշանակումից հետո ծառայությունը հայտարարություն տարածեց, թե կարևորելով հանրության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների, այդ թվում՝ 10 անձանց սպանությունների ամբողջական բացահայտման գործում, խնդրում է ՀՀ քաղաքացիներին նշված դեպքերի վերաբերյալ որևէ արժեքավոր տեղեկատվություն, այդ թվում` տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր ունենալու դեպքում դիմել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն։ Միաժամանակ հայտնել էին, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածով սահմանված կարգով պաշտպանության միջոցներ կկիրառվեն բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր վերը նշված դեպքերի կապակցությամբ կարող են հայտնել հանցագործությունները բացահայտելու և դրանք կատարողներին հայտնաբերելու վերաբերյալ նշանակություն ունեցող տվյալներ: Մասնավորապես, միջոցներ կձեռնարկվեն քրեական դատավարությանը մասնակցող անձանց ինքնությունը հաստատող տվյալների պաշտպանության, նրանց վերաբերյալ տեղեկությունների սահմանափակման, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ համագործակցության միջոցով վերջիններիս անվտանգության ապահովման ուղղությամբ:

Նշենք, որ Մարտի 1-ի գործի բացահայտման վերաբերյալ հստակ հանձնարարականներ էր տվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ՀՔԾ-ում ներկայացնում էր նորանշանակ պետին։

Մարտի 1-ի զոհերի հարազատները ևս փաստեցին, որ գործի բացահայտման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում։

«Օրերս ՀՔԾ քննիչները մեր տուն էին եկել հարցաքննության։ Ես, որպես Մարտի 1-ի ականատես և մասնակից, ամեն ինչ ասել եմ, պատմել եմ, ինչ ունեի, ցույց եմ տվել»,- ասաց Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը՝ հավելելով, որ այս գործընթացից հետո իրենք լիահույս են, վստահ են, որ այս ակտիվացումը պետք է ի վերջո հանգեցնի բացահայտման։ «Շատ լիահուս ենք, վստահ ենք, հավատում ենք, որ սա վերջն է ու ի վերջո այս տարիների մեր տանջանքը, պայքարը, ի վերջո, արդյունք կունենա, և մենք ականատես կլինենք Մարտի 1-ի բացահայտմանը և մեղավորների պատասխանատվությանը»,- ասաց Քլոյանը։

Մեր դիտարկմանը, թե բացահայտման շղթան ուր պետք է հասնի, ում կընդգրկի, ում է ակնկալում տեսնել մեղադրյալի աթոռին, պարոն Քլոյանը պատասխանեց. «Ձգանը քաշողից մինչև Գերագույն գլխավոր հրամանատար»։

Սարգիս Քլոյանը նշեց, որ իրենք պատրաստ են ամեն ինչով աջակցել քննությանը, բայց ՀՔԾ լրացուցիչ հարցաքննության կներկայանան միայն իրենց փաստաբանի՝ Վահե Գրիգորյանի հետ։ Քլոյանը նաև նշեց, որ ՀՔԾ-ից այցելել են բոլոր իրավահաջորդների բնակարաններ, զրուցել նրանց հետ, հարցաքննել, փաստեր հավաքել։ «Կրկնում եմ, մեզ շատ է ոգևորում այն փաստը, որ ի վերջո, 10 տարի անց, սառույցը տեղից շարժվեց և գործի իրական բացահայտման համար նախադրյալներ ստեղծվեցին ու հիմա էլ կան դրանք»,- եզրափակեց Սարգիս Քլոյանը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache