Մարտի 1-ի գործով սպասվում է բազմաթիվ պաշտոնյաների հարցաքննություն. ՀՔԾ

142

aysor.am — Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի գործով նախաքննությունն ակտիվ փուլ է մտել։

«Այդ գործով այժմ ակտիվ նախաքննություն է իրականացվում և նախատեսվում է, որ նշված քրեական գործի շրջանակներում կհարցաքննվեն բազմաթիվ պաշտոնատար անձինք», — Aysor.am-ին տեղեկացրեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից։

Մեր հարցին՝ այդ թվում նաև նախկի՞ն պաշտոնատար անձինք, ՀՔԾ լրատվական ծառայությունից դժվարացան հստակեցնել։

Նկատենք, որ այսօր ավելի վաղ «Հայկական ժամանակ» օրաթերթը, հղում անելով լավատեղյակ աղբյուներին, գրել էր, որ Մարտի 1-ի գործի նախաքննության շրջանակներում նախատեսվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը։

2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ տասը մարդ է զոհվել՝ 2 ոստիկան և 8 քաղաքացիական անձ, և երկու հարյուր մարդ էլ տարբեր տեսակի վնասվածքներ են ստացել բախումների հետևանքով։ Այդ իրադարձություններից 10 տարի անց, սակայն, տասը անձի մահվան համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել և չի դատապարտվել: Զոհված 8 քաղաքացիական անձից 7-ը մահացել է հրազենի վիրավորման հետևանքով, ընդ որում` 3 անձ զոհվել է «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցներից վիրավորվելու հետևանքով, որն օգտագործվել էր իրավապահ մարմինների կողմից:

Մարտի 1-ի քրեական գործի ու դրա նախաքննության մասին օրերս Ազգային ժողովում հարց ուղղվեց ՀՀ Գլխավոր դատախազին, որը հայտարարեց, թե այդ գործի շրջանակներում ակտիվորեն փորձ է արվում օգտագործել տեխնիկական նոր հնարավորություններ։

«Վստահեցնում եմ, որ այդ գործի մեջ կա բավականին կարևոր ապացուցման առարկայի մի հատված, որը մեծապես պայմանավորված է նոր տեխնիկական ձեռքբերումներով: Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ կատարվում են», — նշել էր դատախազը։

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache