Լրահոս

Մարտի են ելել ռուսահայերը․ Հայաստանը՝ առուծախի առարկա

 

Այսօր լրագրողներ հետ զրույցի ժամանակ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը բավականին ուշագրավ է միտք է արտահայտել` անդրադառնալով 2018-ի իշխանության խնդրին: Նա ասել է, որ դա Հայաստանի ժողովրդի որոշելիքն է, իրենք օտար երկրի քաղաքացիներ են և Մոսկվայից թելադրելու իրավունք չունեն: Աբրահամյանը միանգամայն տրամաբանական միտք է արտահայտել, այլ խնդիր է, որ նրա կարծիքը բացարձակապես չի համապատասխանում այն արժեհամակարգին, որի կրողն է ռուսաստանահայ այս գործարարը:

Բոլորս ենք հիշում, որ երկու տարի առաջ` խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, նա նույնիսկ Հայաստանում կուսակցություն հիմնելու փորձ արեց` իր քաղաքական հայտը մատուցելով մոտավորապես «Պուտինն ամեն ինչում ճիշտ է» կարգախոսով: Հետո, իհարկե, Արա Աբրահամյանը «հիվանդացավ», երբ Մոսկվայում Հայաստանի էմիսարության գործը գլուխ բերեց մեկ այլ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը` Հայաստանում «ներդնելով» իր վարչապետ Կարեն Կարապետյանին:

Հիմա, երբ Արա Աբրահամյանը խոսում է այն մասին, որ Ռուսաստանի հայերը Հայաստանի իշխանության ձևավորմանը միջամտելու իրավունք չունեն` իրականում հենց դրանով միջամտում է մեր երկրի քաղաքական կյանքին, որովհետև հասկացնում է, որ «Տաշիր գրուպի» Սամվել Կարապետյանն այն մարդը չէ, որը Հայաստանում իշխանության հարց լուծի: Աբրահամյանը հայտարարությունը անում է մեկ այլ ուշագրավ տեղեկատվության ֆոնին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար Արա Վարդանյանը հայտարարել է, որ առաջիկա հեռուսամարաթոնի ժամանակ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը մեծ անակնկալ է խոստացել՝ չմանրամասնելով, թե խոսքն ինչ անակնկալի կամ ինչ գումարի մասին է: Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը 2018-ին ընդառաջ փորձում է, բառի ուղիղ իմաստով, գնել Հայաստանի իշխանությունը: Դրան անուղղակի հակադարձում է Արա Աբրահամյանը` հասկացնելով, որ Կարապետյանը դրա իրավունքը չունի, ակնարկելով նաև, որ ինքը շարունակում է մնալ խաղի մեջ: Արա Աբրահամյան-Սամվել Կարապետյան հակամարտությունը նոր չէ, սակայն այն ավելի է սրվում 2018-ի իշխանության համատեքստում:

Երկուսն էլ ցանկություն ունեն վճռորոշ դեր ունենալ Հայաստանի նոր իշխանության ձևավորման գործընթացում: Ընդ որում` գործարարներից յուրաքանչյուրը ստեղծել է իր ազդեցության հարթակը: Ոչ Ներդրողների ակումբը, ոչ էլ` Եվրասիական համաժողովն ընդհանուր ոչինչ չունեն Հայաստանի շահերի հետ:

Պատկերավոր ասած` դրանք մեզ համար օտար խաղեր են, որոնք ռուսաստանահայ գործարարների կողմից օգտագործվում են` Ռուսաստանի իշխանության կաբինետներում Հայաստանի «կուռատորության» հարցն իրենց օգտին լուծելու, նաև Հայաստանում իրենց ազդեցությունը ֆորմալացնելու համար: Արա Աբրահամյանի և Սամվել Կարապետյանի արժեհամակարգերում, Հայաստանի վերաբերյալ պատկերացումներում էական, որակական որևէ տարբերություն չկա:

Նրանց համար Հայաստանը գործիք է, որի շնորհիվ իմաստավորում են իրենց կարգավիճակը մոսկովյան որոշակի կաբինետներում, ու նաև` կայսրության գուբերնիա կամ գաղութ է, որի «սեփականության» իրավունքը ցանկանում են ստանալ ռուսական ցարից: Հենց դա է Հայաստանի այսօրվա վիճակի ողբերգությունը, երբ ռուսաստանահայ երկու օլիգարխ փորձում են գնել երկրի իշխանությունն` իրենց փողերով, երևանյան գաստրոլներով և ռուսական արքունիքի առաջ ծնկի գալով:

 

1in.am


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing