Լրահոս

Մարզպետը հեռանալուց առաջ կադրային ջարդ է անում

 

Ապրիլի 2-ի ընտրություններից հետո Գեղարքունիքի մարզում լարված իրավիճակ է՝ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ով ընտրություններին ստացել է 14 հազար 432 քվե, չի բացառվում, որ գնա ԱԺ: Իսկ մինչ այդ նա սկսել է մարդկանց ազատել աշխատանքից՝ առանց ազատման դիմումների: Մեր աղբյուրը հայտնեց, որ Ռաֆիկ Գրիգորյանն ամիսներ առաջ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող աշխատողներից ազատման դիմումներ է վերցրել՝ առանց ամսաթվերի, եւ հիմա դրանց հիման վրա նրանց ազատում է աշխատանքից:

Մեկ շաբաթ առաջ մարզպետը նույն եղանակով ազատել է Սեւանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ Լեւոն Պողոսյանին: Նա մեր զանգերին չպատասխանեց, իսկ մարզպետը պատճառաբանեց, որ պատժել է՝ ազատելով աշխատանքից, քանի որ մամուլում հրապարակում կար սոցիալական ծառայության բաժնի հետ կապված: Իսկ երեկ աշխատանքից ազատվել է նաեւ Մարտունու սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ Աշոտ Կարապետյանը՝ կրկին առանց դիմում գրելու:

– Պարոն Կարապետյան, ինչո՞ւ է մարզպետը Ձեզ աշխատանքից ազատել: – Ինչի՞ համար է դա Ձեզ պետք, նույն կարգով, ոնց որ գիտեք, թե ինչու է Սեւանի ծառայության պետին ազատել: Դուք մեր երկրի դրվածքը չգիտե՞ք, իմ վրա մամուլում ոչ մի հոդված էլ չկա, կամ հոդվածը հիմք չէր, որ Սեւանի սոցիալական ծառայության պետին ազատեր:

– Ազատման դիմում գրե՞լ եք: – 8 ամիս առաջ: Էս թեման բերեք փակենք, ինձ ոչինչ պետք չէ: Դուք ամեն ինչ էլ լավ գիտեք, ուզում եք հոդված գրել, բայց դրանով բան չի փոխվի: Էսօր ամբողջ հանրապետությունում էլ գիտեն, որ բեսպրեդելը մեր մարզում շարունակվում է ու ավելի վատ, ինչի՞ մասին է խոսքը։ Խնդրում եմ, ոչինչ էլ մի գրեք, ինձ էլ ոչինչ չի հետաքրքրում: Տեսնո՞ւմ եք, թե ինչ են անում անօրինական ձեւով: Եթե բարձր պաշտոն ունեն, ուրեմն կարելի է ամեն ինչ անե՞լ:

– Ո՞ւմ են նշանակել Ձեր փոխարեն: – Դեռ չեն նշանակել, այ ցավդ տանեմ, թեկնածու իրենք կգտնեն: Էն որ ես հին հանրապետական եմ, առաջիններից եմ եղել, դեռ նրանք հանրապետական չէին, էդպես են գտնում, էդպես են անում: Մնացած հարցերը մարզպետին տվեք: Մենք տեղեկացանք, որ Սեւանի աջակցության տարածքային գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել ՀՅԴ-ական Արտակ Վարդանյանին, ով անցած տարի Սեւանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն էր դրել: Դեռ այն ժամանակ ասում էին, որ համաձայնություն է ձեռք բերվել, որ Վարդանյանը հանի թեկնածությունը, իսկ ընտրություններից հետո, երբ հաղթի ՀՀԿ-ի թեկնածու, մարզպետի հովանավորյալ Սարգիս Մուրադյանը, նա պաշտոն կստանա Սեւանի քաղաքապետարանում:

Քաղաքապետի ընտրություններից հետո Արտակ Վարդանյանը Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոն ստացավ, իսկ խորհրդարանական ընտրություններից հետո սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի ԺՊ նշանակվեց: Մենք մի քանի հարց տվեցինք նրան – Պարոն Վարդանյան, պայքարելո՞ւ եք բաժնի պետի պաշտոնի համար՝ մասնակցելո՞ւ եք մրցույթին: – Ես ունեմ երկար տարիների սոցիալական աշխատողի աշխատանքային փորձ, բերեք ժամանակից առաջ չընկնենք, երբ որ մրցույթը հայտարարեն, այն ժամանակ արդեն պարզ կլինի: – Քաղաքապետարանում աշխատանքի անցնելու համար Դուք մեկ տարի առաջ հանեցիք Ձեր թեկնածությունը, այս անգամ ի՞նչ անձնազոհության եք գնացել: – Ի՞նչ անձնազոհության մասին է խոսքը, որեւէ պայմանավորվածություն չի եղել, դա մարզպետի որոշումն է եղել:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara