Մասսայական գնդակահարություն. Անսպասելի խոստովանություն

292

lragir.am — «Ուրեմն, եթե Հովիկ Աբրահմյանը Մարտի 1-ի հետ կապ ունի, ոնց որ ասել էի՝ Ծառուկյանին թող գնդակահարեն հրապարակում, նենց էլ Հովիկ Աբրահամյանը պատրաստ ա, որ հրապարակում իրեն գնդակահարեն», երեկ լրագրողների հարցին ի պատասխան ասել է Գագիկ Ծառուկյանը:

Նրան կողքից հուշել են, որ քրեական օրենսգրքում նման հոդված չկա, ինչին ի պատասխան էլ Ծառուկյանն ասել է, որ իրենք օրենսգրքում կավելացնեն նման հոդված:

Հիշեցնենք, որ Ծառուկյանի անունը կար թիկնազորի հայտնի ցուցակում, իսկ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքից գտել են զենքի ահռելի արսենալ, իրավապահները կասկածում են, որ այդ զենքը կարող է օգտագործված լինել մարտի 1-ին:

10 տարի առաջ մարտի 1-ին Երեւանում «մասսայական գնդակահարվել» են ցուցարարներ ու երկու ոստիկան, եւ մինչեւ հիմա պարզ չէ՝ ով է հրաման տվել եւ ովքեր են կրակել: Այն ժամանակվա քաղաքական ու ռազմական բարձրագույն ղեկավարությունը հայտարարում է, որ ոչ մի բանից տեղյակ չէ:

Օրինակ, Քոչարյանը հայտարարում է, թե խաբար չուներ՝ զորքն ու ոստիկանությունն ինչ են արել, ինչ հրամաններ են եղել, մյուսներն էլ նույն բանն են կրկնում: Ռուսաստանն իր հերթին «փակել է» այն ժամանակվա պաշտպանության նախարարին եւ մերժել է արտահանձնումը: Փաստացի նույնն է նաեւ Խաչատուրովի պարագայում, ով այն ժամանակ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն էր:

Եվ այսպես իրեն պահում է մի նախկին իշխանություն, որն իրեն հռչակել էր միակ տղամարդ ու որը պարծենում էր, որ Հայաստանում ստեղծել է կազմակերպված պետություն, ուր անգամ օձն իր պորտով ու հավքն իր թեւով չէր կարող սողոսկել առանց իր գիտության ու թույլտվության:

Մյուս կողմից, այս «սուխոյ ատկազը» ունի իր հակառակ կողմը: Եթե իշխանությունը ոչ մի բանից տեղյակ չի եղել, դա նշանակում է, որ իշխանություն որպես այդպիսին չի եղել: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ եղել է մի խումբ, որը յուրացրել է իշխանությունը եւ պետական լծակներն օգտագործել իր անձնական կարիքների համար, չկրելով որեւէ պատասխանատվություն: Միայն այդ դեպքում է հնարավոր, որ այդ խումբը տեղյակ չի եղել, թե երկրում ինչ է կատարվում: Իսկ իշխանության յուրացումը ծանր հանցագործություն է, եւ հենց այդ մեղադրանքն էլ առաջադրված է նախկին պաշտոնյաներին:

Այսինքն, հերքելով իրենց որեւէ առնչությունը եւ պատասխանատվությունը մարտի 1-ի իրադարձություններին, նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի խոստովանում են, որ յուրացրել են իշխանությունը:

Այս առումով, ստեղծված իրավիճակից իսկապես կարող է ելք լինել անցումային արդարադատությունը եւ իրավա-քաղաքական ամբողջական գնահատականը նախկին վարչակարգին:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache