Մայիսին արդեն ամեն ինչ կախված կլինի թելից. դրան են սպասում

98

1in.am — Խորհրդարանի արտահերթ ընտրությունը մեկ տարի անց կազմակերպելու մասին հայտարարող խորհրդարանական ուժերը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, փորձում են այդ հանգամանքը հիմնավորել նրանով, որ մայիսը նպաստավոր է ժամանակային առումով, ընտրության գործընթացին պատրաստվելու առումով: Այդ տեսանկյունից հաճախ է խոսվում, որ դեմ չեն արտահերթին, դեմ են հապճեպ արտահերթին:

Թվում է, որ բավական ռացիոնալ դիտարկում է: Սակայն դա միայն թվում է, որովհետև դեկտեմբերին անպատրաստ ուժը պատրաստ չի լինելու նաև մայիսին, և մի քանի ամիսը, ըստ էության, չի փոխելու ոչինչ թե՛ այսպես ասած՝ քաղաքական ուժերի պատրաստ լինելու, թե՛ նաև մրցակցության կամ քաղաքական դաշտի կայացվածության և այլնի առումով: Իրականում անտրամաբանական են անգամ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ շահարկումները՝ նկատի ունենալով այն, որ ներկայիս օրենսգիրքը այդ ուժերն, ըստ էության, հենց իրենց համար էլ պատրաստել են, հետևաբար իրենք կոմֆորտ պետք է զգան դրա մեջ, ոչ թե փոխելով:

Այդ խոսակցությունները ընդամենը ժամանակ շահելու միջոց են, որտեղ հույսը մի կողմից Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հավանական նվազումն է, երբ հնարավոր կլինի տեղեկատվա-քարոզչական միջոցներով հնարավորինս անվստահություն խորացնել վարչապետի ու նրա թիմի նկատմամբ (և այդ տեսանկյունից, ցավոք սրտի, կան այդպիսի հաշվարկի հիմքեր հենց թիմում անարդյունավետության շոշափելի «օջախների» առկայության պատճառով), և մյուս կողմից՝ մեկ տարի անց վարչապետին անվստահություն հայտնելու լիազորությամբ խորհրդարանի, այսպես ասած, օժտումը:

Երբ ընտրությունը տեղափոխվում է մայիս, ապա մի փոքր էլ տեխնիկապես ժամանակ ձգելու կամ ժամանակի վրա խաղալու պարագայում խորհրդարանը կլրացնի այն մեկ տարի ժամանակը, երբ վարչապետն, այսպես ասած, անձեռնմխելի է անվստահության առումով: Եվ երբ ուժի մեջ մտնի նրան անվստահություն հայտնելու խորհրդարանի լիազորությունը, ապա կախված նաև քաղաքական ու հանրային վիճակից, տրամադրություններից, կարող է առաջանալ իսկապես անկանխատեսելի մի իրադրություն, երբ խորհրդարանը վարչապետի հետ կսկսի խոսել արդեն այլ լեզվով:

Իհարկե, դա ինքնին չի նշանակում, որ մեկ տարի անց հենց այդպես էլ կլինի, որովհետև առանցքայինն այստեղ, անշուշտ, հասարակական աջակցությունն է, որը ներկայիս ծավալներով պահելու դեպքում Նիկոլ Փաշինյանը կապահովագրի իրեն խորհրդարանում որևէ անվստահությունից: Բայց հենց այստեղ է, որ կա մեծ ռիսկ, որովհետև ի վերջո վարկանիշի որոշակի նվազում կարող է լինել և միանգամայն օբյեկտիվ գործընթաց, ու կստացվի, որ հեղափոխության արդյունքն ամբողջությամբ ամրագրած չլինելու պարագայում վարկանիշի նվազման օբյեկտիվ, նույնիսկ ինչ-որ առումով օգտակար գործընթացը կարող է իրականում վերածվել չարիքի և ամենավերջին պահին տապալել թավշյա հեղափոխության ավարտը՝ երկիրը գցելով արդեն իսկապես քաոսի մեջ:

Ահա թե ինչու է անհրաժեշտ, որպեսզի ամենաառանցքային՝ ամբողջական իշխանափոխության խնդիրը չմնա, այսպես ասած, վերջին պահին, որպեսզի հեղափոխության տրանսֆորմացիան արդեն դասական, բնական քաղաքական մրցակցության, լինի հանրօգուտ, ոչ թե հակահեղափոխական գործընթաց:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache