Մեղադրանք է առաջադրվել Մեղրաշատ համայնքի ղեկավարին

31

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Մեղրաշատ համայնքի վարչական շրջանի ղեկավարին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու, պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, Շիրակի մարզի Մեղրաշատ համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ կատարված յուրացումների վերաբերյալ, պարզվել մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Մասնավորապես՝ 1996-2016 թթ. Մեղրաշատ համայնքի ղեկավար է հանդիսացել նույն համայնքի բնակիչ Վ.Սաղաթելյանը, ով 2016 թվականի հոկտեմբերից հանդիսանում է Մեղրաշատ համայնքի վարչական շրջանի ղեկավար։ Վերջինս, լինելով պաշտոնատար անձ, օժտված է եղել կազմակերպական-տնօրինչական գործառույթներով և պատասխանատվություն կրել ֆինանսական գործառնությունների ճշգրիտ և օրենքին համապատասխան կատարելու համար։

Նախնական քննության տվյալներով՝ աշնանացան ցորենի բաշխման գործընթացում Մեղրաշատ համայնքի բնակիչներին հասանելիք սերմացուն առերևույթ հափշտակելու մտադրությամբ համայնքի ղեկավարը 2012-2016թթ. մի շարք շահառուների տվյալները ձևականորեն ներառել է պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակում, սակայն նրանց անվամբ դուրս գրված սերմացուն վերջիններիս չի հատկացվել, այլ հափշտակվել է։ Պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, գնահատվել է 2.688.000 ՀՀ դրամ։

Սերմացու ցորենի հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով՝ կազմվել և համայնքապետարանի կնիքով հաստատվել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բովանդակությամբ կեղծ բաշխացուցակներ և դրանք հանձնվել Շիրակի մարզպետարանին:

Բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև՝ ստացած սերմացու ցորենի դիմաց համայնքի բնակիչներից մեկի կողմից վճարված գումարը յուրացնելու վերաբերյալ. գյուղացու վճարած 144.000 ՀՀ դրամը չի մուտքագրվել համայնքի բյուջե, չի փոխանցվել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին։ Ավելին՝ կատարված վճարումը չի ներառվել նաև Շիրակի մարզպետարան ներկայացված փաստաթղթերում։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մեղրաշատ համայնքի վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache