good-banner
Լրահոս

Մեղրիին միացվող սահմանամերձ համայնքի ՀՀԿ-ականացված գյուղապետն արտագաղթելու է

 

85081

armtimes.com-Բազմիցս ասվել է, որ Կառավարության նախաձեռնած խոշորացման ծրագրի հետեւանքով գյուղերը դատարկվում են: Պարզվում է, որ այդ ծրագիրը պատճառ է հանդիսանում ոչ միայն գյուղից, այլ Հանրապետությունից արտագաղթելու համար:

Մեղրիի տարածաշրջանի Նռնաձորի գյուղապետ Մկրտիչ Մկրտչյանըմեզ հետ զրույցում այսօր պնդում էր, որ ինքն առաջիկայում արտագաղթելու է Հայաստանից: Մինչ նրա հետ զրույցը ներկայացնելը հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով համայնքների խոշորացում է նախատեսված Արարատի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի եւ Սյունիքի թվով 118 համայնքներում: Մեղրի համայնքին են միավորվելու Ագարակ, Ալվանք, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճեւան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր եւ Տաշտուն համայնքները:

Եվ եթե Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերը բողոքում են, ստորագրահավաք նախաձեռնում՝ իրենց կարծիքը իշխանության մինչեւ ամենավերին օղակներ հասցնելու համար, ապա Մեղրիի տարածաշրջանում համակերպվել են Կառավարության որոշման հետ ու պայքարելու փոխարեն որոշ դեպքերում նախընտրել հեռանալ Հայաստանից:

— Պարոն Մկրտչյան, որքանով տեղյակ եմ՝ դեմ եք համայնքերի խոշորացման ծրագրին: Որեւէ քայլ նախաձեռնվո՞ւմ է:

— Կառավարությունը որոշել է, Ազգային ժողովն ընդունել որոշում, էլ ի՞նչ բողոքենք: Իհարկե դեմ են ժողովուրդը, ժողովուրդը չեն ընդունում, բայց արդեն Ազգային ժողովն ընդունել է, «պոեզդը գնացել է»: Բայց դեմ ենք: Ես ինքս դեմ եմ Կառավարության այդ ծրագրին, ճիշտն ասած ցանկություն էլ չունեմ աշխատելու այլեւս: Իրականում այդ ծրագիրը շատ վատ ծրագիր է: Սահմանամերձ գյուղերի համար հատկապես սա շատ վատ ծրագիր է:

— Ի՞նչ իմաստով է վատ:

— Սահմանամերձ գյուղերը եթե խոշորացնում են, գոնե երաշխիքներ պետք է տան, որ միջոցներ կտան, մարդկանց վիճակը կբարելավեն: Մայրաքաղաքը սարքել են չգիտեմ ինչ, բոլոր միջոցները կենտրոնացրել մայրաքաղաքում, սահմանամերձ գյուղերը մնացել են առանց ոչ մի բանի:

— Մտածում եք խոշորացման հետեւանքով գյուղերի վիճակը ավելի՞ կվատանա:

— Եթե ժողովուրդը չունենա ինքնուրույնություն, համայնքը չունենա ինքնուրույնություն, անմիջական ընտրովի ղեկավար, որի միջոցով կարողանա ազդել բարձրագույն իշխանությունների վրա, ինչի՞ մասին է խոսքը: Մնացածը չասեմ:

— Օրինակ Նոյեմբերյանի տարածաշրջանում գյուղացիները, գյուղապետերը ստորագրահավաք են սկսել, ՄԻՊ-ին են դիմում, տարբեր միջոցներով փորձում են արտահայտել իրենց դեմ կարծիքը, հասցնել ամենաբարձր օղակներ:

— Մեր դեմ լինելը ԱԺ ընտրություների ժամանակ կերեւա: Կոնկրետ իմը: Ես հիասթափվել եմ վերջնականապես եւ իմ նման շատերը: Նույնիսկ ասեմ՝ ես միտք ունեմ արտագաղթելու: Ուզում եմ թողնել, գնալ, հոգնեցի էս երկրում պայքարելով: Կյանքս անցավ. 88 թվից պայքարում եմ, 27 տարի: Հերիք է:

— Ի՞նչ նկատի ունեք, որ ասում եք Ազգային ժողովի ընտրություններին կերեւա:

— ԱԺ ընտրությունների ժամանակ կերեւա Հանրապետականն ինչքան ձայն կհավաքի, թե չի հավաքի:

— Դուք ո՞ր կուսակցությունից եք:

— Ե՞ս: Ինձ գրել են Հանրապետական, բայց ես անկուսակցական եմ: Սաղ կյանքս եղել եմ անկուսակցական: Ես ապրել եմ անկուսակցական, հիմա էլ ապրում եմ անկուսակցական, մեռնելու եմ անկուսակցական: Մի քիչ համակրում էի Դաշնակցությանը, էդ էլ վերջնականապես աչքիցս ընկել է արդեն ահագին ժամանակ է: Առողջ ուժ էսօր համարում եմ մի քիչ «Ժառանգությանը», Ժիրայր Սեֆիլյանի շարժմանը եւ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը:

— Ձեզ ձեր կամքին հակառա՞կ են անդամագրել ՀՀԿ-ին:

— Գրել են, ես էլ չեմ իմանում ով է գրել: Ես ի՞նչ Հանրապետական:

— Գոնե ինչ-որ ձեւով փորձեիք դեմ արտահայտվել, միգուցե հաշվի կառնեին:

— Կարիք չկար, կարիք չկար, «պոեզդը գնացել էր»: Իշխանությունները ի՞նչ են ուզեցել, որ չեն արել, թեկուզ Տավուշում են բողոքում, չգիտեմ որտեղ են բողոքում, դա անարդյունք է:

— Եթե գյուղապետն է հույսը կտրել, բա ժողովո՞ւրդն ինչ անի:

— Ես գնալու եմ, վերջնսկանապես որոշել եմ:

— Ո՞ր երկիր եք գնալու:

— Գիտեմ, որ Հայաստանում չեմ ապրելու: 100 տոկոսով: Տուն-բան լրիվ ծախելու եմ, գնամ: Ռուսաստան չեմ գնա, զզվում եմ: Ավելի լավ է գնանք Վրաստան, Ուկրաինա, քան մնանք այստեղ:

Մեզ հետ զրույցում գրեթե նույն կարծիքը արտահայտեց նաեւ Կորիս համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանը.

«Ոչ մի նախաձեռնություն չկա: ժողովուրդը մտածում է՝ եթե կառավարությունը որոշել է, ուրեմն այդպես էլ անելու է: Հիմնականում բոլորն էլ խոշորացմանը դեմ են: Բայց դե ոչ մի բան չեն ձեռնարկում»,- ասաց գյուղապետը՝ որպես հիմնավորում նշելով, որ այն համայնքները, որոնք տարիներ առաջ միացվել են Մեղրիին՝ գոյություն չունեն: «Մենակ հովիվներն են ամռանը էդ գյուղերում լինում»,- ընդգծեց Գրիգորյանը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing