Մեղրին հանձնելու գաղտնի բանակցություններին մասնակցել է Ռոբերտ Քոչարյանը, Թուրքիան էլ առաջարկել է Մասիսը և Անին

 

 

meghri

nyut.am-Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ կապված, սակայն քրեական գործի քննության ընթացքում այդպես էլ չուսումնասիրված մի վարկածի վերաբերյալ է մեր հարցազրույցը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1991-1993 թվականներին ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Աշոտ Մանուչարյանի հետ:




— «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործի քննության ընթացքում, ըստ Ձեզ, ի՞նչ կարևոր վարկած է, որ չի քննվել:

— Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ կապված, ինչպես գիտեք, շատ հանգամանքներ, վարկածներ, խոսակցություններ կան, բայց ինձ համար շարունակում է չուսումնասիրված գլխավոր վարկած մնալ Մեղրիի փոխանակման տարբերակի հետ կապվածը:

Միացյալ Նահանգներում աշխատող, պետական համակարգի հետ էապես կապված վերլուծաբան Պոլ Գոբլը Հայաստանում դեռևս 1992 թվականին շրջանառության մեջ դրեց այդ տարբերակը: Կարելի է ասել, որ Միացյալ Նահանգները նրանով զոնդաժ էր անցկացնում, թե Հայաստանն ինչպես է վերաբերվում այդ տարբերակին` Ղարաբաղի ու Լաչինի միջանցքի դիմաց Մեղրին տալու: Միանգամից ասեմ, որ Հայաստանի համար դա բացարձակ կործանում է, որովհետև մեր երկիրն այդ դեպքում հայտնվում է թուրքական տոպրակի մեջ, Մեղրին հանձնելով, կորցնում կապը Իրանի հետ: Հյուսիսում էլ Վրաստանի Մառնեուլի շրջանն ադրբեջանցիներով է բնակեցված, իսկ Ջավախքի հատվածում սկսել էին արագորեն տեղավորել մեսխեթցի թուրքերին: Այսպիսով Հայաստանը հայտնվում էր մի ամբողջական օղակի մեջ, մեր երկրի ոչնչացումը դառնում էր ընդամենը ժամանակի խնդիր, դրա համար էլ պատերազմ պետք չէր, տնտեսական, ժողովրդագրական միջոցներով ժամանակի ընթացքում կխեղդեին մեզ:

Միացյալ Նահանգների կառավարությունը կամ ԱՄՆ-ում ինչ-ինչ շրջանակներ այդ ծրագրով ուզում էին լուծել իրենց խնդիրը` ամբողջականացնել թուրքական շղթան, իրականություն դարձնել պանթուրքիզմի` Մեծ Թուրանի ծրագիրը, որով թուրքերը կհասնեին մինչև Չինաստանի ույգուրական պրովինցիան: Նպատակը նաև Չինաստանին խեղճացնելը, նրա վրա ազդեցության էական լծակ ձեռք բերելն էր:

— Այսինքն` ուզում եք ասել, որ Մեղրիի հանձնմանը դեմ լինելու պատճառով Վազգեն Սարգսյանի և Կարեն Դիմիրճյանի սպանության վարկածը «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործի և դրանից առանձնացված մասի շրջանակներում չի՞ քննվել:

— Այո, այո, դա չի քննվել: 1992 թվականին Պոլ Գոբլի հիշյալ առաջարկից հետո, երկրորդ անգամ և արդեն փակ բանակցությունների ձևով, որի մասին շատ քիչ մարդիկ են տեղյակ մեր հանրապետությունում, տվյալ խնդրին անդրադարձ եղել է 1998 թվականին: Հայկական կողմից բանակցություններին մասնակցել է Ռոբերտ Քոչարյանը, եղել են նաև ամերիկացիները և ֆրանսիացիները, ավելի որոշակի` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներից ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները: Այդ բանակցությունները, Մեղրիի փոխանակման տարբերակի գոյությունը ռուսական կողմին երկար ժամանակ գաղտնի են պահվել: Տարբեր մակարդակի հանդիպումներ են եղել, ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի հետ: Նրա հանձնարարությամբ Հայաստանի դիվանագիտական կորպուսից, արտգործնախարարությունից մարդիկ վարել են փակ բանակցություններ, արտգործնախարարը տեղյակ է եղել այդ ամենին: Խնդրի քննարկմանը, բանակցություններին հետագայում, ինչ-որ մի պահից միացել են նաև Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, որոնք հայտնել են, որ եթե Հայաստանը համաձայնություն տա այդ տարբերակին, Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, և որպես փոխհատուցում, Հայաստանին կվերադարձնի Մասիս սարը և Անին: Այսինքն` քանի որ դժվար գործարք պետք է լիներ, այն իրականություն դարձնելու համար կշիռն ավելացրել են: Ես գիտեմ, որ երբ հայտնի դարձավ Մեղրիի տարբերակի քննարկման մասին, սկանդալային հարցադրումներ եղան, թե սա ի՞նչ խայտառակություն է, սա Հայաստանի կործանումն է և այլն, Ռոբերտ Քոչարյանը մի նեղ շրջանակում արդարացել է, որ իրեն տարել են Կենտրոնական հետախուզական վարչություն, ցույց են տվել ներկայիս Մերձավոր Արևելքի վերաձևման այն հայտնի քարտեզը, որում Իրանն այն տեսքով, որ կա, գոյություն չունի, կրճատված է, և Մեղրիին սահմանակից Իրանի այդ հարավային մասն Ադրբեջան է, այսինքն` մեր պլաններով այսպես է որոշված, դուք, միևնույն է, սահման չեք ունենալու Իրանի հետ, էլ ի՞նչ իմաստ ունի Մեղրին պահելը:

Ես ինքս ամերիկացի տարբեր պաշտոնյաների հետ դրանից հետո բազմաթիվ հանդիպումներում շատ կարծր ձևով այդ հարցը դրել եմ, փորձելով նրանցից ստանալ պատասխան, թե ինչպես կարող էիք մեզ ներկայացնել այսպիսի առաջարկ, որը մեզ համար, փաստորեն, ոչնչացման ծրագիր է:

— Ե՞րբ են եղել այդ հանդիպումները:

— Առաջին անգամ նման հանդիպում եղել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո, վերջին անգամ` 2013 թվականին:

— Դուք գիտեի՞ք, որ Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը դեմ են Ղարաբաղի դիմաց Մեղրին հանձնելու ծրագրին:

— Այո: Ես հասկանալի պատճառով չասեմ այդ պաշտոնյայի անունը, բայց ինձ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից մի քանի ամիս առաջ, բայց երբ Կարեն Դեմիրճյանը Ազգային ժողովի նախագահն էր, նախագահի աշխատակազմից մի պաշտոնյա բողոքեց, որ Արցախի հարցի լուծման մի հոյակապ տարբերակ կա (ես հետագայում հասկացա, թե խոսքն ինչի մասին է), ասաց` կներեք, չեմ կարող ձեզ ասել, պարոն Մանուչարյան, թե ինչ տարբերակ է, դա խիստ գաղտնիք է, բայց այդ Դեմիրճյանն ի՞նչ մարդ է… Հարցրեցի, թե ի՞նչ է եղել: Ասածի իմաստը մոտավորապես այն էր, որ նա շատ սահմանափակ մարդ է: Նրա պատմածի համաձայն, Կարեն Դեմիրճյանին առաջարկվել է Արցախի խնդրի կարգավորման ինչ-որ հոյակապ տարբերակ (մեր զրույցի համատեքստից տպավորությունս այնպիսին է, որ առաջարկողը եղել է Հայաստանից): Դեմիրճյանի պատասխանները, որոնց մասին իմացա դարձյալ նույն մարդուց, իրականում, սակայն, ոչ թե սահմանափակ մարդու, այլ փորձառու պետական գործչի պատասխաններ են, որովհետև նա մի կողմից չի ուզեցել մտնել անհարկի առճակատման մեջ, մյուս կողմից` այդ առաջարկը, իրեն ուղղված հարցը թաղել է Ազգային ժողովի որոշելիքի մեջ: Առաջարկվող տարբերակի առնչությամբ նա ասել է` շատ լավ, ես կդնեմ քվեարկման և ձեզ կհայտնեմ Ազգային ժողովի որոշածը: Ասել են` չէ, մեզ չի հետաքրքրում Ազգային ժողովի դիրքորոշումը, մեզ հետաքրքրում է ձեր անձնական կարծիքը: Դեմիրճյանը պատասխանել է` բայց իմ անձնական կարծիքն ի՞նչ կապ ունի, ես արտահայտում եմ Ազգային ժողովի կարծիքը: Այդ տարբերակն առաջարկողն ասել է` բայց մեզ նախապես հետաքրքրում է ձեր կարծիքը: Դեմիրճյանի պատասխանը եղել է հետևյալը` մենք կքննարկենք Ազգային ժողովում, և ես որպես Ազգային ժողովի նախագահ, կարտահայտեմ և կպաշտպանեմ Ազգային ժողովի արտահայտած կարծիքը:

Ես այդ պահին չգիտեի, թե Արցախի խնդրի լուծման ինչ տարբերակի մասին է խոսքը, գիտեի միայն, որ ինչ-որ տարբերակ կա, որի իրականություն դառնալը Դեմիրճյանը դժվարացնում, արգելակում է, միայն հետագայում համապատասխան գնահատումից հետո հասկացա, որ խոսքը եղել է Ղարաբաղի դիմաց Մեղրին հանձնելու տարբերակի մասին: Այս մասին հոկտեմբերի 27-ից հետո ասել եմ և Կարեն Դեմիրճյանի, և Վազգեն Սարգսյանի մերձավորներին, Վազգեն Սարգսյանի եղբորը` Արամ Սարգսյանին ասել եմ ավելի շուտ, վարչապետի պաշտոնում նրա նշանակումից կարճ ժամանակ անց: Իսկ Մեղրիի տարբերակի վերաբերյալ դեռ հոկտեմբերի 27-ից առաջ արդեն ինտենսիվ տեղեկություններ էի ստանում:

 

 

Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

You might also like More from author