Լրահոս

Մեկ հրաման հայկական կողմից եւ Արցախում այլեւս չի լինի ոչ կրակոց, ոչ զոհ

 

jirayr-sefilyan-562x375

armtimes.com-ը գրում է .

Մի հրաման՝ նախապատրաստվել հարձակման: Եթե այս հայտարարությունը հայկական կողմից լինի՝ ոչ մի կրակոց այլեւս չի լինի սահմանին: Եվ ոչ մի զոհ այլեւս մենք չենք ունենա: Պետք չէ նույնիսկ իրագործել այդ հրամանը: Միայն նախապատրաստումից սսկվելու է հակառակորդը: Հակառակորդը շատ թույլ է: Մնում է հայկական կողմը փետը ձեռքը վերցնի եւ դա կբերի խաղաղություն: «Հայացք» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում այսպիսի համոզմունք հայտնեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարԺիրայր Սեֆիլյանը:

Ըստ նրա՝ պետք չէ կարծել, որ Ադրբեջանն այսօր հզոր է Հայաստանից. «Այսօր Հայաստանը ունի եւ զինվածության եւ մարդկային այնքան ռեսուրս, որ մի քանի օրվա մեջ Ադրբեջանին կարող է ծնկի բերել: Ինչու չի արվում՝ դա քաղաքական թեմա է: Բայց ամեն օրն աշխատում է ի վնաս մեզ:…Եթե մենք դա չենք անելու, մեկ ամիս հետո ավելի թույլ ենք լինելու: Ապրիլյան օրերին տեսանք ինչպիսի ոգեղենություն ապրեցինք: Սակայն եթե այսպես շարունակվի՝ ոգեղեն վիճակը սկսելու է անկում ապրել»,- հայտարարեց Սեֆիլյանը:

Նա նշեց, որ այսօր տրամաբանություն ունեցող յուրաքանչյուր հայ մարդ ասում է, որ պիտի գնալ առաջ, հետ վերցնել առնվազն ապրիլին գրավված տարածքները, այլ տարբերակ չկա: «Ոչ ոք թող այս խոսքերը չընդունի պատերազմի սիրահարների խոսք: Ավելին ասեմ, մենք գիտենք պատերազմն ինչ է, պատերազմի դաժանությունը ամենաշատը մենք գիտենք, բայց եթե դու այսօր չկատարես այդ քայլը՝ հակառակորդն է կատարելու եւ մենք կոտորվելու ենք»,- համոզված է ազատամարտիկը:

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք արժե զոհերի գնով կորցրած տարածքները հետ բերել՝ Սեֆիլյանը պատասխանեց, որ խաղաղ կոչեցյալ ժամանակահատվածում մենք էլի ունեցել ենք դիրքային կորուստներ, որոնք շատ շուտ վերականգնվել են, բայց առանց զոհի: «Կարելի է կազմակերպել այնպիսի հմուտ ձեւով, որ նույնիսկ առանց զոհի հետ վերցնենք: Կոնկրետ հյուսիսարեւելյան հատվածի տարածքին ծանոթ լինելով (ես 1997-98 թվականներին այդ հատվածում հրամանատար եմ եղել, 6-րդ պաշտպանական շրջանի հրամանատար), իմանալով աշխարհաքաղաքական վիճակը ես կարող եմ ասել, որ կարելի է վերականգնել այն՝ առանց զոհ տալու…Ուստի, առաջիկա օրերին, եթե չուղղենք այսօրվա մեր մարտավարությունը՝ շատ ավելի ծանր հարված ենք ստանալու: Ապրիլյան 4 օրերին հակառակորդի կատարած քայլը ընդամենը ատամ է, նրանք ցույց են տվել մեզ՝ ինչ կարող են անել, զինանոցի ամբողջ հզորությունը տակավին չեն բացել…Անշուշտ այդ ամենը կատարվում է քաղաքական նպատակներով, բայց ռազմականորեն հակառակորդը մեզ դրել է այնպիսի վիճակի մեջ, որ եթե ուզում ենք գոյատեւել՝ լուծումը միայն ու միայն առաջ գնալն է եւ նրան կապիտուլյացիայի ենթարկելը: Այսպիսի պատմական առիթ մեզ այլեւս չի տրվելու»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք այս օրերին Սեֆիլյանը եղել է Ղարաբաղում: «Ինձ հետաքրքրել է առաջնագծի ինֆորմացիան, ես այդ ինֆորմացիային տիրապետում եմ, շնորհիվ իմ ունեցած կապերի: Եվ հատուկ ցուցադրական այցեր կազմակերպելու կարիք չեմ տեսնում, իսկ եթե բանակի ղեկավարությունն ունենար այդ պահանջը՝ խնդրեմ, ես պատրաստ եմ մասնակցելու»,- պատասխանեց Սեֆիլյանը՝ հիշեցնելով, որ իրավիճակը պետք է ճիշտ գնահատել եւ ճիշտ պահին ճիշտ քայլեր անել: «Ոչ ոք թող չկասկածի, որ մեր մատը զարկերակի վրա է»,- հավելեց նա:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing