good-banner
Լրահոս

Մենք էլ Ղրիմը տեսնում ենք Ուկրաինայի կազմում

 

5-1-2

aravot.am-քրում է.ԹԵ ապրիլյան 4-օրյա պատերազմի ընթացքում «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանն ինչպես պահեց իրեն Հայաստանի նկատմամբ, բոլորս տեսանք եւ ավելին, հերթական անգամ համոզվեցինք այն ճշմարտության մեջ, որ ճակատագրական պահերին՝ ինչպես միշտ, այնպես էլ այսօր, Հայաստանը միշտ մենակ է մնում, հետեւաբար նաեւ, պարտադրված է լինում հույսը դնել միմիայն իր վրա: Այս եւ նմանատիպ այլ հարցերում, Ռուսաստանն առաջնորդվում է զուտ իր քաղաքական շահով, այն է՝ չի ուզում նեղացնել կամ կորցնել Ադրբեջանին, քանզի Հայաստանի պարագայում նեղացնելու կամ կորցնելու խնդիր չունի, որովհետեւ ինչպես էլ վարվի, միեւնույն է՝ Հայաստանը ոչ նեղանում է, ոչ էլ հեռանում է, այլ ընդամենը ներսում նեղացածի կեցվածք է ընդունում: Դե, մեծ եղբայր է, հետո ինչ, որ սխալ է թույլ տալիս, բա ո՞ւր մնաց հայկական մենթալիտետը. չէ՞ որ մեծ եղբայրը միշտ ճիշտ է: Հասկանալի է, որ այստեղ մեծ ու փոքր եղբոր հարց ընդհանրապես չկա, քանզի Ադրբեջանն էլ մեծ չէ, ուղղակի Ադրբեջանն իրեն դնել գիտի եւ ստիպում է, որ իրեն հարգեն, որը եւ Ռուսաստանը պարկեշտորեն անում է: Ահավասիկ՝ Ադրբեջանի ԵԱՏՄ չմտնելու փաստը:

Բնական է, որ Ադրբեջանը ԵԱՏՄ կմտնի, եթե ինքը ուզենա եւ այն էլ այն ժամանակ, երբ իրեն հարմար լինի: Մի խոսքով, ինքն է որոշում ինչ անի եւ երբ անի: Ցավոք, Հայաստանը որոշող չէ, այլ ընդամենը կատարող է: Ավելին ասեմ, եթե Ադրբեջանը երբեւէ որոշի ԵԱՏՄ մտնել, ապա կմտնի միմիայն Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կարգավիճակով: Հասկանալի է, որ Հայաստանում Ռուսաստանի որդի Պերմյակովը ընտանիք է մորթում եւ մեր նույն մենթալիտետով չենք կարողանում ադեկվատ մոտեցում ցույց տալ: Եվ դա այն դեպքում, երբ ադրբեջանցիները Ռուսաստանում՝ ռուս գնդապետի են մորթում՝ ընտանիքի հետ միասին եւ Ռուսաստանը դրան վերաբերվում է սովորական քրեական հանցագործության նման:

Հասկանալի է, որ Ռուսաստանն Ադրբեջանին 5-ից 6 միլիարդ դոլարի զենք է տալիս (գուցե եւ, վաճառում է)՝ Ղարաբաղը ոչնչացնելու համար, քանզի նա այլ երկրի հետ կռիվ չունի, իսկ Հայաստանին առ այսօր 200 միլիոն դոլարի (մոտ 30 անգամ պակաս) զենքը չի տալիս (իհարկե, ճիշտ է անում, ասում է՝ փողը տուր, տամ): Հասկանալի է նաեւ, որ ինչ-ինչ քաղաքական շահերից ելնելով, չի պաշտպանում Հայաստանին, բայց որ Մեդվեդեւն ի լուր աշխարհի հայտարարում է, որ Ռուսաստանը Ղարաբաղը տեսնում է Ադրբեջանի կազմում, սա արդեն վերջն է: Սա, ըստ Ռուսաստանի, ոչ այլ ինչ է, քան որդին՝ Ղարաբաղը, փորձում է դավաճանել հորը՝ Ադրբեջանին, բա նա էլ պետք է ծեծի, ուրիշ ինչ պետք է անի: Է, նման դեպքում, որ մեկս էդպես չի վարվի: Հարգարժան «ռազմավարական գործընկեր», հասկացանք, որ օգտվելով Հայաստանի իշխանությունների թույլ տված բազմապիսի կարճամիտ քայլերից, Հայաստանի թույլ՝ հիվանդ վիճակից, քեզանով ես արել մեր երկրի բոլոր ռազմավարական օբյեկտները, ինչ ուզում ես, մեր իշխանությունները սիրով, հոժարակամ անում են, բա այդքանից հետո, ինչո՞վ քեզ ձեռք չի տալիս Ղարաբաղի անկախ երկիր դառնալու հանգամանքը, որ հայտարարում ես՝ Ղարաբաղը տեսնում ես Ադրբեջանի կազմում:

Մոռացել ես 1988թ. Բաքվի, Մինգեչաուրի եւ Ադրբեջանի այլ վայրերում հայերի նկատմամբ իրականացրած վայրագ ջարդերը, 1990-1994թթ. տասնյակ հազարավոր հայերի սպանությունը, որի պատճառով Հայաստանն ստիպված եղավ նոր գերեզմանոց սարքել՝ Սուրբ եռաբլուրը: Մոռացել ես, որ 1994թ.-ից մինչեւ այսօր՝ հենց Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության պատճառով Հայաստանի տնտեսությունը ոչնչացվեց, եւ միլիոնավոր հայեր պարտադրված եղան լքել Հայաստանը: Մոռացել ես ապրիլյան պատերազմը, որի ընթացքում մեր հարյուրավոր սուրբ երիտասարդները նահատակվեցին՝ նույն քո սիրելի ադրբեջանցիների ձեռքով (ընդամենը նշեցի կատարվածի մի փոքր մասը) եւ այդքանից հետո, ինչ բարոյական իրավունքով ես բարձրաձայնում, որ դու Ղարաբաղը տեսնում ես Ադրբեջանի կազմում:

Մեկը հարցնող լինի, թե դու ի՞նչ գործ ունես այդ հարցի հետ, ինչո՞ւ ես խառնվում քեզ չվերաբերող հարցի հետ: Հասկանում եմ, որ դու այլ կերպ ես մտածում. ինչո՞ւ այդպես չասեմ, որ Ղարաբաղն ստիպված լինի հայտարարությամբ դիմել ինձ, որ հարգարժան Ռուսաստան, արդեն Հայաստանն ամեն ինչ տվել է քեզ, խնդրում եմ վերջին «լավությունն» էլ արա, զորքդ բեր եւ Ղարաբաղի ու Ադրբեջանի ամբողջ սահմանագծով անվտանգության գոտի սարքիր եւ փրկիր ինձ Ադրբեջանի ոտնձգություններից: Պարզ է, որ այդ դեպքում էլ տարածաշրջանում կհաստատես զինվորական իշխանություն եւ մեծ փողերի դիմաց՝ Ղարաբաղը մաս-մաս կհանձնես Ադրբեջանին: Իհարկե, զարմանալ պետք չէ, քանզի դա ընդամենն այն քայլի պատասխանն է, որ Ղրիմը զավթելուց անմիջապես հետո, Հայաստանի իշխանություններն ի լուր աշխարհի հայտարարեցին, որ Ղրիմը վերցնելու (զավթելու)՝ Ռուսաստանի քայլը ճիշտ էր եւ բարոյական ու դրանով անմիջապես կանգնեցին քո կողքին… Այս դեպքում, Հայաստանի ժողովուրդն էլ պարտադրված իր հայտարարությունն է անում. մենք էլ Ղրիմը տեսնում ենք Ուկրաինայի կազմում…

ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն եւ

ընտրական գործընթացներ»

միջազգային կենտրոն հ/կ նախագահ

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing