Մենք կհասնենք նրան, որ սահմանադրական փոփոխությունները ԱԺ-ում ընդունվեն. Մարուքյան

29

Խորհրդարանը լուծարելու ցանկացած մոդելին, որը սահմանադրական է, մենք կողմ ենք: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, մոդելները տարբեր կարող են լինել. «Եթե վարչապետը նախաձեռնի սահմանադրական բարեփոխումները, մենք ամեն ինչ կանենք, որ դրանք խորհրդարանում ընդունվեն: Թե դրանից հետո կընդունվի, թե չի ընդունվի… մենք ամեն ինչ կանենք եւ կհասնենք նրան, որ ընդունվի»,-ասաց Մարուքյանը:

Անդրադառնալով դատական համակարգի անկախությանը, Մարուքյանը նշեց, որ այսօր դատական համակարգն էլ է հասկանում, որ իրենց չեն զանգելու ասեն՝ էսինչին էս ձեւով դատեք, էն մեկին բռնեք, էն մյուսին բաց թողեք: Դիտարկմանը, որ մտավախություն կա, որ նախկին իշխանություններն են իրենց կապերն օգտագործում եւ զանգում են դատավորներին, Մարուքյանն արձագանքեց. «Ես նման փաստ չունեմ, չեմ կարող ասել: Եթե նման բան լինի, համապատասխան խնդիրներ կառաջանան այն մարդկանց մոտ, որոնք զանգերով որոշումներ են կայացնում»:

«Ելք»-ի պատգամավորն անդրադարձավ նաեւ նախկին իշխանությունների ռեւանշի հնարավորությանը՝ նշելով. «Հեղափոխությունը եղել է ՀՀԿ-ական ռեժիմի ստեղծած համակարգի դեմ եւ այսօր հակահեղափոխություն անելու շանս չկա, հակահեղափոխության օջախ այսօր Հայաստանում չկա»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache