Լրահոս

«Մենք մերժում ենք ձեր 8 միլիարդանոց թակարդը»

 

Հայաստանի քաղաքականության առանձնահատկությունները գնահատողները հասկանում են, որ իշխանության հիմնական ֆունկցիան բյուջեի նկատմամբ արդյունավետ վերահսկողությունն է այնպես, որ ոչ մի լումա չծախսվի առանց իշխանությունների հետ կիսվելու: Հենց այս մտահոգությամբ է, որ իշխանությունը գնալով ուժեղանում ու կենտրոնանում է մի խումբ մարդկանց ձեռքում, մինչեւ դառնում է գերկենտրոնացած: Սակայն իշխանությունը հավաքելուց հետո պարզվում է, որ պարզապես փող չկա, որպեսզի մեջ-մեջ անեն: Իրականում, իհարկե, ամեն ինչ հակառակը պիտք է լիներ. որպեսզի առաջանար փող, ստեղծվեր արժեք, անհրաժեշտ էր առավելագույն ազատություն, սակայն մեր իշխանություններին այս խնդիրը բացատրելը արդեն անհույս գործ է թվում:
Ինչեւէ, մեր իշխանությունները, քանի որ երկրում փող չեն կարողանում ստեղծեն, այժմ բռնել են այն դրսից բերելու ճանապարհը, որպեսզի իրենք կարողանան անել իրենց կոռուպցիան, իսկ հետո մենք վճարենք իրենց կողմից թալանված վարկերը: Այս է պատճառը, որ վերջին տարիներին Հայաստանը միլիարդավոր վարկեր է վերցրել, սակայն երկրի տնտեսական վիճակը փոքր-ինչ չի լավացել: Ի դեպ, ընտրակաշառք վերցնելով, մենք տվել ենք մեր համաձայնությունը, թե իշխանությունների կերած փողերը մենք ենք փակելու:
Այս դառը եւ անելանելի վիճակում հանկարծ Միացյալ Նահանգները հանդես է գալիս առաջարկությամբ: Նա ոչ թե պահանջում է ժողովրդավարություն, ազատ ընտրություններ, մարդու իրավունքներ եւ այլն, այլ փող է առաջարկում՝ 8 միլիարդ դոլար: Սա ֆանտաստիկ թիվ է: Մեզ՝ հասարակ քաղաքացիների համար է, որ լինի 8 միլիոն, թե 8 միլիարդ՝ միեւնույն առասպելն է, մենք չենք պատկերացնում այդ թվերը: Իսկ իշխանությունները պատկերացնում են, թեեւ սա ավելին է, քան մեր վերցրած բոլոր պարտքերը, սա համարյա այնքան է, ինչ մեզ խոստանում էր հայ ժողովրդի լեգենդը՝ Գագիկ Ծառուկյանի ընկերական շրջապատը:
Վաշինգթոնը ծուղակ է լարում. մի կողմից նա հասկանում է, որ ինչքան էլ ժողովրդավարություն պահանջես, միեւնույն է իշխանությունները չեն տալու եւ դրա փոխարեն առաջարկում է այն, ինչն իշխանությունը ամենաշատն է սիրում՝ շատ փող:
Իշխանությունները պապանձվել են: Մի կողմից առաջարկը չափազանց գայթակղիչ է, մյուս կողմից ակնհայտ է ծուղակը: Նախեւառաջ, սա Միացյալ Նահանգների ներդրումն է, սա Համաշխարհային Բանկի փողը չէ, որ վերցնես դրանով Գառնու գետերն ուղղես սեփական բաղերը ջրելուն, սա Ասիական Բանկը չէ, որ թույլ տա 20 կմ ասֆալտը անընդհատ ծամես ու ուտես, ակնհայտ է, որ Վաշինգթոնը լուրջ վերահսկողություն կսահմանի այդ փողերի ծախսի նկատմամբ, ավելին՝ չի բացառվում, որ Միացյալ Նահանգները այդ ներդրումները առաջարկում է, որ հետեւի փողերի շարժին եւ բացահայտի մերոնց կոռուպցիոն մեխանիզմներն ու ուղիները:
Այս ներդրումները առաջարկվում են Հայաստանում էկոլոգիական էլեկտրաէներգիայի արտադրության համար: Սա արդեն մահացու հարված է մեր կառավարությանը. չմոռանանաք, որ Կարեն Կարապետյանն էր այն ծերուկ Խոտաբիչը, ով ժիլետի մի կոճակ պոկելով կարողանում էր գազը մեզ վրա ծախել երկու անգամ թանկ: Հիմա, եթե մենք զարգացնում ենք արեւային եւ այլ ոչ-գազային էներգետիկաները, նշանակում է, որ մենք պետք է հրաժարվե՞նք գազից, իսկ Կարեն Կարապետյանը՝ իր ստեղծած հավելյալ արժեքի՞ց:
Ավելին, սա լուրջ հարված է մեր ստրատեգիական դաշնակցի հետ ունեցած հարաբերություններին: Ղարաբաղյան խնդրից եւ ռուսական ռազմաբազայից բացի, Մոսկվան մեզ շղթայված է պահում հենց գազային շանտաժով: Եթե այլեւս այս գազի կարիքը չլինի, իշխանությունները նշանակալիորեն կազատվեն Մոսկվային շնորհակալ լինելու պարտավորությունից:
Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով, Հայաստանի իշխանությունները հասկանում են, որ եթե նրանք մտնեն 8 միլարդանոց թակարդի մեջ, ապա վաղը Կրեմլը նրանց կհանի աշխատանքից, եւ վազելով սին միլիարդների հետեւից, նրանք կզրկվեն նաղդ միլիոնները յուրացնելու հնարավորությունից:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing