Լրահոս

«Մենք տվեցինք 94 զոհ և ի՞նչ ձեռք բերեցինք՝ միայն վտանգվածություն». Վ. Բադասյան

 

paterazm-rusakan-zen-n82594-1

galatv.am-ը գրում է. «Մենք կորցրել ենք ստրատեգիական նշանակություն ունեցող կարևոր տարածքներ և մենք կորցրել ենք բնակավայրեր, կորցրել ենք այն իմաստով, որ հիմա արդեն բնակավայրերում ապրելը շատ վտանգավոր է: Բարոյահոգեբանական տեսակետից և ցանկացած տեսակետից դա շատ մեծ կորուստ է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը:

Ըստ նրա՝ հայկական կողմը պետք է կրակադիրքերը Թալիշից այնքան հեռու պահի, որ հնարավոր չլինի Մարտակերտն ու Թալիշը գնդակոծել: Ուստի, ըստ նրա, կորցրած դիրքերը պետք է հետ վերցնել, և այլ տարբերակ գոյություն չունի:

«Օրինակ մեկը ես և ինձ նման հարյուրավոր, հազարավոր մարդիկ պատրաստ ենք ոչ թե զգացական տեսանկյունից, այլ ունենք այդ փորձը և կենսագրությունը: Այո, հասարակությունը պատրաստ է դրան: Նախագահը նշել է, որ զոհեր են լինելու, չի կարելի զոհերով վախեցնել ժողովրդին, իսկ միգուցե և զոհեր չենք տա, բայց չէ՞ որ մենք զոհեր տվեցինք, երբ ձեռք բերեցինք վտանգվածություն: Մենք տվեցինք 94 զոհ և ի՞նչ ձեռք բերեցինք՝ միայն վտանգվածություն, իսկ անվտանգության համար արժե զոհեր տալ, և թե ովքեր կլինեն այդ զոհերը՝ թեկուզ և մեկը ես»:«Այս կարծր դիրքորոշման մեջ հուզական ոչ մի բան չկա, և դա ռեալ է, և կորցրած դիրքերը ետ վերցնելը նույնպես շատ ռեալ է»: Արցախցի հրամանատարը, ով նաև քառօրյա պատերազմին ու հաջորդող օրերին էր գտնվում առաջնագծում, անդրադարձավ նաև Ս.Սարգսյանի՝ Վիեննայից հետդարձի ճանապարհին տված վերջին հարցազրույցի այն հատվածին, որով հորդորում էր՝ ով համաձայն չէ, գնա և ետ վերցնի կորցրած դիրքերը:

Ս.Սարգսյանի՝ Վիեննայից վերադառնալուց հետո կամավորական ջոկատները սկսեցին ետ վերադառնալ առաջնագծից: Արդյոք չկա այլևս առաջնագծում նրանց կարիքը, հարցին պատգամավորը պատասխանեց. «Կամավորական ջոկատները խիստ անհրաժեշտ են և մեծ դեր են խաղացել պաշտպանության հարցում, բայց նրանց հերթափոխ է պետք, նրանք առանց հերթափոխի էին եկել և հիմա ուղղակի հերթափոխ են կատարում, ոչ թե հեռանում»:

Վահան Բադասյանն անդրադարձավ նաև «Շուշիի առանձնակի գումարտակի» այն նախաձեռնությանը, որով շարունակում են կամավորների հավաքագրումը: Հիշեցնենք, որ Շուշիի գումարտակն օրերս հայտարարություն տարածեց, որ պատրաստ են ետ բերել ապրիլյան պատերազմի հետևանքով կորցրած դիրքերն ու բնակավայրերը: Բադասյանն ասաց. «Խնդիրը կատարողը բանակն է, և կամավորական ջոկատները միայն կարող են աջակցել»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing