Լրահոս

Մենք ուշացել ենք, այն ժամանակ պետք է անեինք

 

Մեր զրուցակիցն է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)

Պարոն Տեր-Թադևոսյան, «Բաշնեֆտի» գործով, որով բազմաթիվ մարդիկ էին կալանավորվել, բոլորին ազատ էին արձակել, և միայն Լևոն Հայրապետյանին էին պահել անազատության մեջ։ Հնարավո՞ր է՝ դա ադրբեջանական լոբբինգի գործունեության հետևանք է։

Ես դրա մասին ոչինչ չեմ կարող ասել։ Մարդիկ այդ թեմայի մեջ խորանում են, փնտրում են, թե հետքերն ուր են տանում, ով է տանում, բայց ես չեմ կարող ասել։ Ինձ համար անհասկանալի մնաց, թե ինչու Լևոն Հայրապետյանին բռնեցին ու էդպես վարվեցին։ Ես ոչ մի տեղեկատվություն չունեմ։

Լևոն Հայրապետյանի ջանքերով Արցախում ռազմական ուսումնարան էր կառուցվում, որը պետք է Դուք ղեկավարեիք։ Հիմա այդ ծրագիրը կիսա՞տ է մնացել։

Այո, կիսատ է մնացել, բայց ես կարող եմ վստահեցնել, որ այն անպայման կկառուցվի, մենք դա այդպես չենք թողնի։ Լևոն Հայրապետյանի մահանալուց հետո բազմաթիվ մարդիկ Ռուսաստանից զանգել են և ասել՝ գանք հավաքվենք, մտածենք, թե ինչպես ենք կառուցում այդ ռազմական ուսումնարանը, քանի որ դա Լևոն Հայրապետյանի վերջին ցանկությունն էր։ Ուզում եմ ասել, բազմաթիվ հետաքրքրված մարդիկ կան, ինչը շատ ուրախալի է։ Մարդիկ ուզում են դա իրականություն դարձնել որպես հարգանքի տուրք և հիշատակ Լևոն Հայրապետյանին։ Մենք անպայման կկառուցենք այդ ուսումնարանը։Լևոն Հայրապետյանի մասին միայն կարելի է դրական բան ասել։ Նա ամեն գնով ու զօրուգիշեր աշխատում էր զարգացնել այն տարածքները, որտեղ ոտք է դրել։ Ես մտածում էի՝ ճիշտ կլինի նրան բերել, թաղել Արցախում, Գանձասարում, որտեղ շատ մեծ աշխատանք է արել, բայց դա միայն իմ մտորումներն են, ես իրավունք չունեմ որևէ բան ասել այդ կապակցությամբ։

Ձեր կարծիքով՝ արդյոք մենք ամեն ինչ արել ենք, որ նա ազատության մեջ հայտնվի։

Հիմա նա մահացել է և գեղեցիկ չէ այդ մասին հետին թվով խոսել։ Ինձ համար տհաճ է մամուլում կարդալ, թե ինչպես են մարդկանց մի մասն ասում, թե կարելի էր այս անել, այն անել, բայց չի արվել, մյուս կողմն էլ ասում է՝ ամեն ինչ արվել է։ Ես այդ մասին չեմ ուզում խոսել։ Բոլոր դեպքերում, ցավալի է նման մարդու կորուստը։

Սարգսյան-Ալիև հանդիպումից անմիջապես հետո սահմանին նորից զոհ ունեցանք։ Փաստորեն այդ հանդիպումն իզո՞ւր անցավ։

Իսկ ո՞վ էր հավատում, որ Ալիևը կարող է ինչ-որ դրական քայլ անել։ Նա կարող է միայն վատ բան անել Հայաստանի ու Արցախի համար։ Նա կարող է հանդիպման ժամանակ լավ բաներ ասի, բայց հետո խախտի իր խոսքը։ Ո՞նց կարելի է հավատալ Ալիևին, նրա հռետորաբանությունը չի փոխվում։ Գեբելսը Ալիևի մոտ ավելի թույլ ստախոս է։

Փաստորեն Ժնևի հանդիպումը ոչ մի դրական արդյունք չտվեց, սակայն հայկական կողմը ոգևորվել էր, Սերժ Սարգսյանի և Ալիևի ուրախ, բարձր տրամադրությամբ նկարներ էր հրապարակում։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը չի փոխում իր մարտավարությունը, այդ պարագայում ի՞նչ պետք է անի հայկական կողմը, ինչպե՞ս պետք է բանակցել և ինչպես պետք է պատասխանենք սադրանքներին։

Իհարկե, պետք է ուժով պատասխանը տալ։ Մենք մի քիչ ուշացել ենք, երբ ես և իմ մարտական ընկերները դեռ երիտասարդ էինք, դեռ այդ ժամանակ պետք էր Ադրբեջանին ուժային պատասխան տալ։ Հիմա բոլորս մեծացել ենք, ու այդ մասին խոսելը ուշացած է։

Իսկ վերջին զոհի համար հայկական կողմը չպե՞տք է առնվազն համարժեք պատասխան տա Ադրբեջանին։

Ես չեմ կարող ասել, թե ինչ պատասխան պետք է տալ։ Ես ասում եմ, որ մենք ադրբեջանցիներին երես տվեցինք, իրենք էլ երես առան։ Ժամանակին պետք է նրանց խիստ ու դաժան պատասխան տայինք։ Խղճացինք իրենց, բայց հիմա իրենք մեզ չեն խղճում։



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing