Լրահոս

Մեր ձեռքը տանում ու մեր աչքը հանում ենք…

 

9f064c5bc38020af9040f43c162f8c51

hraparak.am — Միշտ ասում ենք՝ թող ԼՂՀ — ն ինքնուրույն կողմ լինի, թող ԼՂՀ –ի նախագահը միջազգային կառույցներում խոսի: Հիմա ուրախ պիտի լինենք, որ նման միտում նկատվում է, թեկուզ այն, որ նախագահ Բակո Սահակյանը Ֆրանսիայի խորհրդրանի էլեկտրոնային թերթում հարցազրույց է տալիս: Կարծում եմ յուրաքանչյուր հայ մարդ նման հարցազրույցը կարդալու, լսելու ժամանակ մի տեսակ անհանգստություն պիտի ապրի՝ հանկարծ ինչ որ բան այն չլինի՞…

Բնական անհանգստություն է: Մի կողմից Թուրքիան, որ դիվանագիտության ու հակաքարոզչության մեջ երկրորդը չունի, մյուս կողմից նրա տարածված ճառագայթը՝ Ադրբեջանը… Ինչևէ, նման պարագայում ամոթ էլ է ասելը, թե Հայաստանը, հայ ժողովուրդը ինչ դերում պետք է լինի: Նոր կայացող, ինքնուրույն քայլեր անող պետության ղեկավարն արտահայտվում է: …

Իսկ մենք ի՞նչ ենք անում. մեր ձեռքը տանում ու մեր աչքը հանում ենք: Հայկական ողջ լրատվամիջոցները հեղեղել ենք Բակո Սահակյանի արտահայտությունները թուրքերի օգտին գործածելուն: Տեսե՞ք, Բակո Սահակյանն ասել է. «Ադրբեջանը պետք է կարողանա հրաժարվել ղարաբաղցիների և հայերի հանդեպ իր ազգատյաց քաղաքականությունից…»:

Ու՞մ եք աչքալուսանք տալիս՝ Թուրքիայի՞ն, Ադրբեջանի՞ն… Ու ո՞րն է սարսափելին. երբ հայերն են թարգմանության բնօրինակը փնտրում, որ ողջ աշխարհին համոզեն, որ Արցախի նախագահը նման բան է ասել: Փոխանակ, եթե անգամ նման բան եղել է, փորձեն հարազատ մոր պես կոծկել, թաքցնել, իրե՜նք են հանդես գալիս մեղադրողի դերում…

Ա՜յ սա ես չեմ հասկանում: Գենի բնազդը չի գործում. ազգային վեհ արժեքներում միմյանց կառչելու, մագիլներով պահելու ձգտումը… Տեսե՞լ եք, թե մայրն ինչպես է պաշտպանում իր ձագին՝ սխալվելուց… Իսկ մենք յուրաքանչյուրս մի փայտ ենք վերցրել ու կոտրում ենք հայ ու ղարաբաղցի նույնը լինելու մեջքը… Բակոն ասե՜լ է… Ու կարևոր չենք համարում՝ ճշտելն անգամ:  Ոչ մի քայլ չենք ձեռնարկում, որ մերին պահենք, ո՜չ մի քայլ…

Փորփրում ենք, որպեսզի ավելի համոզիչ բացատրենք մեր հակառակորդներին, որ Բակոն ասել է… Կարծես թե ուրախանում ենք դրա համար, ուրախանու՜մ… Կարծում եմ կպարզվի թարգմանության ենթատեքստը, զիջում- փոխզիջում տերմինների նույնացումը և էլի շատ բաներ… Բայց անկախ ամեն ինչից մենք պետք է պատրաստ լինենք արտաքին աշխարհի որոգայթներին… Գոնե մենք մեզ պիտի կարողանանք պաշտպանել… Արցախի ամեն մի թփի վրա հայի  արյունն է, ամբողջացե՜ք:

Հասմիկ Բաբաջանյան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...