Լրահոս

Մեր սահմաններին ամերիկյան հզոր համակարգ է տեղադրվել՝ ապագայի զենք

 

Մեր զրուցակիցն է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)

Պարոն Տեր-Թադևոսյան, նշվում է, որ առաջնագծի պաշտպանությունն անճանաչելի է դարձել, «Վերբա» զենիթահրթիռային համալիր ենք ձեռք բերել։ Սա ի՞նչ է տալիս մեր պաշտպանությանն ու անվտանգությանը։

Այո, մենք ստացել ենք «Վերբա» զենիթահրթիռային համալիր, դա ունեն Ռուսաստանն ու Հայաստանը։ Ինչ վերաբերում է առաջնագծին, ապա պետք է նշեմ, որ շատ լավ ինժեներական աշխատանքներ են իրականացվում, նոր համակարգեր ու սարքավորումներ են տեղադրվում։ Բացի դրանից, կան նաև պաշտպանության ամրապնդման այլ տարբերակներ, որոնք հիմա մենք մշակում ենք և կառաջարկենք պաշտպանության նախարարությանը։

Փաստորեն քառօրյա պատերա՞զմը պատճառ դարձավ, որ սկսենք առաջնագծի ամրացման աշխատանքները։

Պարզապես մի փոքր կորցրել էինք զգոնությունը։ Ինչ գիծ էլ լինի, այն կարելի է անցնել, ինչ տեխնիկա էլ տեղադրես։ Այստեղ ամենագլխավոր դերը մարդն է խաղում, մարդկային գործոնը, ու մենք տեսանք, որ մեր հասարակ զինվորները հակառակորդի հատուկջոկատայիններին ինչպես հաղթեցին։ Անգամ օտարերկրյա մասնագետներն էին զարմացած, թե դա ինչպես է հնարավոր եղել։ Հիմա մեր սահմանն էլ ավելի ամուր է, այն ամրապնդվում է, ամերիկյան համակարգեր են նաև տեղադրվում։ Դա ապագայի զենք է, որը շատ քիչ երկրներ ունեն։ Այդ համակարգը միանգամից մոտ 10 գործառույթ է իրականացնում, որոշում է հակառակորդի գտնվելու վայրը, նաև թե ինչով է զբաղված հակառակորդը։ Դա իրականացվում է գիշեր-ցերեկ։ Ամենակարևորը, այդ համակարգը տեղեկացնում է և օգնում հրամանատարությանը որոշումներ կայացնելիս։ Այն բոլոր տեղաշարժերը, որոնց մասին նախկինում շատ դժվար էր տեղեկանալ, հիմա հեշտությամբ իրականացվում է։Այդ համակարգը ամերիկացիները մեզ են տվել, մենք էլ փոխանցել ենք Արցախին։ Իհարկե, Ադրբեջանն աղմուկ է բարձրացրել, թե ինչու իրենց էլ չեն տալիս։ Այնպես որ, սահմանին մենք շատ հետաքրքիր սպառազինություն ունենք։ Այդ համակարգը թույլ է տալիս պարզել, թե որտեղ է հակառակորդի տեխնիկան, նրա հեռավորությունը, տեղաշարժը խորությամբ, իսկ դա օգնում է հրամանատարներին որոշել, թե ինչ միջոցներով կարելի է ոչնչացնել հակառակորդի տեխնիկան։ Սա շատ հզոր համակարգ է։

Ձեր կարծիքով՝ սահմանին ու շփման գծում այս հարաբերական անդորրը որքա՞ն կպահպանվի։

Ես չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ, որ լարվածություն մոտ ժամանակներս չի լինի։ Բոլոր դեպքերում, մենք պետք է էլ ավելի ամրապնդենք պաշտպանությունը և քայլեր անենք, որպեսզի քիչ զոհեր ունենանք։ Ալիևի վարչակազմն այսօր ոչ թե Ղարաբաղի մասին է խսում, այլ Հայաստանի մասին, Երևանն էլ են ուզում վերցնել, բայց դա քարոզչության համար է միայն։ Իսկ լարվածություն միշտ էլ լինելու է, ուստի մենք միշտ պետք է ամրացնենք մեր սահմանը։

Իսկ Ադրբեջանը կարո՞ղ է «Իսկանդեր» կամ նմանատիպ այլ զինատեսակներ ձեռք բերել, թե՞ մենք մեր «Իսկանդերներով» մի քայլ առաջ ենք գտնվում և ցանկացած պահի կարող ենք հսկայական վնաս հասցնել ողջ Ադրբեջանի տնտեսական ներուժին։

Ադրբեջանը փող ունի և մշտապես աշխատում է նոր զինատեսակներ գնելու ուղղությամբ, բայց դա ինքնասպանություն է, երբ ասենք մենք հարվածենք, իրենք հարվածեն։ Կարծում եմ, բանը դրան չի հասնի։ «Իսկանդերն» այն զենքն է, որ պետք է այնպիսի տեղ խփես, որ արդյունք ստանաս։ Եթե ասենք, նույն «Իսկանդերով» Հայաստանին խփեն, մենք ի՞նչ ենք կորցնելու, միայն մարդկային կորուստներ կունենանք, բայց իրենք Կիրովաբադում մեծ գործարան ունեն, որին կարելի է խփել, կարող ենք Մինգեչաուրին խփել, ու դա Ադրբեջանը կաթվածահար կանի։

Ընտրությունների ժամանակ իշխանության կարգախոսն էր «Անվտանգություն և առաջընթաց»։ Ձեր կարծիքով՝ ՀՀԿ-ն կարո՞ղ է լուծել անվտանգության խնդիրներն առաջիկա տարիներին, և  ի՞նչ կարծիք ունեք անցած ընտրությունների վերաբերյալ։

Ես այնքանով էի հավատում, որ ինքս էլ մասնակցում էի ընտրարշավին։ Ես էլ եմ ուզում իմ փորձով օգտակար լինել երկրի անվտանգությանը։ Մայիսի սկզբին ամերիկյան մարտական գեներալ է ժամանելու Հայաստան, որի հետ հետաքրքիր հանդիպում է լինելու։ Մենք ուսումնասիրում ենք, թե ինչ ունենք հիմա, ինչ կարող էինք ունենալ, ինչ պետք է անել հետագայում և այդ ամենը կզեկուցենք պաշտպանության նախարարությանը։Ցավոք, մեր մեջ շատերը կան, որ ուզում են ցույց տալ, թե ինչքան վատն ենք, թե օրինակ, ինչքան թույլ էր Սեյրան Օհանյանը, բայց նա այն մարդն է, որ ցույց տվեց, որ մեր զենքերը ոչ մի երկիր չի կարող ունենալ։ Նա երկար տարիներ աշխատեց, որ մեր զինվորը դառնա հերոս, նա ապացուցեց, որ զինվորը պետք է հարգանք ու պատիվ ունենա, որ սպաներն ու գեներալները պետք է զինվորին հարգանքով վերաբերվեն։ 2016 թվականին մենք ցույց տվեցինք, որ մեր զինվորն իր անունն արժանապատվորեն է կրում, քառօրյա պատերազմի ժամանակ մեր զինվորները զարմացրին մեզ, մենք տեսանք, թե զինվորների միջև ինչ եղբայրություն է տիրում։ Մի քանի օր առաջ Թալիշից զինվոր էր եկել ինձ մոտ։ Այդ մի քանի օրվա ընթացքում նա տեղեկացավ, որ ընկերն է զոհվել ու ինձ ասում է, որ ուզում է շուտ վերադառնալ դիրքեր։ Նա կիսատ թողեց արձակուրդն ու վերադարձավ առաջնագիծ։ Այ հենց զինվորի այդ ոգին է մեր գլխավոր զենքը։ Դեռևս 2014 թվականի ապրիլի 24-ին, երբ ես այցելել էի դիրքեր ու հարցրի, թե ինչպես է վիճակն Ադրբեջանի կողմում, հետախուզության պետն ասաց, որ էլի երեք զինվոր լքել է դիրքերը և հիմա նրանց են որոնում։ Իսկ դուք լսե՞լ եք, որ հայկական կողմում առաջնագծից զինվոր փախչի։

Այս օրերին Ադրբեջանը նորից զորավարժությունների է պատրաստվում։ Հնարավո՞ր է սահմանին լարվածություն։

Այո, մենք հիմա դրանով ենք զբաղվում, բավական տեխնիկա են բերել, ու մենք ուշադիր պետք է լինենք։ Բայց, մյուս կողմից, այդ զորավարժությունները շոու են, որին զինվորական ատաշեներ են մասնակցելու։ Ընդհանրապես զորավարժությունները շոու են թե իրենց կողմից, թե մեր կողմից, որի ժամանակ բեմադրում են, թե ինչպես պետք է հարձակվել կամ պաշտպանվել։ Հիմնականում դա չի համապատասխանում իրական վիճակին։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing