Լրահոս

Մերոնք լռում են, կարծես խոսքը ոչ թե ուրանի, այլ կարտոֆիլի մաքսանենգության մասին է

 

c44fa250c1572b77d2a55f5eee677be5

hraparak.am-ը գրում է.  Երկու օր առաջ «Հրապարակը» գրել էր, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդին՝ Արցախյան ազատամարտի եւ կանանց միության նախագահ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Միհրան Մովսիսյանն է ձերբակալվել։ Նախնական տեղեկություններով, նա փորձել է Հայաստանից 200 մլն. դոլարի ուրան հանել եւ ապօրինի ճանապարհով իրացնել Թբիլիսիում: Երեկ մենք փորձեցինք մանրամասներ իմանալ այս արտառոց գործի մասին։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում վստահեցնում են, որ ատոմակայանից հնարավոր չէ ուրան դուրս բերել։ Պատասխանելով մեր հարցին, թե ինչպես կարող էին հայ մաքսանենգները, որոնց թվում է Միհրան Մովսիսյանը, ատոմակայանից ուրան դուրս բերել, նախարարի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանն ասաց․ «Դա բացառվում է»։ Իսկ թե որն է վստահ լինելու հիմքը, եւ արդյոք էներգետիկայի նախարարությունն անցկացրել է ծառայողական քննություն այս հարցի շուրջ, նա չպատասխանեց։

Ուրանի խմբաքանակի գնորդները թուրքե՞ր են եղել։ Մինչդեռ ուրանի հայտնվելը դրսում պետք է որ անհանգստացրած լիներ նախարարին, մանավանդ, երբ Reuters-ի ռուսական բաժինը մոտ մեկ ամիս առաջ հաղորդագրություն տարածեց Վրաստանի սահմանին 3 հայ քաղաքացիների ձերբակալության մասին, որոնց կասկածում էին ուրան-238-ի վաճառքի մեջ։ Այն ժամանակ դեռ չգիտեինք, որ նրանց մեջ է նաեւ Միհրան Մովսիսյանը։ Նշվում էր աստղաբաշխական գին՝ ԱՄՆ 200 մլն. դոլար։ Վրաստանի անվտանգության ծառայության քննիչ Սավլե Մոտիաշվիլին այս մասին հայտարարություն արեց բրիֆինգի ժամանակ՝ ավելացնելով, որ բռնվածներից մեկի բնակարանում հայտնաբերել են ուրանի տեղափոխման համար նախատեսված հատուկ տարա։ Ում էր վաճառվելու ուրանը, եւ որտեղից են մաքսանենգներն այն ձեռք բերել, վրացական հատուկ ծառայությունները չեն հայտնում։ Մեր տեղեկություններով, ուրանի խմբաքանակի գնորդները թուրքեր են եղել։

Ինչ հոդվածով են մեղադրանք առաջադրել մերոնց, հայտնի չէ։ Ըստ մեր աղբյուրի, սակայն, այդ հոդվածը ենթադրում է 12 տարվա ազատազրկում։ Թե մաքսանենգների ձերբակալության օրերին, թե այսօր Հայաստանի ոչ հատուկ, ոչ էլ որեւէ այլ պետական ծառայություններ, ներառյալ ԱԳՆ-ն, չարձագանքեցին այս իրադարձությանը, ինչը, համաձայնեք, տարօրինակ է, կարծես խոսքը ոչ թե ռադիոակտիվ նյութի, այլ կարտոֆիլի գողության մասին է։ Աղմուկը բարձրացավ միայն այն բանից հետո, երբ պարզվեց, որ Միհրան Մովսիսյանը ձերբակալվածների թվում է։ Միհրան Մովսիսյանի մասին հակասական տեղեկություններ կան՝ Արցախի ազատամարտին հերոսաբար մասնակցելուց մինչեւ դիակապտություն՝ զինվորների թալան։ Երկար տարիներ նա ՀՀ հատուկ ծառայությունների հետ է համագործակցել։ Ավելի ստույգ՝ աշխատել է այդ ծառայություններում 1994-1999 թվականներին, զբաղեցնելով մաքսային վարչության պետի տեղակալի պաշտոնն անվտանգության գծով։ Նրա ծառայակիցները պատմում են, որ Միհրան Մովսիսյանը հատուկ ուշադրություն էր դարձնում մաքսանենգության գործերի վրա։ Նա ունի բարձր զինվորական կոչում, եւ այս հանգամանքը, եւ Միհրան Մովսիսյանի կապը հայկական հատուկ ծառայությունների հետ նոր երանգ են հաղորդում այս գործին։ Փաստորեն ստացվում է, որ ՀՀ հատուկ ծառայությունների աշխատակիցը թուրքերին ուրան է վաճառել։

Միհրան Մովսիսյանին ճանաչողներն այնքան էլ չեն հավատում այս վարկածին՝ ասելով, որ չի բացառվում, որ Վրաստանի հատուկ ծառայությունները քաղաքական պրովոկացիաներ են անում հօգուտ թուրքերի։ Նախ՝ ապացուցելու համար, որ Հայաստանը միջուկային զենքի պոտենցիալ արտադրող է, երկրորդը՝ անվանարկելու մեր հերոսներին։ Մյուս կողմից, հայկական ուրանի մաքսանենգությունը հին թեմա է, պարբերաբար արծարծվող, դեռեւս 90-ականների սկզբից։

Ուրանի մաքսանենգ Սմբատ Տոնոյանն ազատ է արձակվել։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն, որը խստորեն հետեւում է նախկին ԽՍՀՄ տարածքում մնացած միջուկային «հզորություններին», օրերս իր պաշտոնական կայքում տեղադրել էր ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած ինֆորմացիան հայերի կողմից ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության բացահայտված դեպքերի վերաբերյալ։ Թվարկված է այդ նյութերի ապօրինի շրջանառության 10-ից ավելի դեպք, որոնք բացահայտվել են Վրաստանի, Իրանի, Ուկրաինայի սահմանային ծառայությունների կողմից։ Իհարկե, կարելի է չվստահել ադրբեջանական մամուլին, բայց այն հանգամանքը, որ ՄԱԳԱՏԷ-ի նման լուրջ կազմակերպությունն իր պաշտոնական կայքում է տեղադրել հրապարակումը, նշանակում է, որ կամ բոլոր այս դեպքերը համապատասխանում են իրականությանը, կամ էլ ՄԱԳԱՏԷ-ում ադրբեջանական «ագենտներ» են գործում։ Ի դեպ, սրանցից առավել աղմկոտ գործը գործարար, կաթի գործարանի տնօրեն Սմբատ Տոնոյանի պատմությունն էր։ Դեռ 2011 թվականին նույն վրացիները ձերբակալեցին 3 հոգու։

Ֆիզիկոս Հրանտ Օհանյանին եւ կաթի գործարանի տնօրեն Սմբատ Տոնոյանին, որոնք ոմն Գարիկ Դադայանին, որը Մոսկվայի բնակիչ էր, ծնունդով ղարաբաղցի, 90 տոկոսանոց գերհարստացված ուրան էին փորձել վաճառել։ Ուրանի այս տարատեսակն օգտագործվում է միջուկային զենքի արտադրության մեջ։ Այս գործն առաջինը լուսաբանեցին անգլիական պարբերականները՝ The Independent-ը, Telegraf-ը, The Guardian-ը, ինչպես նաեւ վրացական Civil.ge կայքը։ Գործարքի գինը մոտ 105 մլն. դոլար էր։ Նյութը մաքսանենգ ճանապարհով տեղափոխել էին Թբիլիսի, որտեղ էլ հայտնվել էին վրաց իրավապահների տեսադաշտում։ Տոնոյանը եւ Օհանյանը սահմանային հսկիչ սարքերը շրջանցելու համար ուրանը տեղավորել էին թիթեղով պատված «Մալբորո» սիգարետի տուփերի մեջ։ Գնորդը, որը վրացական հատուկ ծառայությունների գործակալ էր եղել, որին 18 գրամ ուրան էին ցույց տվել՝ որպես նմուշ։ Այդ պահին էլ ներս էին մտել իրավապահները։ Այս գործով տեղեկություններ եղան, որ ռադիոակտիվ ուրանը տեղափոխվելու էր Նովոսիբիրսկից, որտեղ կա միջուկային վառելիքի վերամշակման գործարան։ Կարեւոր դերակատարներից մեկը՝ Սմբատ Տոնոյանը, մեր տեղեկություններով, վերջերս ազատ է արձակվել վրացական բերդից։ Թե ինչպես էր ուրանը դուրս բերվել Հայաստանից, այն ժամանակ էլ՝ 5 տարի առաջ, չպարզաբանեցին։ ԱԱԾ-ն ընդամենը հաղորդեց, որ հանցագործությունը բացահայտվել է «ՀՀ եւ Վրաստանի հատուկ ծառայությունների համագործակցության շրջանակներում»։

Ուրան-235-ն օգտագործվում է տեռորիստների կողմից՝ «կեղտոտ ռումբի» օգտագործման համար։ 2011 թվականին մեկ այլ աղմկահարույց գործ եղավ՝ Վիկտոր Բուտի գործը։ ԱՄՆ գլխավոր դատախազությունը, որը նրան մեղադրել էր մաքսանենգության, զենքի ապօրինի վաճառքի մեջ, մեղադրականում նշել էր, որ Բուտն ուրան-235 է տեղափոխել Կոլումբիա՝ Հայաստանով։ Ի դեպ, Երեւանում շատ է խոսվում ուրանի մաքսանենգության վերջին դեպքի մասին։ Հիմնական հարցն այն է, թե ինչի համար են օգտագործում ուրան 235-ը կամ 238-ը։ Հայտնի է, որ այն օգտագործվում է, այսպես կոչված, «կեղտոտ ռումբի» պատրաստման համար։ Այն օգտագործում են ահաբեկիչները, քանի որ առանձնակի հմտություններ նման զենքի պատրաստման համար չեն պահանջվում։ Սովորական պայթուցիկը խառնում են մշակված ռադիոակտիվ նյութերի հետ, եւ ցանկացած կիսագրագետ ահաբեկիչ կարող է այն գործի դնել։ Մասնագետներն ասում են, որ նման ռումբերը մեծ ավերածություններ չեն գործում, սակայն կարող են մի ահռելի քաղաք վարակել ռադիոակտիվ ճառագայթմամբ։ Որտեղի՞ց կարող էին հանել ուրանը, Հայաստանում որտե՞ղ կա հասանելի ուրան, բացի ատոմակայանից։ Հարցին պատասխանելով՝ «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն ասաց․ «Մենք ուրանային վառելիքն ստանում ենք Ռուսաստանից եւ հիմնականում պարտքով ենք վերցնում։ Օգտագործվում է այն ատոմակայանում, որտեղից ուրան հանելը հնարավոր չէ, այնքան խիստ հսկողություն է սահմանված։ Ավելի հնարավոր է, որ այստեղից հանում են մեկ այլ երկրից եկած նյութը, որտեղ կան ուրանի հարստացման գործարաններ։ Օրինակ՝ Ռուսաստանից։ Բայց հստակ տեղեկություններ չունեմ։ Հայաստանում ուրանի հարստացման գործարան կամ հանքարդյունաբերություն երբեւէ չի եղել եւ հիմա էլ չկա»։

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing