Մերժվածները համախմբվում են. «Հակահեղափոխությունը» սկսեց

87

lragir.am — Վերջին օրերին քաղաքական-մեդիա-փորձագիտական շրջանակներում աշխույժ արշավ է սկսել խորհրդարանի արտահերթ ընտրությունների դեմ: Դրան ներգրավվել են նաեւ նոր իշխանության «կոալիցիոն» գործընկերները՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, որոնք մինչ Երեւանի ավագանու ընտրությունը կողմ էին արտահայտվում արտահերթ ընտրությանը:

Ընդ որում, բոլորի փաստարկներն ու հիմնավորումները նույնն են՝ կուսակցությունները պատրաստ չեն եւ ժամանակ է պետք վերակազմավորվելու համար, կստանանք միահեծան Ազգային ժողով եւ այլն: Տպավորություն կա, որ այս ամենն ուղղորվում է մի կենտրոնից, այլապես կմտածեին ավելի իրավիճակին համարժեք փաստարկներ:

ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն տրտնջում են, որ նոր կառավարությունն իրենց հետ լավ չի վարվում, փորձելով ամեն կերպ ընդգծել իրենց կարեւորությունը: Միեւնույն ժամանակ, նրանք ակնարկներ են անում, որ կմիանան Ռոբերտ Քոչարյանին, եթե նոր իշխանությունն իրենց հետ պայմանավորվածության չգա:

Այս ուժերին բնականաբար Հայաստանի խնդիրները չեն մտահոգում, այլ իրենց նեղ խմբակային շահերը եւ մանդատները: Դա անթաքույց երեւում է նրանց հայտարարություններից: Ընդ որում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ, ինչպես բնութագրել է ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ժողովրդի իշխանությունը ստացել է 81 տոկոս, իրենք՝ 7: Այսինքն, իրենք կապ չունեն ժողովրդի հետ: Ըստ այդմ, նրանց անհրաժեշտությունը ժողովուրդը չի տեսնում, եւ դա իրենց իսկ գործունեության հետեւանքն է:

Երեւանի ավագանու ընտրությունը Նիկոլ Փաշինյանը փաստացի հռչակել էր խորհրդարանի արտահերթ ընտրության հանրաքվե եւ ստացել 81 տոկոս ձայն: Երեւանցիները ոչ միայն կողմ էին քվեարկել արտահերթ ընտրությանը, այլեւ մերժել նախկին համակարգը: Նույն պատկերը կրկնվելու է նաեւ արտահերթ ընտրությանը:

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը 81 տոկոս ձայն հավաքելով՝ ցույց տվեց, որ Հայաստանի հանրությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հստակ պահանջ է ձևավորում:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եթե կլինեն փաստարկներ, որ այդ պահանջը այդքան էլ ամբողջական չէ, իրենք կգտնեն փաստարկներ, որ այդ պահանջը շատ ավելի մեծ է, քան որոշ գործընկերներ պատկերացնում են:

Նիկոլ Փաշինյանը փաստացի պնդում է արտահերթ խորհրդարանական ընտրությունն արագ անցկացնելու հարցը: Արդյոք այդ փաստարկները կհամոզեն գործընկերներին, եւ ինչ փաստարկներ են դրանք: Թե՞ խորհրդարանի ընտրության հարցում ավելի կհստակեցվի «սեւերի ու սպիտակների» սահմանագիծն ու դիմակայությունը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache