Մեծ աղեղը. Հայաստանը հայտնվել է կիզակետում

0

lragir.am — Հայաստանի ԱԳՆ-ում 100 արտասահմանցի լրագրող է հավատարմագրվել այսօր վարչապետի ընտրությունները լուսաբանելու համար: Համաշխարհային մամուլի ուշադրությունը Հայաստանի իրադարձություններին վկայում է հեղափոխության հանդեպ աննախադեպ հատաքրքրությունը՝ որպես աշխարհում սրընթաց աշխարհքաղաքական գործընթացների մաս:

Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայարարում է, որ Հայաստանի իրադարձություններն աշխարհքաղաքական համատեքստ չունեն: Հասկանալի է, որ այս հայտարարություններն արվում են Հայաստանից Արեւմուտք-Ռուսաստանի կոնֆլիկտը հեռու պահելու համար: Նա ասում է, որ Հայաստանը մտադիր չէ վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները, մտադիր չէ դուրս գալ ռուսամետ դաշինքներից եւ այլն:

Դիտարկելով աշխարհքաղաքական իրադարձությունները՝ կարելի է եզրակացնել, որ Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ կոնֆլիկտն արդեն արխաիզմ է, իրադարձություններն այնքան սրընթաց են զարգանում, որ դժվար է որոշել անգամ կոնֆլիկտի կողմերին: Սա ոչ թե կոնֆլիկտի է նման, այլ նոր աշխարհակարգի հաստատման:

Թրամփն անսպասելի կարգավորել է կորեական խնդիրը, եւ շատ շուտով ԱՄՆ նախագահը կարող է սահմանային գոտում հանդիպել երկու Կորեաների առաջնորդներին: Անհնարինը հնարավոր է դառնում: Զուգահեռ Իսրայելն ԱՄՆ միջոցով փորձում է հասնել իրանական հարցի լուծման՝ Իրանին զրկելով միջուկային զենքից եւ հետո սկսել նրա հետ բարեկամություն անել: Անհնար է թվում, բայց հնարավոր է:

ԱՄՆ-ն հայտարարել է, որ արդեն հակատանկային Ջավելին հրթիռներ է մատակարարել Ուկրաինային, իսկ Վրաստանը հայտարարել է, որ այս ամիս 9 ստորաբաժանում կձեւավորի ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Միտչելն այցելում է Ուկրաինա եւ Վրաստան ու հայտարարում, որ այդ երկրները շատ մոտ են ՆԱՏՕ-ին: Սա կարծես թե հին աշխարհակարգի փլուզումն է, որը սահմանել է, թե ում ուժերը որտեղ պետք է տեղակայվեն:

Մոսկվայում անսպասելի 10000 մարդ է հավաքում Տելեգրամի արգելափակման դեմ, իսկ մայիսի 5-ին Ռուսաստանում խոշոր ցույց է նախատեսված: Ընդ որում, Ռուսաստանը գնալով ավելի հաճախ է հայտարարում, որ պատժամիջոցներն ազդում են բիզնեսի եւ աշխարհում Մոսկվայի դիրքի վրա: Ռուսաստանը հասկանում է, որ պետք է փոխվի:

Այս ֆոնին միամտություն կլիներ Հայաստանի իրադարձություններն աշխարհքաղաքական համատեքստից դուրս դիտարկել: Սա վաղուց արդեն դուրս է եկել Ռուսաստան-Արեւմուտքի հակամարտության շրջանակից: Հիմա հարցը հետեւյալն է՝ պատրա՞ստ ես փոխվել եւ դառնալ նոր աշխարհակարգի մաս: Հայաստանը փորձում է ինքնուրույն փոխվել, առանց վիրահատական միջամտության:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache