Լրահոս

Մեզ գող քաղաքապետ պետք չէ.Գյումրին չի հանդարտվում

 

hr

Hraparak.am Հոկտեմբերի 9-ին թիվ 34 ԸԸՀ –ը նիստ կայացրեց եւ որոշեց բաշխել հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների մանդատները: Ինչպես կանխատեսվում էր հանձնաժողովը կայացրեց անարդար որոշում` Գյումրու ավագանու 33 մանդատներից 17-ը շնորհելով «Բալասանյան» դաշինքին , ԲՀԿ-ին տրվեց 8, «Հայկական վերածնունդ»-ին եւ ԳԱԼԱ-ի ն՝ 4-ական մանդատներ:Մինչդեռ հիշեցնենք, որ այս երեք կուսակցությունները միավորվել էին եւ փաստաթուղթ ձևակերպել, որով ընդգծում էին, որ որ իրենք մեծամասնություն են, «Բալասանյան» դաշինքը ստանալու է 15 մանդատ,իսկ իրենք միասին` մնացած18-ը: Նշենք, որ թիվ 34 ԸԸՀ-ի նիստը չափազանց լարված է անցել, հանձնաժողովի անդամներն ստիպված են եղել մեծ թվով ոստիկաններ հրավիրել ներսում գտնվող քաղաքացիներին սաստելու համար: Ի դեպ քաղաքացիները հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանից պահանջում էին չեղյալ հայտարարել որոշումը, այն ընթերցել բարձրաձայն: Հանձնաժողովի նախագահը չի ընդունել քաղաքացիների պահանջը, հեռացել է անարձագանք: Ի վերջո ներկաների դժգոհությունից հետո հայտարարվել է, որ ժամը 16:00-ին թիվ 34 ԸԸՀ անդամները դարձյալ քվեարկելու են: Նոր քվեարկությունը սակայն, որևէ բան չփոխեց: Նիստին ներկա քաղաքացիներից մեկը պատմեց, նկատել էր, թե Սամվել Բալասանյանն ինչպիսի անհանգստությամբ էր պարբերաբար զանգահարում նիստին ներկա իր պատվիրակին` փոխքաղաքապետ Ա. Մխիթարյանին` արդյունքներն իմանալու համար: «Այդպես էլ առանց հիմնավորելու, վերցրեցին ու երկու մանդատ տվեցին Բալասանյանին, չասացին, թե ումից գողացան ու նորից ապօրինաբար դարձրեցին քաղաքապետ: Մեզ գող քաղաքապետ պետք չէ, ինքն իր այս քայլերով ստիպում է, որ ժողովուրդն իր դեմ դուրս գա ու կգա»,-վրդովված ասած նիստին ներկա քաղաքացին: ԲՀԿ-ն եւ ՀՎԿ-ն վստահեցնում են, որ ԸԸՀ-ն մեկական մանդատ գողանալով իրենցից` նվիրեց «Բալասանյան» դաշինքին:Իսկ ահա ԳԱԼԱ-ի դեպքում պարզապես տարբերակ չկար`մանդատը քիչ էր` գողանալ հնարավոր չէր: Թիվ 34 ԸԸՀ նախագան Էդվարդ Բաղրամյաննը, մեր հարցին, թե ինչ սկզբունքով են մանդատները բաշխել, պատասխանեց. «Օրենքի, եթե դժգոհություններ կան թող դիմեն կրկին օրենքին: ԸՕ 141 հոդվածի 4-րդ կետի համաձայն, եթե տվյալ քաղաքական ուժը հավաքել է 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծություն է, ապա տեղերի բացարձակ մեծությունը տրվում է նրան»: Վաղը` հոկտեմբերի 10-ին` ժամը 12:00-ին նորընտիր ավագանին կհրավիրի իր առաջին նիստը, որի ընթացքում ընտրվելու է Գյումրու քաղաքապետը: Սակայն նշենք, որ ընդդիմադիր 3 ուժերը պատրաստվում են այն բոյկոտել, իսկ այսօր երեկոյան Գյումրու Թատերական հրապարակում մեծաթիվ գյումրեցիներ պատրաստվում են հանրահավաք անցկացնել` ընդդեմ ԸԸՀ –ի կայացրած անօրինական վճռի: Արևիկ Հակոբյան, Գյումրի

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...