Մի՞թե Ռոբերտ Քոչարյանը չի ամաչում, որ Հայաստանի ներքին կեղտը հանել է ռուսական հեռուստաշուկա

534

Մեր զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը

Պարոն Սաֆարյան, Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական HTB հեռուստաընկերությաւնը, որտեղ նշել է, որ այսօրվա իշխանությունը, որ 10 տարի առաջ պարտվել է ընտրություններում, այսօր վենդետա է իրականացնում իր նկատմամբ։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հարցազրույցը, որտեղ նա անդրադառնում է իր հետագա քաղաքական քայլերին, իր շուրջը մոբիլիզացիային, ինչպես նաև սուր քննադատում է այսօրվա իշխանությանը։

Իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում, երբ հայաստանյան որևէ ընդդիմադիր արտերկրի որևէ լրատվամիջոցով խոսում էր Հայաստանի ներքաղաքական խնդիրներից, իշխանության կողմից հետապնդվելուց, Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմակիցներն ամենավերջին բառերով անվանարկում էին, մեղադրում էին կեղտոտ սպիտակեղենը դուրս տանելու մեջ։ Եվ դա արվում էր նաև ԱԳ նախարարի մակարդակով։ Հիմա մի՞թե Ռոբերտ Քոչարյանը չի ամաչում, որ Հայաստանի ներքին կեղտը հանել է ռուսական հեռուստաշուկա։ Արդյոք այդ հեռուստաշուկայում կա՞ն գնորդներ այդ անհեթեթ լացի համար, երբ մարդը ներկայացնում է մեղադրանք, որ իբր իրեն հալածում և վենդետայի են ենթարկում, ընդ որում՝ նշելով, որ դա անում են նրանք, ում ինքը հալածել է՝ դրանով կարծեք թե խոստովանություն անելով, բայց նաև շրջանցում է այն հարցը, թե ինչո՞ւ է ժողովուրդն ուրախացել, որ իրեն հետապնդում են։ Հարյուր հազարավոր մարդիկ ինչու իրեն չեն պաշտպանում, ինչու բոլորը համակարծիք են, որ ինքը փորձել է ուզուրպացնել իշխանություն և փորձել է սահմանադրական կարգը տապալել։ Անկեղծ ասած, ինձ զարմացրեց և ցավ պատճառեց, որ 10 տարի երկրի նախագահ եղած մարդը, ես հասկանում եմ, որ անելանելիությունից և իր վիճակի անհեթեթությունից նույնիսկ ակնհայտ բաներ է կեղծելու, բայց մարդը, իր ասելով, տեղյակ չի եղել, որ իր պաշտոնավարման 10 տարվա ընթացքում որևէ իրավական ակտում արտոնված հանրահավաք տերմին չի եղել։

Որևէ օրենքում դա գրված չի եղել, այսինքն՝ ով և ինչ է խախտել, ում է նա այդ մեղադրանքը ներկայացնում՝ տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր, օգտվելով իրենց սահմանադրական իրավունքից, հանրահավաք են արել, որի համար արտոնություն պետք չէր։ Մարդը մինչև հիմա կամ շահարկում է, կամ նույնիսկ չի էլ հասկացել, թե ինչ էր ասում Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչ է հասկացել ավազակապետության կազմաքանդում ասելով, այսինքն՝ ավազակների հեռացում։ Լևոն Տեր-Պետրոսյանը մի հսկայական շարք ունի, թե ինչպես է Հայաստանում ձևավորվել ավազակապետությունը և ինչպես պետք է պետությունն ազատել ավազակներից։ Երբ Քոչարյանը դա լուրջ դեմքով ներկայացնում է որպես պետության կազմաքանդում, մարդը, որը ուղղակի ուզում է դիմացինին հիմարի տեղ դնել և ասել, որ աշխարհի բոլոր երկրների նախագահներն ապօրինի համարվում են սահմանադրական կարգի երաշխավոր, եթե դա այդպես է գրված, ուրեմն իրենք հրեշտակներ են, և աշխարհի ոչ մի երկրում սահմանադրական կարգ չեն փորձում տապալել նախագահները, սա, ի՞նչ ասեմ, թողնում եմ առանց մեկնաբանության՝ no comment։

Քոչարյանը հայտարարել է, որ դեռ չգիտի՝ կուսակցություն կբացի, թե եղած ուժերին կկոնսոլիդացնի։

Նա վախենում է հայտարարել, որ քաղաքականություն է վերադառնում, դա էլ է աբսուրդ։ Շաբաթներ առաջ ինքը խրոխտ ձայնով հայտարարում էր, որ վերադառնում է քաղաքականություն և որ նոր իշխանությունները դրանից են ահաբեկված։ Հիմա կարծեք թե չի կողմնորոշվում։ Ասենք, Նիկոլ Փաշինյանը ահաբեկված է, վրեժ է լուծում 10 տարի առաջվա համար, Նիկոլ Փաշինյանը կանխում է իր մուտքը քաղաքականություն։ Նա նույնիսկ հարցին չի կարողանում պատասխանել։ Լրագրողը հարցնում է՝ որևէ կոալիցիայով, որևէ դաշինքո՞վ է գնալու, նա նույնիսկ ի վիճակի չէ ասելու, որ որևէ քաղաքական ուժ կա, որն իրեն սատարում է։ Նա չունի իրեն սատարող քաղաքական ուժ, թեև մի քանի ուժեր փորձեցին ամրապնդել նրա քաղհալածյալի կարգավիճակը։ Բայց, միևնույն է, չկա Հայաստանում քաղաքական ուժ, որը կասի, որ Քոչարյանի հետ մեկ թիմում եմ, և նա իմ առաջնորդն է։

Նա նաև նշել էր, որ շատ լուրջ կոնսոլիդացիոն կենտրոն կարող է դառնալ քաղաքական ուժերի համար։ Ենթադրվում է, որ դրանք կարող են լինել ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, որոնք չեն բացառում համագործակցությունը Քոչարյանի հետ։

Համագործակցությունն այլ բան է, Քոչարյանին առաջնորդ ճանաչելը և նրա հետ միասին քաղաքականություն վարելը լրիվ այլ բան։ Նրանք եթե ցանկանային, մինչև հիմա դա արած կլինեին։ Ես մի փոքր տարակուսած եմ ՀՀԿ-ի որոշ ներկայացուցիչների անինքնասիրությունից՝ հաշվի առնելով, որ Քոչարյանն իր ողջ հարցազրույցի ժամանակ նույնիսկ խորշում է Սերժ Սարգսյանի անունը տալուց։ Փոխարենը քննադատում է Սերժ Սարգսյանին սահմանադրական փոփոխություններ անելու համար։ Քոչարյանը Սերժ Սարգսյանի անունը չի տալիս, բայց ՀՀԿ-ն սերակալած, ջիգյարակալած  թևերը փռել է Քոչարյանի վրա։ Ես ճիշտն ասած արդեն ահաբեկված եմ, որ իսկապես մարդիկ սեփական արժանապատվությունը, սեփական լիդերի արժանապատվությունը չեն կարողանում պաշտպանել, երկրի արժանապատվությունը ոնց կարող են պաշտպանել։

Եթե Քոչարյանի շուրջ որոշ քաղաքական ուժերի կոնսոլիդացիա լինել, արդյոք նա կարո՞ղ է երբևէ նաև հանրային մոբիլիզացիա ապահովել։

Ոչ, նրա վերադարձին որևէ մեկը չի սպասում։ Ամենակարևորը՝ նրա վերադարձին պետք է սպասեր հասարակությունը։ Տարիներ առաջ, անգամ 2-3 ամիս առաջ քաղաքական ուժերը բան էին որոշում։ Հիմա եթե անգամ 2-3 քաղաքական ուժեր ցանկանան, որ Քոչարյանը վերադառնա, միևնույն է, նա չի վերադառնա, որովհետև այսօր թիվ մեկ գործոնը ժողովուրդն է։ Քաղաքական ուժերի դերը, մեղմ ասած, խարխլված է։ Մենք սա ամեն օր ենք տեսնում։ Կա հստակ ընդգծված վառ առաջնորդ Նիկոլ Փաշինյան և կա ժողովուրդ։ Քաղաքական կյանքի կազմակերպման մյուս գործիքները, ցավոք սրտի, չկան։ Նրանք որոշումների ընդունման մեջ չկան, նրանք անգամ հանրային կարծիքի ձևավորման մեջ չկան։ Հետևաբար, մեկ սուբյեկտ կա, որ ուզի, որ Ռոբերտ Քոչարյանը գա, որովհետև միայն այդ դեպքում Քոչարյանը կարող է հույսեր փայփայել, որ ինքը կարող է կոնսոլիդացիայի  կենտրոն լինել, եթե  ժողովրդի գոնե մի հատված դա ուզենա, բայց անգամ այդ մեկ հատվածն այսօր չկա։ Հետևաբար, ինչ-որ կուսակցական ակումբներ, եթե նույնիսկ որոշեն, որ իրենք Քոչարյանի հետ միասին մեկ թիմում են, նրանք ոչինչ չեն որոշում, նրանք արդեն մարգինալացված են և լուսանցքից դուրս են։ ՀՀԿ թե մեկ այլ կուսակցություն, նրանք բոլորը լուսանցքից դուրս են։ Հետևաբար, ես այդպիսի վերադարձի հնարավորություն չեմ տեսնում։

Դուք նշում եք, որ նրանք մարգինալ ուժեր են, նրանցից ոչինչ կախված չէ, բայց արդյոք հենց նրանցից չէ՞ այսօր կախված այսօր երկրում սահմանադրական ճգնաժամի լուծումը։

Ճիշտ եք ասում, բայց տեսա՞ք ինչ տեղի ունեցավ օգոստոսի 17-ի հանրահավաքին։  Երբ Նիկոլ Փաշինյանն ընդամենը ակնարկեց, որ կանցնի ուղիղ կառավարման հրապարակով և դատական հարցերը կլուծեն անցումային արդարադատության մեխանիզմով, որը ամենակարևոր բաներից մեկն է ներպետական վեճերի և կոնֆլիկտների հարթման, նրանք անհանգստացան։ Սահմանադրությունը չի արգելում ուղիղ ժողովրդավարության մեխանիզմով կառավարել։ Եվ նրանք որքան անէական նստած են խորհրդարանում, այդպես անէական էլ կարող են նստել ևս մեկ տարի, և ոչնչի վրա չազդել։ Եվ ահա սրանից են նրանք անհանգստացել։ Նրանք հասկանում են, որ բուն լեգիտիմ ազդեցության առումով իրենք չկան, իրենք ունեցած միակ ռեսուրսը պառլամենտում ունեցած կոճակներն են։ Եվ երբ Նիկոլ Փաշինյանը սպառնաց, որ նրանց կոճակներն էլ այլևս կարող են ոչինչ չորոշել, այդտեղ նրանք այդտեղ անհանգստացան։ Ես դրա համար եմ նրանց մարգինալ անվանում, որովհետև մարգինալ համարվում է այն քաղաքական միավորը, որը օրակարգի ձևավորման հարցում չկա, մեծամասնության օրակարգ ձևավորող չէ և որոշումների կայացման վրա չի ազդում։ Ես այս առումով, այո, եթե նրանց նման 10-20 քաղաքական ուժ որոշի, որ Քոչարյանը վերադառնում է, միևնույն է, դա ոչինչ չի փոխում Քոչարյանի կյանքում։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache