good-banner
Լրահոս

Մի չեղած «ապտակի» պատմություն

 

a9a2fd1b-d054-48a5-b53d-85c5b0eb6716_mw1024_mh1024_s

«Ժառանգություն» կուսակցության վարչության վերջին նիստից հետո շատ լրատվամիջոցներ գրեցին առաջիկա ընտրություններին մասնակցելու ձեւաչափի շուրջ Զարուհի Փոստանջյանի ու Արմեն Մարտիրոսյանի ունեցած տարաձայնությունների մասին: Որոշ լրատվականներ էլ տեղեկություններ տարածեցին, թե Զարուհի Փոստանջյանը վիրավորական խոսքեր է ասել Արմեն Մարտիրոսյանի հասցեին, եւ վերջինս իբր փորձել է ապտակել նրան, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանն է միջամտել եւ չի թողել ապտակը տեղ հասնի:

Այդ լուրերը կարդալուց հետո ես այդ «ապտակի» պատմությանն ի սկզբանե չհավատացի: Ոչ թե չհավատացի այն պատճառով, որ շատ սովորական բան է, որ ընկնելով եղած ու չեղած սենսացիաների ետեւից՝ մեր լրատվականներից շատերը ինչ սուտ ու սխալ տեղեկություններ ասես տարածում են: Որոշներն հետո հերքում են այդ ստերը, ոմանք էլ անգամ դա չեն անում:

Չհավատացի այն պատճառով, որ մի արարք է վերագրվում անձի, տվյալ դեպքում՝ Արմեն Մարտիրոսյանին, որը ոչ մի պարագայում ընդունակ չէ դա կատարելու. դա դեմ է իր կերպարին, կենսակերպին, արժեհամակարգին, դաստիարակությանը: Վստահ եմ՝ ինչ իրավիճակում էլ հայտնվի, ինչպիսի տրամադրվածության մեջ էլ գտնվի, ինչքան էլ հունից դուրս գա, Արմեն Մարտիրոսյանից անհավատալի է կնոջ վրա ձեռք բարձրացնելու փորձն անգամ: Դա ուղղակի բացառվում է:

Այդ «ապտակի» մասին լուրերը հերքել են «ապտակի» կողմերը: Զարուհի Փոստանջյանն անգամ հանդես է եկել հայտարարությամբ, նշելով. «Այս մի քանի օրերի ընթացքում լրատվամիջոցների կողմից իմ գործընկերների վերաբերյալ տարածվել է ակնհայտ սուտ` վիրավորական եւ զրպարտչական տեղեկատվություն: Տեղեկացնում եմ, որ շուրջ 10 տարի, լինելով «Ժառանգություն» կուսակցության անդամ, համատեղ կուսակցական գործունեություն եմ ծավալել արժանապատիվ կանանց եւ տղամարդկանց հետ: Ես ունեմ եւ կարող եմ ունենալ տարակարծություն Արմեն Մարտիրոսյանի հետ, սակայն նա ունի հրաշալի դաստիարակություն, որպեսզի, չկիսելով իմ կարծիքը, հարգի այն»:

Զարուհի Փոստանջյանի ու Արմեն Մարտիրոսյանի տարակարծությունը գաղտնիք չէ: Զ. Փոստանջյանը բացառում է, որ «Ժառանգությունը» խորհրդարանական ընտրություններին մասնակցի որեւէ դաշինքի կազմում, առավել եւս՝ Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի շուրջ ստեղծված: Ի տարբերություն նրա՝ Արմեն Մարտիրոսյանը կողմնակից է նման դաշինքի եւ գործուն քայլեր է անում` դրա իրականացման համար: Ավելին, նա հակված է ընդդիմադիր դաշտի էլ ավելի լայն համախմբման:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...