Լրահոս

Մի քայլ առաջ, երկու քայլ ետ. Երկու ոտքը մի կոշիկում

 

104784

Համաշխարհային տարատեսակ վարկանիշային սանդղակներում Հայաստանը օրեցօր բարելավում է դիրքերը: Բարելավում է այնպիսի տեմպերով, որ կարող է առաջացնել, ասենք, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Սինգապուրի կամ Իսրայելի նախկին ղեկավարների նախանձը, որոնց օրոք այդ երկրները թռիչքաձեւ զարգացում ապրեցին:

Վերջին զեկույցը «Հերիթաջ ֆաունդեյշնի»` օրերս հրապարակված զեկույցն էր, ըստ որի տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 33-րդ հորիզոնականը՝ միանգամից առաջ ցատկելով 21 տեղով` 2016-ի զեկույցում  54-րդն էինք: Դա նշանակում է, որ մեր տնտեսական ազատությունը ընդամենը մեկ տարվա ընթացքում բարելավվել է 21 «հորիզոնականով»: Մի քանի ամիս առաջ էլ «Դուինգ բիզնես» սանդղակում էինք 5 միավորով բարելավել մեր տեղը եւ տեղավորվել 38-րդ հորիզոնականում: Այս ցուցանիշով առաջ ենք, օրինակ, Բելգիայից, Իտալիայից, Իսրայելից եւ այլն:

Սա շատ լավ է իհարկե, շոյում է մեր ինքնասիրությունը, կարող ենք այլ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ այդ «հորիզոնականներով» գլուխ գովել, հակառակորդների աչքը մտցնել դրանք եւ այլն: Բայց մի բնական հարց է ծագում. եթե այդքան առաջ ենք գնացել այդ սանդղակներում, ինչո՞ւ է մեր տնտեսությունը այսքան վատ վիճակում: Այնքան վատ, որ մարդու լաց է գալիս: Այնքան վատ, որ հուսալքության նոպաներ կարող է առաջացնել:

Իհարկե, պրոֆեսիոնալ տնտեսագետները արձանագրում են, որ այդ սանդղակներում մեր տեղը որոշվում է բազմաթիվ ենթացուցիչներով, որոնց մի մասը շատ վատն է, մյուսը շատ լավն է… Բայց փաստը կա չէ՞, որ մենք ասենք Բելգիայից ու Իսրայելից առաջ ենք: Բայց եթե նայենք, թե որքան ներդրում է լինում մեր` ամենահեղինակավոր սանդղակների առաջին աստիճաններին կանգնած մեր տնտեսության մեջ ու որքան` մեր ետեւում մնացած շատ երկրներում, տարօրինակ զգացումներ ենք ունենում: Մեր տնտեսությունը, պատկերավոր ասած, երկու ոտքը մտցրել է մի կոշիկի մեջ ու համառորեն չի ուզում զարգանալ: Ախր ոնց է լինում, որ սանդղակներում անընդհատ բարելավվող մեր տնտեսության մեջ ներդրումների ծավալը այդքան փոքր է` ընդամենը ՀՆԱ-ի 20 տոկոսը: Այն էլ՝ եթե այդ ներդրումներից հանենք այն գումարները, որոնք ներդրվում են, ասենք, հանքարդյունաբերության մեջ, տակը բան չի մնա: Այնինչ ներդրումները` թե՛ ներքին, թե՛ օտարերկրյա, պետք է կազմեին ՀՆԱ-ի 35-40 տոկոսը: Եվ ուրեմն՝ ինչո՞ւ:

Պատասխանը, որքան էլ տարօրինակ հնչի, ընկած է, օրինակ, ՀՀԿ ռեյտինգային ցուցակում: Մի սիմվոլիկ զուգադիպությամբ այդ ցուցակը հրապարակվեց նույն օրերին, ինչ «Հերիթաջ ֆաունդեյշնի» վարկանիշային, կամ որ նույնն է՝ ռեյտինգային սանդղակը: ՀՀԿ-ի ռեյտինգայինի 91-րդ տեղում բոլորիս քաջ հայտնի Սամվել Ալեքսանյանն է, 73-րդ տեղում «Քեթրին» ընկերության հիմնադիր Միհրան Պողոսյանը…: Կարո՞ղ է արդյոք զարգանալ տնտեսությունը մի երկրում, որտեղ իշխանական կուսակցության ցուցակում կան Սամվել Ալեքսանյանը, Միհրան Պողոսյանը…: Եթե հարցին մի քիչ խորությամբ նայենք, ապա տնտեսության զարգացումը եւ իշխանության ցուցակում նման երեւույթների առկայությունը անհամատեղելի են: Խոսքը անձանց, նրանց որակական հատկությունների մասին չէ ամենեւին, այլ երեւույթների:

Օրինակ, ինչով է զբաղվում Սամվել Ալեքսանյանի «իմպերիան», որը բաղկացած է մի քանի ընկերություններից` «Ալեքս Գրիգ», «Ա եւ Գ», «Ալեքս Տեքստիլ»…: Այս «իմպերիայում» չի արտադրվում որեւէ մրցունակ ապրանք, որը կարող է իր կայուն տեղը գրավել համաշխարհային սպառողական շուկայում: Օրինակ, նրա իբր արտադրած շաքարավազը չի արտահանվում: Ինչո՞ւ: Որովհետեւ թանկ է: Չի կարող վաճառվել այլ երկրներում: Միեւնույն ժամանակ այլ երկրներից, որտեղ շաքարավազը  էժան է, Հայաստան չի կարող ներկրվել, որովհետեւ «չի կարելի»: Դա Ալեքսանյանի մոնոպոլիան է: Ստացվում է որ «Ալեքսանյան» երեւույթը ստեղծվել է միայն ներքին սպառողից փողը փոշեկուլի պես քաշելու համար: Իսկ դա ամենեւին չի ենթադրում տնտեսության որակական փոփոխություն, նոր տեխնոլոգիաների ներմուծում, գիտական մշակումների կիրառում…:  «Ալեքսանյան» երեւույթը ստեղծում է մանրածախ շուկան գրավող սուպերմարկետների ցանց, որտեղ վաճառվում են «Ալեքսանյան» երեւույթի արտադրած ոչ մրցունակ բայց լայն սպառման ապրանքները: Իսկ այլ, հովանավորչություն չունեցող արտադրողների ապրանքները դուրս են մղվում այդտեղից: Շաքար, ալյուր, հաց, երշիկեղեն, գուլպաներ…: Դրանք այնպիսի որակ ու գին ունեն, որ չեն կարող արտահանվել, իսկ եթե արտահանվեն էլ, ապա մի չնչին տոկոսը (այստեղ հաշվի չենք առնում վիսկին, որը բոլորովին այլ խոսակցություն է):  Ու այս ցանկը ընդլայնվում է օրեցօր, ժամ առ ժամ: Կարո՞ղ է արդյոք այսպիսի տնտեսական միջավայրը գրավիչ լինել ներդրումների համար: Թերեւս այլ կարծիք լինել չի կարող: «Ալեքսանյան» երեւույթը, պատկերավոր ասած, կառուցում է պետություն պետության մեջ, եւ դա երկրի չզարգացման անվիճելի երաշխիք է:

Միհրան Պողոսյանի ստեղծած «Քեթրին» երեւույթը ավելի փոքր մասշտաբներ ունի, բայց խորհրդանշում է կացնային` ռուսերեն ասած «տապոռային» մոնոպոլիան: Բանանի ներկրման «քեթրինյան» մոնոպոլիայից բորբոսահոտ է գալիս, բայց դա համառորեն գոյատեւում է ու դեռ երկար կգոյատեւի: Անցած տարի մեծ աղմուկով մի քանի գործարարներ բանան ներկրեցին, բայց նույնիսկ այդ պայմաններում «քեթրին» երեւույթի բաժինը  շուկայում ավելի քան 90 տոկոս է:

Խնդիրը նրանց մոնոպոլիաների մեջ չէ: Տնտեսությունը առաջին հերթին հոգեբանություն է: Եթե ներդրողը հոգեբանորեն ուզում է ներդրում անել, այնքան էլ նշանակություն չունի` այդ բիզնեսը կունենա 18 տոկոս շահութաբերություն, թե 16: Կարեւորը, որ նա հոգեբանորեն պատրաստ լինի գնալ ռիսկի ու բիզնես դնել: «Ալեքսանյան» եւ «քեթրին» երեւույթների առկայության պարագայում, ներդրողները հոգեբանորեն պատրաստ չեն, եւ բիզնեսի շահութաբերության տոկոսը արդեն երկրորդական նշանակություն ունի:

Ու հիմա Ալեքսանյանն ու Պողոսյանը ՀՀԿ-ի ցանկում են: Դա նշանակում է, որ իշխանությունը վճռական է՝ պահպանելու տնտեսական այս «համակարգը»: Իսկ դա էլ նշանակում է, որ ներդրողները վճռական են լինելու մեր տնտեսության մեջ ներդրում չանելու հարցում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

armtimes.com

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing