Լրահոս

Միակ ու վերջին թելը Սերժ Սարգսյանի եւ օլիգարխիայի միջեւ

 

Ավելի ճիշտ կլինի, եթե վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը եւ ստանձնի իրավիճակի ուղիղ պատասխանատվություն, ոչ թե մեկ-երկու տարին մեկ փոխվեն վարչապետները, երբ ոչ ոք չի կրում պատասխանատվություն պետության առաջ: Այդ կարծիքի հեղինակը ԵԼՔ դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանն է, որը հայտարարել է, թե դա իր անձնական կարծիքն է, ոչ թե ԵԼՔ-ի:
ԵԼՔ-ի կարծիքը մի քանի օր առաջ հնչեցրել են դաշինքի երեք առաջնորդները, տարբեր առիթներով՝ թե կառավարության ծրագրի քննարկման, թե 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում: Նրանք նշել են, որ դնում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարի խնդիր: Արամ Զավենի Սարգսյանն օրինակ հայտարարել է նաեւ, թե կարող են գլխավորել նաեւ փողոցային պայքար, եթե հանրությունը դուրս գա: Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, թե գնդակը հանրության դաշտում է:
Առաջին հայացքից թվում է, որ ԵԼՔ-ի առաջնորդները, ի տարբերություն Սասուն Միքայլեյանի, հանդես են գալիս առավել արմատական եւ կոշտ դիրքերից՝ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության հարցում:
Բայց իրավիճակը փոքր ինչ խորը դիտարկելու դեպքում փաստացի ստացվում է, որ ԵԼՔ-ի առաջնորդների այդ դիրքորոշումն իր մեջ պարունակում է պատասխանատվությունը հանրության վրա դնելու վտանգ: Այսինքն, եթե հանրությունը դուրս չեկավ փողոց, հոծ զանգվածներով չլցրեց փողոցներն ու հրապարակները, ուրեմն դեմ չէ Սերժ Սարգսյանի վարչապետությանը: Արդյունքը կլինի այն, որ կոշտ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժը այդ դիրքորոշմամբ, այդ շեշտադրումով պարզապես անուղղակիորեն կհայտարարի, որ Սերժ Սարգսյանը հանրության «ընտրած» վարչապետն է, ինչպես հայտարարում է, որ ՀՀԿ-ն հանրության ընտրած մեծամասնությունն է:
Այլ կերպ ասած, Սասուն Միքայելյանի դիրքորոշումը իր խորքում շատ ավելի կոշտ եւ անբարենպաստ է Սերժ Սարգսյանի համար, քան նրա վարչապետության դեմ դիրքորոշումը:
Ինչպիսի հարաբերություն է այդ հարցում ԵԼՔ դաշինքի ներսում՝ դաշինքի խնդիրն է, ինչը տվյալ պարագայում էական չէ:
Էական է այն, թե ընդհանրապես Սերժ Սարգսյանի վարչապետությունը պետք է լինի՞ ընդդիմադիր օրակարգի հարց, թե ոչ: Այսինքն, պետք է լինի՞ վերադարձ «Սերժիկ հեռացիր» մոդելին, թե՞ ընդդիմության օրակարգում պետք է լինեն գուցե պակաս հնչեղ, բայց շատ ավելի կոնկրետ խնդիրներ եւ նպատակներ:
Լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ կառավարման որոշակի ցիկլից հետո որեւէ անձի հեռացումը, առաջին դեմքի թեկուզ ֆորմալ փոփոխությունն ունի կարեւոր հոգեբանական նշանակություն հասարակական-քաղաքական գործընթացների եւ մտածողության թեկուզ փոքր ինչ էվոլյուցիայի համար: Բայց տվյալ պարագայում կա նաեւ այդ ամենի վրա հնարավոր ազդեցության ռացիոնալ հաշվարկի խնդիր, հետեւաբար նաեւ հոնքը շինելու փոխարեն նաեւ աչքը չվնասելու շրջահայացություն:
Բանն այն է, որ Հայաստանի այսպես ասած ընդդիմադիր քաղաքական օրակարգում «Սերժիկ հեռացիրը» գործածվել է մոտ մի ամբողջ տասնամյակ, դառնալով նաեւ հավատաքննության առարկա: Ով չի բղավել, կամ չի բղավել անհրաժեշտ բարձրությամբ, համարվել է կասկածելի կամ անկասկած ծախված:
Որեւէ հանրային կամ պետական նշանակության հարց դա չի լուծել, փոխարենը Սերժ Սարգսյանն այդպիսով լուծել է իր խնդիրները իշխող համակարգում: Իսկ խնդիրներ Սերժ Սարգսյանն ունեցել է, որովհետեւ համակարգը նրան ավելի չի վստահել, քան հանրությունը:
Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասնամյակը իշխող համակարգի համար եղել է փշերի տասնամյակ, այն պարզ պատճառով, որ ոչ ոք որեւէ երաշխիք չի ունեցել, թե հաջորդ ո՞ր պահին է Սերժ Սարգսյանը դուրս գալու այս կամ այն պայմանավորվածությունից: Սարգսյանը խաղացել է եւ մինչեւ այժմ խաղում է մենակ, բայց համակարգային անվստահությունը նա փոխհատուցել է «անձնազոհության» օրինակով, ցույց տալով, որ հանուն համակարգի կրակը պատրաստ է վերցնել եւ վերցնում է իր վրա:
«Սերժի հեռացիրն» ու դրա հանդեպ Սարգսյանի ցուցադրական հանդուրժողությունը եղել է նրա եւ իշխող քրեա-օլիգարխիկ համակարգի միջեւ «վստահության» միակ թելը: Չկա այդ թելը, չկա ներքին վստահությունը:
Այժմ այդ թելը Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է շատ, 2018-ի խնդիրները լուծելու համար, հատկապես այն դեպքում, երբ նկատելի է համակարգի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի միջեւ վստահելի, կանխատեսելի դաշտի ձեւավորում՝ բիզնեսի տրամաբանության եւ դրանից բխող կանոնների հասկանալիության հիմքով:
Սերժ Սարգսյանը չունի դրա դեմ գործնական առաջարկ, եւ այստեղ «Սերժիկ հեռացիր» տրամաբանությունը կարող է դառնալ այդպիսին, վերստին դառնալով նրա համար «ներհամակարգային վստահության փրկօղակ»:
Սասուն Միքայելյանը կամա թե ակամա դնում է այլ խնդիր: Չի բացառվում, որ դրա պատճառն այն է, որ մինչեւ 2008 թվականը Միքայելյանը եղել է հենց իշխող համակարգում եւ լավ ծանոթ է ամենատարբեր հոգեբանական նրբերանգներին, ըստ այդմ պատկերացնում է, որ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնի հավակնությունից հետ պահելու լավագույն տարբերակը ոչ թե պատասխանատվությունը կամ գնդակը հանրության դաշտում տեսնելն է, երբ հստակ է, որ հանրությունը խաղից դուրս է վաղուց, այլ պատասխանատվությունը հենց Սերժ Սարգսյանի դաշտ տեղափոխելն ու նրան չխանգարելը՝ թողնելով համակարգի հետ դեմ դիմաց, առանց «Սերժիկ հեռացիր» անձնազոհության թելի:
Թեեւ ընդդիմությունը կարծես թե բավական լայն թափով է սկսել թելը հյուսելը, ոչ միայն խորհրդարանական, այլ նաեւ արտախորհրդարանական դաշտում:
Իհարկե այստեղ շարժառիթը այն մտահոգությունը չէ, թե ինչ է անելու Սերժ Սարգսյանն առանց այդ «գործվածքի», այլ այն, թե առանց դրա ինչ են անելու իրենք:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing