Լրահոս

Միասնակա՞ն են ՌԴ ու ԱՄՆ-ը Ղարաբաղում, կամ` ե՞րբ կբռնկվի նոր պատերազմը

 

 

arm145995511530

hayeli.am-ը գրում է. «Չեմ տեսնում փոխըմբռնում և համագործակցություն Մոսկվայի և Արևմուտքի միջև, ընդհակառակը՝ մինչ այսօր նախագահ Պուտինը փորձել է տպավորություն ստեղծել, թե միայն ինքն է թելադրում իրերի դրությունը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով շրջանառվող կարծիքներին, թե Մոսկվան ղարաբաղյան հակամարտության շուրջ սկսել է աշխատել Արևմուտքի հետ: Նա հիշեցրեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Պուտինը վարչապետ Մեդվեդևին, Պաշտպանության նախարար Շոյգուին, ԱԳ նախարար Լավրովին Երևան և Բաքու ուղարկեց՝ առանց որևէ համակարգման Վաշինգտոնի և Փարիզի հետ:

«Ուստի, եթե այն տպավորությունը, որը կա, համապատասխանում է իրականությանը, մեծ զարգացում է, եթե Պուտինը ցանկանում է աշխատել Փարիզի ու Վաշինգտոնի հետ: Բայց ես հավատում եմ նրան, ինչ տեսնում եմ», ասել է Բրայզան` շեշտելով. «Ես կարծում եմ, որ կան պատճառներ` ինչու նա պետք է փոխի իր քաղաքականությունը, կան պատճառներ` ինչու նա պետք է վստահեցնի, որ իր ուժերը չեն սադրել նման բռնություն Ղարաբաղում, և պետք է վստահեցնի, որ աշխատում է Մինսկի խմբի համանախագահների հետ, քանի որ իրավիճակը չափազանց վտանգավոր է: Եթե Մոսկվան ցանկանում է խաղալ այդ իրավիճակի հետ իր սեփական աշխարհաքաղաքական շահերի համար, ապա սա դաժան հակամարտություն է հրահրում: Ուստի ես հույս ունեմ, որ նա փոխել է իր ուղղությունը, բայց չեմ կարող կանխատեսել, թե կա՞ նման բան, թե՞ ոչ: Հույս ունեմ, որ կա»:

Իսկ Haqqin.az պորտալին տված հարցազրույցում ռուս հանրահայտ փորձագետ, ռազմական մեկնաբան Պավել Ֆելգենհաուերը մեկնաբանել է Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: Ֆելգենհաուերին հիշեցրել են, որ Stratfor-ի գլխավոր վերլուծաբան Եվգենի Չաուսովսկին լրատվամիջոցի հետ զրույցում, մեկնաբանելով Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները, հայտարարել է, որ Ղարաբաղում այլևս չի լինի պատերազմ, և հարցրել են, թե արդյոք նա կիսո՞ւմ է այդ կարծիքը:

Ֆելգենհաուերը պատասխանել է. «Բնականաբար, կցանկանայի հավատալ, որ Ղարաբաղում այլևս չի լինի պատերազմ, սակայն ես լավատեսության իրական հիմքեր չեմ տեսնում: Մեծ հաշվով Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն անարդյունավետ էր, միայն պայմանավորվեցին գոյություն ունեցող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտի ընդլայնման շուրջ: Եվ ի՞նչ: Իրական հրադադարը հնարավոր է միայն այն դեպքում, եթե դրան համաձայնեն երկու կողմն էլ: Հետևաբար, եթե հակամարտող կողմերից մեկը շահագրգռված չէ հրադադարի հարցում, ապա այն չի լինի: Տվյալ դեպքում, ի հակադրումն այն հայտարարությունների, որ Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պատրաստվում են հենց պատերազմի: Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցկացվել է Սիրիայի հարցի շուրջ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերի հերթական բախման ֆոնին, որը Վաշինգտոնի ու Մոսկվայի համար ավելի կարևոր է թվում, քան Ղարաբաղի հարցը: ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Սարգսյանի ու Ալիևի ներկայիս հանդիպման շնորհիվ հերթական անգամ Երևանին ու Բաքվին կոչ են արել այլևս «իրենց չպահել անվայել», ինչին հակամարտող կողմերն ասել են՝ «իհարկե», և շարունակել պատրաստվել պատերազմի»:

Իրականում, Վիեննայի հանդիպումը որքան հնարավորություն է, այնքան էլ վտանգ է` նոր պատերազմի բռնկման հավանականության տեսանկյունից: Ադրբեջանի ղեկավարության պարագայում նույնիսկ, առավելապես մեծ է նոր սպառնալիքների ու վտանգների հավանականությունը:

Եթե այս ամենի հետ էլ դիտարկենք ԵԱՀԿ Մինսկի խմբում` ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերի բախումը` Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարման համատեքստում, ապա ո՞վ կարող է երաշխիք տալ, որ պատերազմը չի բռնկվի կրկին…

Մետաքսյա Շալունց

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing