good-banner
Լրահոս

Միհրան Պողոսյանը որոշել է մնալ մի տակ շորով

 

Երբ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը որոշեց առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու, դա կրկին աշխուժացրեց նրա նկատմամբ մամուլի հետաքրքրությունը, որը փոքր-ինչ նվազել էր նրա պաշտոնաթողությունից հետո։

Դեռ ոչ վաղ անցյալում էր, երբ «Հետք» պարբերականը բացահայտումներ էր արել Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գտնվող օֆշորային հաշիվների և ընկերությունների վերաբերյալ։ Բացի դրանից, մամուլում հաճախ էր հայտնվում դատական գործերի մասին տեղեկություններ, ըստ որոնց՝ Միհրան Պողոսյանը տարբեր անձանցից միլիոնների հասնող պարտքն էր ցանկանում հետգանձել․ 2013-2014թթ. Միհրան Պողոսյանը գումարի բռնագանձման պահանջով 4 հայցադիմում է ներկայացրել դատարաններ։

Եթե անձին բացահայտում են գողության կամ անբարո վարքի համար, ապա նա նախընտրում է անցնել ընդհատակ, չերևալ հանրության աչքին՝ գոնե առժամանակ, բայց Միհրան Պողոսյանը, ինչպես երևում է, արևադարձային ֆրուկտ է»։

«Որտեղ Միհրան Պողոսյանն է, այնտեղ առաջընթաց է, այնտեղ զարգացում է, այնտեղ ձեռքբերումներ ու հաղթանակներ են»,- հայտարարել է ՀՀ արդարադատության գնդապետ Գագիկ Ասատրյանը՝ ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում։

Միհրան Պողոսյանն իր հերթին հայտարարել է, որ «շարունակելու է մնալ քաղաքացու կողքին, ինչպես որ դա արդեն 17 տարի անում է»։

Գագիկ Ասատրյանը ճիշտ է՝ այս տարիներին երիտասարդ գեներալն առաջընթաց է ապրել՝ դարձել է առաջավոր միլիոնատեր, ունեցել է ձեռքբերում և հաղթանակներ՝ միմիայն իր անձի և ընտանիքի համար։

Միհրան Պողոսյանի ձեռքբերումներից է «Քեթրին» ընկերությունը, որի միջոցով հայերն ըմբոշխնում էին աշխարհի ամենաթանկ բանանը ու, չգիտես ինչու, գոհ չէին, իսկ Սննդի անվտանգության պետական ծառայությունը փոխարենը բացեիբաց ներկայացներ բանանի մենաշնորհողի անունը, այն կոծկում էր․ բանանը Հայաստանում կրկնակի թանկ էր և է, քան պետք է լիներ, և սրա համար նա ժողովրդի կողքին էր և ժողովրդի համար էր թանկ-թանկ բանան ներկրում։

Եթե հայ արդարադատությունը ժամանակին բռներ Միհրան Պողոսյանի ձեռքը, ապա այսօր նախ նման թեկնածու չէինք ունենա, որ ժողովրդի համար օր ու գիշեր մտածելով՝ իր համար միլիոններ կուտակեր, ապա նաև դառնար օֆշորային շքահանդեսի առաջամարտիկը։

Ի դեպ, տեղին է հիշել, որ օրերս կառավարությունում «Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին քննարկումների ժամանակ բանավիճեցին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ու ՀՀ քննչականի պետ Աղվան Հովսեփյանը։ Առաջարկվում էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, հրապարակի հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում ՀՀ գլխավոր դատախազության կայքէջում, մասնավորապես կոռուպցիոն մասով։ Երևի իզուր էլ վիճում էին, հայ կոռուպցիոն մտքի կարկառուն ներկայացուցիչներին որևէ օրենքով հնարավոր չէ որսալ, ավելին՝ նրանց անգամ չեն անհանգստացնում, չի բացառվում, որ նաև պատգամավորական անձեռնմխելիություն ստանան։

Միհրան Պողոսյանն ավելի անկեղծ էր, երբ հեռախոսներ էր բաժանում՝ որպես ընտրակաշառք, սակայն խոսել ժողովրդին նվիրված լինելու մասին՝ պարզապես հնացած է և ժամկետնանց։ Այդպես վարվում էին պատգամավորության թեկնածուները ժամանակին, երբ հավատը վերջնական խարխլված չէր․ Միհրան Պողոսյանը ննջեցյալներին է որոշել դուրս քաշել հանգստարաններից․ անգամ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն չեն ասում՝ մենք ժողովրդի կողքին ենք, այնքան է այդ կարգախոսը հնադարյան։

Միհրան Պողոսյանը նպատակասլաց է, նա անխոնջ իր համար միլիոններ է կուտակում և նա միայն իր մասին չի մտածում։ Ասում են, որ նա իր կուտակած միլիոնները, օֆշորում գտնվող հաշիվները պատգամավոր դառնալուց հետո բաժանելու է ժողովրդին՝ ինքը հանուն ժողովրդի սիրույն մնալու է մի տակ շորով։

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

newspress.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing