Միջադեպեր Դուշանբեում. Խորհրդավոր ընթրիքը. (տեսանյութ)

238

lragir.am — ԱՊՀ երկրների ղեկավարների Դուշանբեի հավաքն արդեն մի քանի ինտրիգների տեղիք է տվել, եւ բոլորն էլ կապված Նիկոլ Փաշինյանի հետ:

Նիկոլ Փաշինյանը կարճատեւ զրույց է ունեցել Իլհամ Ալիեւի հետ եւ խոստացել մանրամասները ներկայացնել Երեւան վերադառնալուց հետո:

Պուտինի հետ նույնպես կարճատեւ հանդիպում ու զրույց է եղել: Փաստաթղթերի ստորագրման արարողության ավարտին Պուտինը մի քանի խոսք է ասել ՀՀ վարչապետին, իսկ վերջինը գլխով է արել։ Ի պատասխան Ռուսաստանի առաջնորդը ևս գլխով է արել։ «Փաշինյանը մտադիր է եղել հեռանալ, սակայն, քայլ անելով, վերադարձել է ՌԴ նախագահի մոտ, երբ վերջինս կրկին ինչ-որ բան է ասել», հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է այդ հանդիպմանը եւ հայտարարել, որ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները չեն խոսել Հայաստան Պուտինի այցի մասին:

Այս այցի շուրջ նույնպես հետաքրքիր զարգացումներ եղան: Պուտինը պետք է սեպտեմբերի 25-ին ժամաներ Բաքու: Սակայն նա ժամանեց միայն սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան: Խոսվում էր նաեւ Հայաստան նրա հնարավոր այցի մասին, անգամ՝ որ նա Երեւան պետք է ժամաներ Բաքվից:

Այցի վերաբերյալ պաշտոնական հստակեցումներ չկան, իսկ Պուտինի օգնական Ուշակովը երեկ հայտարարեց, որ մոտ ժամանակներս այց չի լինի:

Ըստ ամենայնի, անորոշությունը շարունակվում է, եւ Ռուսաստանում չգիտեն՝ ինչ պահանջել Հայաստանից, եւ փոխարենն ինչ է պահանջելու Հայաստանը: Նախկինում պահանջողի դերում միայն Ռուսաստանն էր:

Դուշանբեի հավաքի մյուս հետաքրքիր պահը պաշտոնական ճաշկերույթն էր, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանին տեղ էին հատկացրել սեղանի ծայրին: Հայաստանի ԱԳՆ-ն այդ կապակցությամբ պարզաբանել է, թե ընդհանրապես հյուրերին սեղանի շուրջ նստեցնում են այբբենական կարգով, սակայն հյուրընկալ երկիրը՝ Տաջիկստանն է որոշել ինչպես նստեցնել նախագահներին:

Կա մեկ այլ բացատրություն, որ սեղանի մյուս ծայրին էլ պետք է նստեր Ալիեւը, սակայն նա չի մասնակցել ճաշկերույթին: Հնարավոր է՝ ԱՊՀ հավաքում որոշվել էր սեղանի «գլխին» նստեցնել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին, սակայն չի ստացվել:

Մյուս կողմից, դրանում խորհրդանշական բան կա: Հետխորհրդային-եվրասիական տարածքի ժամկետանց ղեկավարներն ու վարչակարգերն ակնհայտ դիսկոմֆորտ ունեն իրենց «դաշնակից» երկրում՝ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից:

Առանձին վերցված եվրասական մի երկրում՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցումն ու համակարգի ապամոնտաժումը կարող է նախադեպ դառնալ այլ երկրների համար, ինչպես օրերս հայտարարել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

 

Ներկայացնում ենք նաև Փաշինյան-Պուտին կարճ զրույցը

Տեսանյութը Ազատուտյուն TV-ի



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache