Լրահոս

Միջազգային մամուլի անդրադարձը` երևանյան իրադարձությունների հանգուցալուծմանը

 

cuyc-ppc1

168.am — Միջազգային մամուլը, որն այս օրերին ուշադիր հետևում էր Երևանում «Սասնա ծռեր» խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ շենքի գրավմանն ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակին, արձագանքել է զինյալ խմբի անդամների` զենքը վայր դնելու և իշխանություններին հանձնվելու որոշմանը` շարունակելով տեսանյութեր, լուսանկարներ և հոդվածներ հրապարակել Երևանում երեկ կատարված իրադարձություններից:

Բացի ռուսական լրատվամիջոցներից, որոնց մի մասը Երևան էր ուղարկել իր թղթակիցներին (life.ru, BBC-ի ռուսական ծառայություն, Ռուսական առաջին ալիք, նաև արաբական Al Jazeera), ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրադարձությունների հանգուցալուծմանն ակտիվորեն անդրադարձել են միջազգային լրատվամիջոցները, այդ թվում` համաարաբական Al Jazeera հեռուստաալիքը, որը իրադարձությունների հենց առաջին օրվանից ակտիվորեն լուսաբանել է երևանյան դեպքերը, Associated Press-ը, RT-ն, New York Times-ը, News Channel-ը, The Canadian Press-ը, ֆրանսիական France 24 հեռուստաալիքի կայքը, Live Leak-ը:

e60ff009a50e4ddbbe0ef46af305b5e7_18

AP-ն գրում է, որ գնդում գտնվող բոլոր զինյալները` թվով 20 մարդ, 2 շաբաթ տևող դիմակայությունից հետո վայր են դրել իրենց զենքերը, ինչի ընթացքում սպանվել է ոստիկանության երկու ներկայացուցիչ, երկու կողմից կան բազմաթիվ վիրավորներ:
Նշվում է, որ խմբի առաջնորդ Վարուժան Ավետիսյանը լրատվամիջոցներից մեկի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ իրենք որոշում են կայացրել վայր դնել զենքերը:

Գործակալությունը հաղորդում է, որ թվով 31 զինյալները գրավել էին ոստիկանության շենքը` պահանջելով ազատ արձակել հուլիսին կալանավորված ընդդիմադիր գործչին (նկատի ունի Ժիրայր Սէֆիլյանին): Նշվում է, որ «Հիմնադիր խորհրդարանը» կոշտ քննադատության է ենթարկել նախկին խորհրդային միության կառավարությանը և կոչ արել մարդկանց դուրս գալ փողոցներ, ինչպես նաև պահանջել է երկրի նախագահի և վարչապետի հրաժարականը:

Անդրադարձ է կատարվում նաև ոստիկանության և ցուցարարների հետ բախումներին, ինչի հետևանքով 75 մարդ վնասվածք է ստացել:

RT-ն, ներկայացնելով տեղի ունեցածի ողջ պատմությունը, գրում է, որ զինյալները հերքում են իրենց առնչությունը ոստիկանության ներկայացուցչի սպանությանը:
Live Leak-ը գրում է, որ «Հիմնադիր խորհրդարանը» մեղադրում էր Հայաստանի կառավարությանը Ադրբեջանին տարածքային զիջումներ կատարելու պատրաստակամության մեջ :

579c177dc46188b91f8b45ad

 

France 24-ը հայտնում է, որ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը դատապարտել են ոստիկանական բռնություններն ու մարդկանց ձերբակալությունները:
Հազարավոր ցուցարարներ են դուրս եկել Երևանի փողոցներ` պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ իրենց աջակցությունը հայտնելով «Սասնա ծռեր» խմբի անդամներին, դրա ղեկավարին, ով «հայտնի է Պավլիկ անունով»:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ամիսներ անց՝ այն բանից հետո, երբ ապրիլին տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների հետևանքով սպանվել էր 110 մարդ:
Al Jazeera-ի թղթակից Ռոբին Ուոլքերը Երևանից հաղորդել է, որ զինված խմբի առաջնորդը կոչ է արել մարդկանց շարունակել պայքարը:

ppc

«Անվտանգության ծառայությունը նրանց անվանում է ահաբեկիչներ, բայց բազմաթիվ երիտասարդներ համարում են, որ նրանք ազատության համար պայքարող մարտիկներ են և հերոսներ»,- ասում է լրագրողը` հավելելով, թե զինյալները հայտարարել են, որ իրենք կշարունակեն պայքարը որպես քաղբանտարկյալներ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...