Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և փողերի լվացման մեջ, նա հետախուզման մեջ է․ ՊԵԿ

0

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին հարուցվել են քրեական գործեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ:

Կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա որոշում է կայացվել` Միքայել Արայի Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մ.Մինասյանը, հանդիսանալով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հաշվետու ժամանակահատվածում, այն է՝ 2017-2018թթ. ընթացքում, մեծ ծավալների հասնող ֆինանսական միջոցների չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն՝ ապօրինի հարստացել է: Բացի այդ, նույն հաշվետու ժամանակահատվածների համար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում թաքցրել ու չի հայտարարագրել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի մասին տվյալներ, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույք:

23.03.2020թ.-ին որոշում է կայացվել` Մ.Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, և նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է՝ Մ.Մինասյանի կողմից հնարավոր կատարված հանրորեն վտանգավոր այլ արարքները բացահայտելու և դրանց մասնակցություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Միաժամանակ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, նախաքննության վերաբերյալ տեղեկությունների հանրայնացման ուղղությամբ տևական ժամանակ դրսևորելով զսպվածություն, ապահովելով նախաքննության գաղտնիքի խիստ սահմանները, հորդորում է զերծ մնալ կատարվող քննչական և դատավարական գործողություններին անհիմն և չփաստարկված գնահատականներ տալուց։

Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները