Մինչև այսօր ում տուն մտել են, սարսափելի բաներ են գտել

97

Մեր զրուցակիցն է ֆրանսահայ գործարար Վալերի–Աշխեն Գործունյանը

Տիկին Գործունյան, սփյուռքի համար անակնկա՞լ էր արդյոք «Հայաստան» համահայկական հիմադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի ձերբակալությունը։ Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը՝ դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով։

Քանի որ բավական երկար եմ ապրել Հայաստանում, նաև դիվանագետների հետ շփվել, ես լսել էի, որ հանգանակված գումարների մի մասն իրենց անձնական հաճույքների համար էր օգտագործվում։ Իհարկե, չէի լսել խաղատների մասին, բայց լսել էի, որ դրամները, որոնք ուղարկվում են հիմնադրամին, ճիշտ նպատակներով չեն օգտագործվում։ Դրա համար չեմ զարմանում այս բացահայտման համար։ Իհարկե հիմա ասում են, որ այդ պարոնը հետ է տվել այդ գումարները, չեմ իմանում, բայց կարող եմ ասել այս փաստը շատ տգեղ է։ Եվրոպայում խաղամոլությունը չի ընդունվում, և ես չեմ հարգում, որ մանավանդ քո գումարը չէ, դու այն վերցնում ես, ծախսում։ Եվ այս քայլերն անելով՝ պետություն ապացուցում է, որ ուզում է մաքրել նման երևույթները, որ այլևս երբեք նման բաներ Հայաստանում չկատարվեն: Սա չի վնասի հիմադրամին, քանի որ Հայաստանը կարիք ունի նման հիմնադրամի, բայց սփյուռքը պետք է վստահություն ունենա, որ իր ուղարկած գումարները հիմադրամով տեղ են հասնում։

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այսպիսի բացահայտումները սփյուռքի մոտ վստահություն կներշնչեն, որ այսուհետ իրենց տրամադրած գումարները տեղ կհասնեն, որ վստահությունը ոչ թե կնվազի, այլ ավելացնելու են վստահությունը։

Այո, համամիտ եմ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սա կմեծացնի վստահությունը, և նոր գումարներ կգան Հայաստան։ Նախկինում էլ սփյուռքում կային այդ խոսակցությունները ոչ միայն այս տնօրենի մասին, այլ այն, որ այս դրամը ոչ ճիշտ ուղղությամբ է բաշխվում, արդյոք դրամը հասնում է տեղ, թե ոչ։ Իսկ այսպիսի բացահայտումներից հետո նման կասկածները, վստահ եմ, կվերանան, և այսուհետ ավելի շատ հանգանակություն կարվի և կլինի վստահություն, որ նոր անձինք կգան և այդ գործերով արդար կզբաղվեն։ Հույս ունեմ, որ այդպես պետք է լինի։

ԱԱԾ-ն երեկ շարունակեց հատուկ գործողություններ իրականացրել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի տանը: Նախկին իշխանության ներկայացուցիչները  այդտեղ միտում են տեսնում։ Դուք նման միտում տեսնո՞ւմ եք, թե ոչ։

Ես այստեղ որևէ միտում չեմ տեսնում, ավելին՝ վստահ եմ, որ ճիշտ են անում։ Հայաստանում չկա որևէ մեկը, որ կասկած ունենար, քանի որ այդ անձանց վրա անընդհատ խոսակցություն կար, և կասկածները կային։ Այսօր որքան ուզում են, թող իմ տունը մտնեն, ոչինչ չեն կարող գտնել։ Եթե մաքուր ես, ոչ մի խնդիր չի կարող լինել։ Մինչև այսօր ուր մտել են, սարսափելի բաներ են գտել, այնպիսի բաներ, որ մենք անգամ չէինք էլ կարող երևակայել, որ կարող էին գոյություն ունենալ, այսինքն՝ շատ ճիշտ է նրանց տունը խուզարկելը, և պետք է մտնեն բոլոր նրանց տները, ովքեր ապօրինի ճանապարհով հարստացել են։ Մնաց ամենակարևորը՝ արդարադատությունը հաստատվի։ Այս ոլորտն էլ պետք է մաքրեն, պետք է դատավորները վստահություն ներշնչեն, որ արդար դատավարություն են իրականացնում։ Եվ այս կասկածները վաղուց կային, պարզապես ԱԱԾ-ն տուն մտնելու որոշում չէր կարող նախկինում կայացնել, քանի որ բարեկամական, ընկերական կապերով կապված էին, իսկ այսօր ինչ փաստեր և կասկածներ ունեն, կարող է բացահայտվեն, քանի որ այսօր քաղաքական կամք կա դրանք բացահայտելու։ Թող մաքրեն դաշտը, թող այդ մարդիկ պատասխան տան։

Մարտի մեկի բացահայտման ուղղությամբ նույնպես աշխատանքներ են իրականացվում։ Դուք 2008-ին Հայաստանում էիք, մասնակցում էիք հանրահավաքներին։ Կարծում եք՝ տասը տարի անց այն կբացահայտվի՞։

Այո, ես Հայաստանում էի այդ  ժամանակ, սարսափելի էին մարտի մեկի վայրկյանները, և շատ կարևոր է ոճրագործությունը բացահայտվի, տեսեք թե որքան մարդ մարտի մեկի դեպքերից հետո դատվեց և որքան մարդ հեռացավ Հայաստանից։ Բոլորը հուսահատված էին։ Այս բացահայտումը կարևոր է պատմության համար, որ նորից չկրկնվեն նման բաներ և պետք է ով մեղավոր է, պատասխան տա։ Ես հույս ունեմ, որ դա էլ կբացահայտվի, հույս ունեմ, որ մինչև վերջ կգնան։ Մինչև հիմա ես չեմ հիասթափվել այս նոր կառավարությունից, ես հույս ունեմ, որ նրանք ունեն այդ ուժը և կամքը մինչև վերջ գնալու։ Նրանք մինչև հիմա շատ ճիշտ են աշխատում։

Նշեցիք արդարադատության ոլորտում փոփոխությունների անհրաժեշտությունը։ Այս ուղղությամբ քայլերը բավարա՞ր չեն։

Ես կարծում եմ, որ անելիքներ կան այդ ուղղությամբ, և դժվարանում եմ հավատալ, որ կարող են նախկին դատավորները հիմա փոխվել և այլ կերպ աշխատել։ Ես վստահ եմ, որ կգա այդ օրը, և այս ոլորտն էլ կմաքրվի և ճիշտ արդարադատություն կհաստատվի Հայաստանում։ Եվ այդ ժամանակ երեխաներիս հետ կգամ Հայաստան։

Հնարավո՞ր է նորից նույն՝ փարիզյան սուրճի բիզնեսը դնենք, եթե խաղի հավասար կանոններ հաստատվեն։

Եթե երեխաներս որոշեն գալ և ներդրումներ անել, այո, կգամ նրանց օգնելու համար, բայց փարիզյան սուրճի մասով… նույնը չի կարող լինել, անպայման ուրիշ ձևով պետք է լինի, թեև ինչու չէ, կամ այդ, կամ մեկ այլ ոլոտում։ Մինչև վերջ պետք է գնա այս կառավարությունը։ Եվ ամենակարևորը առաջիկա խորհրդարանական ընտրություններն են լինելու ինձ համար, ընտրություններից հետո ավելի պարզ կլինի, և եթե արդար ընտրություններ լինեն, ժողովուրդը վստահություն ձեռք կբերի։ Ժողովուրդը արդեն քանի տարի է սպասում ենք այդ օրվան, դա շատ կարևոր է։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache