Լրահոս

Մնալ, թե հեռանալ. Արտառոց իրավիճակ իշխանության մեջ

 

lragir.am -Խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում չի կարող լինել հակասություն խորհրդարանի ու կառավարության միջեւ, ու ես որպես վարչապետ կլինեմ դրա բացառման երաշխավորը, խորհրդարանում վարչապետի թեկնածուի կարգավիճակում հայտարարեց Սերժ Սարգսյանը, մինչ այդ պաշտոնում վերջնականապես ընտրվելը:

Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներիշխանական լրջագույն հակասության եւ յուրօրինակ կոնֆիգուրացիայի մասին խոստովանություն է: Անշուշտ, խորհրդարանի կառավարման մոդելում չի կարող լինել խորհրդարան-կառավարություն հակադրություն, մեծամասնության մասով իհարկե: Որովհետեւ խորհրդարանն առաջնային միակ մանդատ ունեցող կառույցն է, որը նշանակում է վարչապետ ու ձեւավորում կառավարություն:

Բայց Սերժ Սարգսյանը փաստորեն հայտարարում է, որ այժմ կա այդ հակասությունը: Սա իսկապես հետաքրքիր հայտարարություն է, քանի որ առաջանում է պարզ հարցադրում՝ ինչու՞ հնարավոր չէ ձեւավորել խորհրդարանի մեծամասնության այնպիսի կառավարություն, որը կվայելի այդ մեծամասնության հավանությունը: Ասել կուզի, Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարում է, որ հնարավոր չէ ձեւավորել խորհրդարանում ներկայիս իշխող մեծամասնության կառավարություն, եւ հակասությունն այդ մեծամասնության ու կառավարության միջեւ անխուսափելի է, ըստ այդմ պետք է դա բացառելու երաշխավոր, այսինքն կամուրջ խորհրդարանի իշխող մեծամասնության եւ կառավարության միջեւ:

Փաստորեն, Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ կառավարությունը չի լինելու խորհրդարանի մեծամասնության ձեւավորածը: Այդպիսով, ստեղծվում է հետաքրքիր իրավիճակ: Սարգսյանը մի կողմից հայտարարում է, որ վտանգավոր է համարում թաքնված կառավարման մեխանիզմները, առավել եւս պատերազմող պետության համար, մյուս կողմից սակայն տողատակում խոստովանում, որ դե յուրե խորհրդարանի մեծամասնության կառավարությունը դե ֆակտո ամենեւին խորհրդարանի մեծամասնությանը չէ:

Այդպիսով, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը պարզապես հայտարարել է՝ իր վարչապետությունը զինադադար է իշխանության առնվազն երկու թեւերի միջեւ:

Հազիվ թե Սարգսյանի այդ հայտարարությունն ունենա հանրությանը համոզելու նպատակ, քանի որ նրա այդօրինակ բացատրությունները հանրությանը ոչինչ չեն ասում, եւ հազիվ թե հանրությունը սպասում է այդպիսի բացատրություն: Ըստ այդմ, Սարգսյանի հայտարարությունը թերեւս իրապես արտացոլում է իշխանության ներսում առկա վիճակը, ավելին, այդ վիճակի մասին հստակ հայտարարել էր Դավիթ Հարությունյանը, ասելով, որ իշխող ուժն ունի վարչապետի մի քանի թեկնածուներ, ու եղել են թեժ քննարկումներ, որոնք տեւել են գրեթե ամբողջ տարի՝ խորհրդարանի ընտրությունից հետո:

Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարեց, որ Դավիթ Հարությունյանն իրավացի էր: Մյուս կողմից, պարզ չէ՝ Սարգսյանը գո՞հ է այդ վիճակից, թե ոչ: Որովհետեւ այդ հակասությունը փաստորեն նրան պահում է վարչապետի «անփոխարինելի» կարգավիճակում: Մյուս կողմից, այդ կարգավիճակը պահելու համար նա պետք է փորձի պահել այդ հակասությունը, այսինքն թույլ չտալ իշխանության ներսում կոնֆիգուրացիայի փոփոխություն, որը կբերի վարչապետության փոփոխության: Կամ ինքը պետք է հասնի կոնֆիգուրացիայի փոփոխության եւ ՀՀԿ-ում իր թեւի գերակայության, որպեսզի. ա) փոխանցի փորձն ու ապահով հեռանա, բ) ապահով մնա վարչապետի պաշտոնում, չմտածելով, որ մի օր կստիպեն հեռանալ:

Սերժ Սարգսյանն առայժմ կարողանում է պահել ուժերի բալանսը եւ բազմազանությունը, առայժմ թույլ չտալով առավելության հասնել այլ թեւերի, չունենալով սեփական գերակա առավելությունը ձեւավորելու ռեսուրս:



Загрузка...

Հեղինակի մասին

Hing2