Մոբիլիզացիայի կոչ. Փաշինյանը հակառակ դիրքում դրեց ամբողջ քաղաքական ներկապնակը

0

Հայաստանում բռնկված, այսպես ասած, «եթերգեյթի» առիթով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղերձներից երկրորդը, որտեղ նա խոսում էր «հիասթափվածների» խմբերի մասին, գործնականում պարունակում էր մի առանցքային արձանագրում: Փաշինյանը մեծ հաշվով գծում էր ներկայիս քաղաքական պատկերը, ներկապնակի շրջանակը, ու եզրափակման արձանագրումը, որ այդ շրջանակի մյուս կողմում ժողովուրդն է, գործնականում ստանում էր որոշակի օգնության կոչի համատեքստ: Ինչո՞վ էր պայմանավորված այդ օգնության կոչը՝ իրավիճակը վերահսկողությունից դուրս գալու հանգամանքո՞վ, որի ռիսկերը զգալով էլ Նիկոլ Փաշինյանը դիմել է հանրությանը, թե՞ Նիկոլ Փաշինյանն ուներ այդ դիմումի այլ շարժառիթ, հնարավոր է նաև արտաքին: Համենայնդեպս պետք է խիստ ուշադիր լինել այն հարցում, որ ներքին այդ բռնկումներին զուգահեռ, բավականին թեժ սնուցում եղավ արտաքին տիրույթում՝ Լավրովի հայտարարությունները արցախյան հարցի և հայ-ռուսական հարաբերության վերաբերյալ: Դրանք ստացվեցին ներքին լարմանը բավականին ներդաշնակ, առնվազն առաջացնելով հարց, թե արդյոք քաղաքականության մեջ լինո՞ւմ են այդպիսի պատահական ներդաշնակություններ:

Իհարկե, մյուս կողմից` պետք է նկատել, որ Լավրովի հայտարարությունները այդքան էլ միարժեք չեն իրենց հնարավոր քաղաքական շերտերով: Առաջին հայացքից այսպես ասած` Լավրովյան պլանի ու նաև Ռուսաստանի հանդեպ, ռուսական ընկերությունների հանդեպ պաշտոնական Երևանի քաղաքականության առնչությամբ դժգոհության բարձրաձայնումը շատ հստակ է վերջին տարիներին Հայաստանի հանդեպ վարվող ռուսական քաղաքականության ծիրի մեջ: Մյուս կողմից, քաղաքական իրողություններն ու հայտարարությունները անշուշտ պետք է դիտարկել ոչ միայն դրանց զուտ բովանդակության, այլ նաև տվյալ պարագայում առկա միջավայրի և դրա վրա այդ հայտարարությունների կամ իրողությունների թողած ազդեցության, հետքի շրջանակում:

Երբ իրավիճակը դիտարկում ենք այդ պրիզմայով, ապա ինչ ենք ստանում: Լավրովը անում է Հայաստանի շահից ակնհայտորեն չբխող, Հայաստանի համար ռիսկ, վտանգ պարունակող մոտեցումների վերաբերյալ հայտարարություն:

Դրանով մի կողմից տալիս է նախկին իշխանությանն ու այլ քաղաքական միավորների պաշտոնական Երևանին քննադատելու նոր ու «յուղոտ» առիթ, բայց, միևնույն ժամանակ, նպաստում է մի կողմից Արցախի հարցում Երևանից կոշտ դիրքորոշման բարձրաձայնման, նույն կերպ բարձրաձայնման նաև Արցախից՝ ընտրված, թեև դեռ պաշտոնը չստանձնած Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, ու դրան զուգահեռ նաև նպաստում է վարչապետ Փաշինյանի շուրջ ժողովրդական մոբիլիզացիայի հերթական ալիքի: Որովհետև, երբ Նիկոլ Փաշինյանը կառավարման, ներքին ու արտաքին քաղաքականության իր ձեռքբերումների ու վրիպումների, արդյունքի և բացթողումների հարաբերակցությամբ մնում է հանրության, ժողովրդի հետ մենակ՝ մի իրավիճակ է, մի հարց, և բոլորովին այլ իրավիճակ ու հարց է, երբ նա իր գործունեության դրական ու բացասական հանգամանքների հարաբերակցությամբ մնում է ոչ թե ժողովրդի հետ դեմ դիմաց, մենակ, այլ փաստորեն հայտնվում է Ռուսաստանի իշխանության ու Հայաստանի նախկին իշխող համակարգի հարվածի տակ:

Մի դեպքում հանրությունը հարցեր է ունենում Փաշինյանին, մյուս դեպքում հանրությունը թողնում է այդ հարցերն ու շրջապատում Փաշինյանին՝ արտաքին գրոհները հետ մղելու համար: Ահա այդ համատեքստում, ժողովրդի գործոնի հիշատակումը այդ հանգամանքը օգտագործելու Նիկոլ Փաշինյանի փորձն է, այսպես ասած՝ մոբիլիզացիայի ոչ ուղիղ, բայց բավականին թափանցիկ կոչը: Այստեղ հատկանշական է այն, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի հակառակ դիրքում դնում է գործնականում եղած ամբողջ քաղաքական ներկապնակը, որովհետև շատ դժվար է արձանագրել, թե ով է դուրս մնում «հիասթափվածների» թվարկված կատեգորիաներից: Նա ինքը դուրս է դնում, կամ դուրս դրեց միայն ժողովրդին, հետևաբար, կամա թե ակամա, առկա ներքին ու արտաքին քաղաքական շրջափուլում նա հակառակ դիրքում է դնում ամբողջ քաղաքական ներկապնակը: Իսկ հաշվի առնելով թվարկումները, այդ ներկապնակը ամենևին միայն նախկին իշխանությունը կամ իշխող համակարգը ներկայացնող ուժերը չեն:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները