good-banner
Լրահոս

Մոսկովյան դավեր.Քոչարյանն ու Աբրահամյանը ճանապարհից հեռացնո՞ւմ են Կարապետյանին

 

qochryan

Հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը «իր քաղաքական դիրքի, տեղի ու դերի ճշգրտման նպատակով անակնկալ այցով մեկնել է Մոսկվա», ինչի պատճառով էլ չի մասնակցել ՀՀ ԳՄ այս տարվա առաջին նիստին: Նույն օրվա ընթացքում լուր եղավ, որ Մոսկվայում տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Առաջին հայացքից անարժանահավատ թվացող սույն լուրը շաբաթ օրը կայքերից մեկին տված մեկնաբանությունում հաստատել է ինքը`Աբրահամյանը: Նա ասել է, որ հանդիպումը տեղի է ունեցել իր նախաձեռնությամբ. «Սոչիում  բիզնես գործունեություն իրականացնող մեր հայրենակիցներից մեկի գործնական խնդիրներ ուներ, և ես դիմեցի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Անատոլիչին, որպեսզի օրենքի շրջանակներում աջակցի մեր հայրենակցին»,- ասել է Աբրահամյանը: Ճշտող հարցին, թե քաղաքական հարցեր քննարկվել են, թե՝ ոչ, Աբրահամյանը արձագանքել է. «Ոչ, ներեցեք ավելի չեմ կարող պատասխանել»:

Աբրահամյանի Մոսկվա կատարած անակնկալ այցի, Մեդվեդեւի հետ հանդիպման մասին տեղեկացրած կայքն երեկ  հերթական ուշագրավ լուրն է հրապարակել: Ըստ այդմ, արտերկիր կատարած այցերից մեկի ժամանակ «խաչվել են Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի թռիչքային ուղղությունները. նրանք հանդիպել են ինքնաթիռում և մոտ 40 րոպե առանձնազրույց ունեցել»: Տողատակում խոսքը, կարծես թե, Մոսկվայի այցի մասին է:

Չի բացառվում, որ Քոչարյանն եւս մեկնելիս է եղել «Սիստեմա» ընկերությունում իր աշխատանքային պարտականությունները կատարելու: Եթե այդպես է, ապա Աբրահամյանն ու Քոչարյանը ոչ միայն ինքնաթիռում տեսնված կլինեն, այլեւ օրինակ Աբրահամյանի`Մեդվեդեւի հետ եւ այլ հնարավոր հանդիպումներից առաջ եւ հետո:

Քաղաքական կարեւոր իրադարձությունների շրջանում Ռոբերտ Քոչարյանի եւ Հովիկ Աբրահամյանի անակնկալ հանդիպումներն արդեն օրինաչափություն են դարձել: Նրանք պատահմամբ ինքնաթիռում հանդիպել էին Երեւան-Պրահա թռիչքի ժամանակ 2012 թվականի նոյեմբերին, այսինքն՝ 2013 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին: Եւս մեկ պատահական հանդիպում տեղի էր ունեցել Մոսկվայի «Արարատ Փարկ Հայաթ» հյուրանոցում 2015 թվականի փետրվարի սկզբին, այսինքն՝ Սահմանադրական հանրաքվեի շուրջ քաղաքական խմորումների կիզակետում: Սույն հանդիպումից օրեր անց 2015 թվականի փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին ուղղված  իր հայտնի ելույթով հանգուցալուծեց իրավիճակը:

Հովիկ Աբրահամյանի հունվարի 19-ի այցը եւ Մեդվեդեւի հետ հանդիպումը, թերեւս, պետք է դիտարկել  2015-ի իրադարձությունների շարունակության համատեքստում: Փորձագետներն Աբրահամյանի այցի առիթով հիշեցնում են, որ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունը տեղի է ունեցել հենց ՌԴ իշխանության անմիջական մասնակցությամբ «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության», ինչպես նաեւ` Սահմանադրական հանրաքվեն խոչընդոտելու փորձերի տապալումից հետո: Արդյունքում` Աբրահամյանն, ըստ էության, դուրս մղվեց քաղաքական գործընթացներից: Հիմա, ըստ այդ վերլուծությունների, իրավիճակ է փոխվել, Գագիկ Ծառուկյանն է վերադարձել եւ դրանով պայմանավորված Մոսկվայի մարդը համարվող Կարեն Կարապետյանի ծրագրերում խառնաշփոթ է առաջացել:

Վաղը սկսվելու է վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը ՌԴ մայրաքաղաք, որը ըստ փորձագետների, կարեւոր է նրանով, թե ինչ չափի ներդրումներ կբերի Հայաստան:

«Հայկական ժամանակը» անցյալ շաբաթ գրել էր. « ՀՀ կառավարությունը հույս ունի, որ այս տարվա ընթացքում «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում է իրականացվելու Հայաստանում: Մեր աղբյուրների պնդմամբ, այդպիսի քաղաքական որոշում է կայացվել Ռուսաստանի Դաշնության իշխանական վերնախավում…Այդ աջակցության շնորհիվ Կարապետյանի դիրքերը Հայաստանի իշխանության մեջ և հանրության աչքում պետք է ամրապնդվեն»:

Վարչապետ Կարեն Կարապետյանի քաղաքական հեռանկարը վտանգվել է հատկապես այն բանից հետո, երբ պարզվեց, որ հնարավոր է  բնակության տեղեկանքի պատճառով նա չկարողանա մասնակցել առաջիկա ընտրություններին: Բացի այդ, Կարապետյանն առայժմ որեւէ հաջողություն չի գրանցել ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելու գործում, իսկ նրա անձնական PR-ն անցողիկ ազդեցություն կարող է ունենալ:

Չի բացառվում, որ Քոչարյան-Աբրահամյան-Մեդվեդեւ ուղղակի եւ անուղղակի քննարկումները կապված են Կարապետյանի երերուն վիճակի հետ: Մեկ անգամ տապալված Աբրահամյանը թերեւս փորձել է վերջին անգամ սթափեցնել ՌԴ գործընկերներին այն առումով, որ նրանք ՀՀ-ում սխալ խաղադրույք են անում հենվելով Կարեն Կարապետյանի վրա:

Բնականաբար, Աբրահամյանն իր հետ տարած կլինի  հաղթական ճանապարհային քարտեզ, որի առանցքում թերեւս Սեյրան Օհանյանի եւ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձեւավորվող դաշինքների միավորումն է եւ Սերժ Սարգսյանին լուրջ եւ անհաղթահարելի մարտահրավեր նետելը: Ճիշտ է Ծառուկյանը պետք է որ չհամաձայնի նման ծրագրի մաս կազմել, սակայն Հովիկ Աբրահամյանի համար բարդ չի լինի ռուս գործընկերներին վստահեցնել, որ ինքը կարող է ազդել Ծառուկյանի վրա:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing