Լրահոս

Մոսկվան Ալիեւին մերժել է երկրորդ շանսը

 

6_f4386b79

lragir.am — Արեւմտյան մամուլում ադրբեջանցի հեղինակները թեմա են բացել, որի մասին հայ վերլուծաբանները վաղուց են խոսում: Ադրբեջացի փորձագետները խոսում են ղարաբաղյան կարգավորումը համակարգելու Ռուսաստանի անջատ փորձերի մասին՝ տեղյակ չպահելով ԵԱՀԿ Մինսկի խմբի արեւմտյան համանախագահներին:
Սա նշանակո՞ւմ է, որ Մոսկվան չի բավարարել Բաքվի սպասելիքները, եւ Ադրբեջանում Կրեմլի առաքելությունը ձախողված են համարում: Առաքելությունը, ինչպես նշում են փորձագետները, առաջին փուլում Ադրբեջանին հինգ շրջան, ինչպես նաեւ Ղարաբաղում պահվող երկու մարդասպան դիվերսանտներին «վերադարձնելն է»:
Ադրբեջանցի փորձագետները պնդում են, որ Ռուսաստանն ի վիճակի չէ կատարել այդ առաքելությունը: Արեւմուտքն Ադրբեջանի համար ավելի վտանգավոր բան է առաջարկում՝ հետաքննության մեխանիզմներ, որոնք կամրապնդեն ստատուս-քվոն, ասում են նրանք: Դրա համեմատ ռուսական ծրագիրը նվեր է Բաքվի համար:
Ինչու՞ Ռուսաստանը չի կարողանում կատարել իր անջատ «առաքելությունը»: Կարծիք կա, որ Արեւմուտքը թույլ չի տա ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել ղարաբաղյան հարցը: Սակայն եթե Մոսկվայի պլանը ձեռնտու է Բաքվին, իսկ Մոսկվայի իշխանությունը տարածվում է Հայաստանի ղեկավարութան վրա, ուրեմն ո՞վ կարող է խանգարել Մոսկվային իր ծրագրի իրագործման հարցում:
Երկու հանգամանք կարող են խանգարել. կամ Հայաստանն իրականում չի ենթարկվում Մոսկվային, կամ էլ Մոսկվան ի սկզբանե չէր պատրաստվում իրագործել «Լավրովի պլանը», եւ այն պետք էր Ադրբեջանին «գնելու» եւ Արեւմուտքից պոկելու համար: Երկրորդ տարբերակն այնքան էլ անհավանական չի թվում, եւ այն, որ ադրբեջանցի փորձագետները խոսում են Մոսկվայի անջատ առաքելության ձախողման մասին, կարող է վկայել, որ Բաքուն մեղադրում է Կրեմլին պայմանավորվածությունները չկատարելու մեջ:
«Լավրովի պլանն» այնքան անիմաստ առաջարկ է, որ Մոսկվան հազիվ թե լրջորեն առաջ տաներ դա: Մոսկվան կամ պետք է հույս դներ այն բանի վրա, որ Հայաստանում ապուշներ ու պարտվողներ են նստած, որոնք կհամաձայնվեն հող տալ պատերազմ չսկսելու խոստման դիմաց, կամ էլ Մոսկվան ի սկզբանե անիրական առաջարկներ է արել, որ ստանա Հայաստանի մերժումը: Ավելի իրատեսական ծրագրին Հայաստանը կարող էր հեշտությամբ համաձայնություն տալ:
Դժվար է ասել, արդյոք Մոսկվան արեւմտյան երկրների հետ միասին է գործում, թե սեփական խաղն է խաղում, սակայն, ամենայն հավանականությամբ, Բաքուն պատրաստվում է «գաղտնազերծել» Լավրովի պլանը, ինչը նշանակում է հայտարարել դրա ավարտի մասին: Դրան կհետեւի՞ Բաքվի շրջադարձը Մոսկվայից դեպի ԱՄՆ, դժվար է ասել: Մոսկվան կարողացել է Ալիեւին բավականաչափ հեռացնել Արեւմուտքից, եւ հիմա ԱՄՆ-ը ավելի շուտ մտածում է Ադրբեջանում ռեժիմի փոփոխության, քան Ալիեւի հետ հաշտվելու մասին: Դրա վկայությունն են Ալիեւի վարչակարգի դեմ պատժամիջոցներ մտցնելու կոչերը:
Ալիեւն, իրոք, բարդ վիճակում է հայտնվել. Արեւմուտքն առաջարկում է հետաքննությունների մեխանիզմներով ամրապնդել ստատուս-քվոն եւ միայն դրանից հետո առաջ շարժվել: Մոսկվան առաջարկում է նախապես անիրագործերի ծրագիր: Ավելին, ապրիլին Մոսկվան Բաքվին «թույլ է տվել» վերցնել այնքան, որքան կկարողանա: Բաքուն կարողացել է 800 հեկտար վերցնել: Մոսկվան երկրորդ շանս դժվար թե տա:
Ադրբեջանցի փորձագետների հիասթափությունը Մոսկվայի «անկարողությունից» խոսում է այն մասին, որ Կրեմլը մերժում է երկրորդ հնարավորություն տալ Ալիեւին: Կամ էլ չի բացառվում, որ այդպիսով փորձում են բթացնել հայ հանրության զգոնությունը:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am