Լրահոս

Մոսկվան ըստ երեւույթին պայմանավորվել է Ալիեւի հետ՝ մեր hայրենիքի կտորները ազերիներին զիջելով` ռուսական շահեր սպասարկել

 

926-320x228

ԳԱԼԱ-ի հարցազրույցն Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար մարմնի անդամ, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ:

-Ապրիլի 6-ից հետո ռազմական լայնածավալ գործողություններ չկան, չկա նաեւ հրադադար: Սակայն տպավորություն է, որ պայթյունավտանգ եւ սպասողական իրավիճակ է թե՛ կողմերի, թե՛ ուժային կենտրոնների համար: Պարոն Խուրշուդյան, ըստ ձեզ, ԼՂ խնդրի լուծման հարցի ի՞նչ ուղիներ են նշմարվում:

-Ակնհայտ է, որ Հայաստանն ու Արցախը 4-օրյա պատերազմից հետո դարձել են ավելի ինքնավստահ եւ համարձակ: Մենք սեփական ուժերի հանդեպ թերահավատության լուրջ խնդիր ունեինք մինչ այդ, քանի որ ակնհայտորեն քանակական առումով Ադրբեջանը գերազանցել էր մեզ սպառազինությունների մրցավազքում:

Սակայն 4-օրյա պատերազմը ցույց տվեց, որ այդ թվային գերազանցությունը չի բերել ուժային հավասարակշռության որակական շրջադարձի, եւ որ անգամ առաջնագծում մեր ունեցած սակավաթիվ ուժերով, առանց ռեզերվների լայնածավալ ներգրավման եւ առանց մեր զինանոցում եղած շատ թե քիչ արդիական զինատեսակների կիրառության հնարավոր եղավ կանգնեցնել ադրբեջանական ռազմական հարձակումը, որքան էլ որ վերջինը սահմանափակ ծավալներով իրականացված լիներ: Ռազմական դաշտում մեր այս հաջողությունը բերել է նաեւ քաղաքական ստատուս-քվոյի խախտման հօգուտ հայկական կողմի, որով չի կարելի սահմանափակվել եւ անհրաժեշտ է այն զարգացնել:

-Պարոն Խուրշուդյան, ռուսական կողմն արձանագրեց, որ բանակցությունների վերսկսումը տապալող կողմը հայկական կողմն է: Ի՞նչ եք կարծում՝ ո՞րը կլինի սրա քաղաքական հետեւանքը՝ հատկապես ի նկատի ունենալով այն հանգամանքը, երբ ՌԴ իշխանություններն առանձնապես սովոր չեն հանդիպելու հայկական կողմից «մերժողական» դիրքորոշման:

-Գնալով առավել ակներեւ է դառնում, որ ի սկզբանե ադրբեջանական վերջին հարձակման թիկունքում կանգնած է եղել Ռուսաստանը: Պատահական չպետք է համարել 200 միլիոն դոլարի դիմաց ռուսական նորագույն սպառազինությունների մատակարարումների ձգձգումը եւ մյուս կողմից Ադրբեջանին ուղղված մատակարարումների աշխուժորեն շարունակվող ընթացքն անգամ 4-օրյա պատերազմից հետո: Ինձ այսօրվա վիճակը սկսում է հիշեցնել 1992թ. հունիս-հուլիսը, երբ ռուսական տանկային ստորաբաժանումները հայերից գրավեցին եւ ադրբեջանցիներին հանձնեցին Շահումյանն ու Մարտակերտը: Հիշեցնեմ, որ դրան նախորդել էին Հայաստանի այն ժամանակվա ղեկավարության կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման փորձերը, որն էապես նվազեցնելու էր Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից՝ ավելացնելով մեր երկրի ինքնիշխանությունը: Միայն Հայաստանի կողմից այդ քաղաքականության կտրուկ դադարեցումից եւ Ռուսաստանին տրված «երդումից» հետո մեզ եւս հանձնվեց այստեղ գտնվող սովետական զինտեխնիկայի Հայաստանին հասանելիք մասնաբաժինը, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ փոխել իրավիճակը ռազմաճակատում եւ սկսել ազատագրումների շարքը:

Այժմ եւս Ռուսաստանը Հայաստանի շահերի հաշվին փորձում է իր շահերն առաջ մղել տարածաշրջանում: Մոսկվան, ամենայն հավանականությամբ, պայմանավորվել է Ալիեւի հետ, որ հայկական կողմի՝ ռազմաճակատում ունեցած մի քանի պարտությունից հետո կստիպի Հայաստանին առանց Արցախի կարգավիճակի շուրջ որեւէ փաթեթային պայմանավորվածության իրեն հանձնել մի քանի տարածք, որից հետո այստեղ կտեղադրվեն ռուսական «խաղաղապահ» զորքեր եւ/կամ Ադրբեջանը կմտնի ԵԱՏՄ եւ Մաքսային միություն, այսինքն ռուսական ազդեցության գոտի: Սակայն եթե 1992թ.-ին Կրեմլին պետք էր ընդամենը, որ Հայաստանը մնա իր ազդեցության գոտում, ինչին համաձայնվելով մենք զենք եւ հնարավորություն ստացանք ետ շրջելու պատերազմի վտանգավոր ընթացքը, ապա այժմ, գոնե մինչեւ 4-օրյա պատերազմը Կրեմլին թվում էր, որ եթե Հայաստանի իշխանությունները լիովին իրենց խամաճիկներն են, ուրեմն նաեւ Հայաստանն է՝ իր ժողովրդով հանդերձ իրենց գրպանում եւ այլեւս կարելի է մեր Հայրենիքի կտորներն ազերիներին զիջելով՝ ինչ-ինչ ռուսական աշխարհաքաղաքական շահեր սպասարկել: Սերժ Սարգսյանի այցն Արցախ եւ Նաղդալյանի արտահայտություններն էլ դրա վառ ապացույցն են: Սակայն մի կարեւոր գործոն հաշվի չէր առնվել. հայ ժողովուրդը եւ նրա զավակների մարտական ոգին: Սա մի գործոն է, որն իրենն ասաց՝ խառնելով այս կեղտոտ խաղի երեք խաղացողների խաղաքարտերն էլ՝ Պուտինի, Ալիեւի եւ Սարգսյանի:

Այժմ, կարծում եմ, Ռուսաստանը պատրաստվում է խրախուսել Ադրբեջանին նոր հարձակում ձեռնարկել: Սակայն իրավիճակը տարբեր է 1992-ից: Եթե այն ժամանակ 40 ռուսական տանկերի դեմ ոչ միայն համարժեք զենք չունեինք դիմադրելու, այլ նաեւ մեր զինվորները հոգեբանորեն պատրաստ չէին կրակել ռուսական զորքերի վրա (իսկ որ տանկիստներն էլ էին ռուս՝ բոլորը գիտեին), ապա այժմ անգամ այդ «80-ականների զենքերը»՝ տանկերից մինչեւ հակատանկային հրթիռային համակարգեր, քաջ եւ գրագետ զինվորի ձեռքում բավարար են կանգնեցնելու թշնամու թե՛ 100, թե՛ 500 տանկ: Նաեւ պարզվեց, որ «Սմերչ» եւ «Սոլնցեպյոկ» կոչված զինատեսակներն էլ դրանց դեմ ճիշտ մարտավարության կիրառելու դեպքում այդքան էլ սարսափելի եւ արդյունավետ չեն, որքան ներկայացվում էր ռուսական «Ռոսվոոռուժենիե»-ի պատվերով պատրաստված գովազդային տեսահոլովակներում: Արդյունքում այն ինքնավստահությունը, որ առաջացավ հայկական երկու բանակներում, կարող է ռազմական գործողությունների վերսկսման դեպքում արդեն անկանխատեսելի հետեւանքներ ունենալ Ալիեւի եւ ընդհանրապես Ադրբեջանի՝ որպես պետության գոյության հեռանկարի առումով: Բայց այս անգամ ոչ թե հայերն են պաշտպանություն խնդրելու Կրեմլից՝ դրանից բխող տարածքային կորուստներով, այլ ազերիներն են պատրաստ լինելու համաձայնվել մտնել ԵԱՏՄ անգամ առանց որեւէ տարածք ստանալու, միայն թե Կրեմլը կանգնեցնի հայկական զորքի առաջխաղացումը եւ փրկի Ադրբեջանը լիակատար կործանումից: Ու ցավոք, դա ռուսներին հաջողվելու է, ինչպես 1994-ին հաջողվեց կանգնեցնել հայկական ուժերին թե՛ Պարտավի մատույցներում եւ թե՛ Նախիջեւանում: Եվ խնդիրն այստեղ ոչ միայն Հայաստանի՝ Ռուսաստանից ունեցած համակարգային եւ խորքային կախվածությունն է, որին հասցրել են երկրի երեք իշխանություններն էլ, այլ նաեւ Թուրքիայի գործոնն է, որը եւս դժվար կանխատեսելի է եւ դժվար վերահսկելի Արեւմուտքի կողմից:

-Պարոն Խուրշուդյան, ինչպե՞ս կարելի է հասկանալ ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող մյուս երկու երկրների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի պասիվ վերաբերմունքը: ՌԴ կողմն անհամեմատ ակտիվ ներգրավում ունի, եւ ինչպես տեսանք «ռազմավարական դաշնակիցն» այնքան էլ մեր շահերից չի գործում՝ միջնորդական իր առաքելությունը կատարելիս:

-Ես միշտ էլ պնդել եմ այն ակնհայտ իրողությունը, որ արցախյան հակամարտության հետզհետե տեղափոխումը ռազմական ֆազա անխուսափելիորեն բերելու է Ռուսաստանի ազդեցության մեծացմանը թե՛ կոնֆլիկտի կարգավորման գործում եւ թե՛ տարածաշրջանում ընդհանրապես, քանի որ եթե քաղաքական եւ տնտեսական լծակների առումով այստեղ ուժեղ է Արեւմուտքը, ապա ռազմական գրեթե բոլոր գործիքները Ռուսաստանի ձեռքում են ոչ միայն որպես երկու կողմերին սպառազինությունների եւ դրանց պահեստամասերի ու ռազմամթերքի հիմնական մատակարար, այլ նաեւ որպես Մինսկի խմբի համանախագահներից միակ երկիր, ում զորքերը ֆիզիկապես ներկա են մի դեպքում հակամարտող կողմերից մեկի՝ Հայաստանի տարածքում եւ մյուս կողմից՝ Ադրբեջանի սահմաններին՝ Դաղստանում եւ Կասպից ծովում: Այնպես որ, վերստին ռազմական փուլ մտած հակամարտության մեջ Ռուսաստանից բացի ցանկացած այլ խաղացողի որեւէ միջնորդական նախաձեռնություն հեշտությամբ կարող է տապալվել Ռուսաստանի անգամ ոչ բացահայտ, ստվերային լծակների կիրառմամբ եւ խիստ ռիսկային է նրանց համար: Մյուս կողմից, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համար էլ է տեսանելի, որ հայ զինվորը խափանեց ռուսական պլանները, եւ կարծում եմ, որ նրանք պատրաստ են ստվերային կամ անգամ բացահայտ աջակցություն ցուցաբերել (առնվազն քաղաքական, բայց չի բացառվում նաեւ տնտեսական) այն կողմին, որը կձախողի ռուսական միջնորդությունը եւ դրանով կթուլացնի Ռուսաստանի ազդեցությունը թե՛ կոնֆլիկտի կարգավորման գործում եւ թե՛ ուրեմն նաեւ տարածաշրջանում ընդհանրապես: Առայժմ այդ կողմը Հայաստանն է, եւ Արցախի ճանաչման օրինագծին կառավարության կողմից դրական եզրակացություն տալը հենց այդ մասին է վկայում:

-ՀՀ-ի կողմից ԼՂ անկախության ճանաչման մասին բարձրացված «աղմուկը» ի՞նչ նպատակ է հետապնդում եւ մինչեւ ո՞ւր կհասնի: Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ԼՂ ճանաչումը:

-Ակնհայտ է, որ ԱԺ-ում Արցախի ճանաչման հնարավորությունը նախապատրաստվում է որպես մի հզոր զսպող գավազան Բաքվի դեմ՝ կանխելու համար նրա հետագա լայնամասշտաբ հարձակումը: Սակայն չպետք է բացառել, որ եթե նման հարձակում, այնուամենայնիվ, տեղի ունենա, ապա դրա հենց հաջորդ օրը Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը կբերի ճանաչումների շարքին մի շարք պետությունների կողմից՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ստվերային խրախուսմամբ: Էլ չեմ խոսում այն մասին, որ Ալիեւի ռեժիմի կործանումը հայկական ուժերի առաջխաղացման արդյունքում անգնահատելի նվեր կլինի ոչ միայն Արեւմուտքի, այլեւ հենց բուն Ադրբեջանի ժողովուրդների համար, ներառյալ հենց ադրբեջանցիներին, բայց հատկապես՝ թալիշների եւ լեզգի-դաղստանյան ժողովուրդների համար: Թեեւ չեմ կարծում, որ Արեւմուտքը թույլ կտա Ադրբեջանի մասնատում, սակայն այդ երկրի ֆեդերալիզացիան եւ որոշումների կայացման գործում թալիշների եւ լեզգիների դերակատարության ձեւավորումն անխուսափելի կդառնան:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing