«Մոսկվան հասկացավ, որ վաղը գործը կհասնի Հայաստանում ռուսական շահերի կարևորագույն լոբբիստներին»

115

Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը

Պարոն Համբարյան, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը հերքել է, որ 100 մլն դոլար վարկային համաձայնագրի շրջանակներում զնեքի մատակարարման հարցում խնդիրներ կարող են լինել: Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտը», հղում անելով բարձրաստիճան աղբյուրին, գրել էրթե 100 մլնդոլարի շրջանակներում զենքի մատակարարումը մեծ հարցականի տակ էԻնչո՞ւ է ռուսական կողմն այս փուլում նման տեղեկություններ տարածումհետո հերքում:

Ռուսական «Կոմերսանտը», որը գրել էր այդ հոդվածը, պատահական ԶԼՄ չէ, այն պատկանում է ՌԴ ամենահարուստ մարդկանցից մեկին, ով մեծ կապեր ունի Կրեմլի հետ: Հիմա, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարն ասում է, թե դրանք ասեկոսեներ են: Դա կոչվում է ճիպոտի և բլիթի քաղաքականություն, որով Մոսկվայից մեզ փորձում են կարգի հրավիրել: Նախ մեզ բացահայտ վախեցնում են՝ հետագայում փորձելով սիրաշահել: Դա նոր քաղաքականություն չէ, դա նույնիսկ ռուսների կողմից վարվող քաղաքականություն չէ, եվրոպական խոշոր տերությունների արտաքին քաղաքականությանը բնորոշ մասն է եղել: Հիմա Ռուսաստանը փորձում է ընդօրինակել և այդ նույն քաղաքականությունը կիրառել Հայաստանի հետ հարաբերություններում:

Այս ամենը տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի ու Խաչատուրովի դեմ քրեական գործեր հարուցելուց հետո, երբ պաշտոնական Մոսկվան շատ լավ հասկացավ, որ վաղը-մյուս օրը գործը կհասնի կոնկրետ Հայաստանում ռուսական շահերի կարևորագույն լոբբիստներին՝ ի դեմս «Գազպրոմի» վերնախավի ու ռուսաստանաբնակ միլիարդատերերի: Սա շատ լավ հասկանալով՝ Մոսկվան կանխարգելիչ քայլեր է ձեռնարկում, իսկ ամենահայտնի դրվագը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բավական կոշտ արձագանքն էր Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Դա, իմ կարծիքով, մեր ներքին գործերին միջամտելու ակնհայտ փորձ էր: Բայց այստեղ խնդիրը հետևյալն է, որ այդ ամենի մեղավորը ռուսները չեն: Մենք մեր մեջ պետք է փնտրենք մեղավորներին, որ այսքան տարիներ թույլ ենք տվել, որպեսզի պաշտոնական Մոսկվան ինչ ասես հայտարարի Հայաստանի վերաբերյալ, բացահայտ հակահայկական կոչերով հանդես գա և չպատժվի: Մեր արտգործնախարարությունը նույնիսկ նոտա չի հղում Ռուսաստանի արտգործնախարարությանը:

Այսինքն՝ այս փուլում Հայաստանի ներքաղաքական զարգացումները  Ռուսաստանի մոտ ինչ-որ վախե՞ր են առաջացրել:

Այս փուլում խնդիրը հետևյալն է՝ Հայաստանում սպասվում են երկու կարևոր ընտրություններ՝ Երևանի ավագանու և խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է բառի բուն իմաստով Հայաստանի քաղաքական դաշտը մաքրել նախկին իշխանությունների ներկայացուցիչներից: Եվ այդ նախկին իշխանությունների ներկայացուցիչները, ովքեր ունեն ահռելի ֆինանսական ու նյութական ռեսուրսներ և կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա, շատ մեծ կապեր ունեն Մոսկվայի հետ: Եվ մեխանիկորեն Նիկոլ Փաշինյանի ձեռքերը Քոչարյանից և Խաչատուրովից հետո կարող են հասնել «մոսկովյան» մյուս ներկայացուցիչներին Հայաստանում, և դա Մոսկվայի դուրը չի գալիս: Վաղը-մյուս օրը նույն Փաշինյանը կարող էր քայլեր ձեռնարկել Գագիկ Ծառուկյանի դեմ, որի կուսակցությունը համարվում է պուտինյան «Յեդինայա Ռոսսիայի» քույր կուսակցությունը ՀՀ-ում: Խորհրդարանական ընտրություններին, ես վստահ եմ, որ և բացահայտ, և կուլիսային տարբերակով կմասնակցեն նաև «Գազպրոմի» հայաստանայն ներկայացուցիչ Կարեն Կարապետյանը, «Տաշիր գրուպի» սեփականատերերը և այլոք: Դա աշխարհքաղաքական պայքարի ձև է, և մեզ համար չպետք է նորություն լիներ, ինչպես նաև մեզ համար նորություն չէ, որ հայաստանյան որոշ ուժերի թիկունքին կանգնած է Արևմուտքը: Ցավոք սրտի, մեր քաղաքական ուժերն սկսել են ակտիվանալ հիմնականում դրսից եկած գումարներով՝ Արևմուտքից և Ռուսաստանից: Եվ հիմա, Փաշինյանի քայլերն իրենցից վտանգ են ներկայացնում ռուսամետ ուժերի համար: Հենց դրանով են բացատրվում Լավրովի ակտիվությունը և Լավրովի հայտարարություններից հետո բացահայտ դեմարշները ՀՀ նկատմամբ:

Ինչի՞ կարող է հանգեցնել այս քաղաքականությունը:

Ես հասկանում եմ պաշտոնական Մոսկվայի նեղսրտությունը, քանի որ իրենք երկար տարիներ ՀՀ-ում արել են այն, ինչ ցանկացել են, առանց որևէ խնդիր ունենալու պարտադրել են Հայաստանի իշխանություններին անել այն, ինչ իրենց է ձեռնտու: Հիմա Հայաստանի իշխանությունները փորձում են քիչ թե շատ  ցույց տալ իրենց ինքնուրույնությունը, ինչը, իհարկե, Կրեմլին դուր չի գալիս: Ցավով պետք է ասեմ, որ այս տարիներին ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին քաղաքականության առումով մենք մեզ դարձրինք պաշտոնական Մոսկվայի «գերին»՝ ռազմավարական նշանակության օբյեկտները հանձնելով ռուսական տնօրինմանը: Եվ այս պայմաններում մեզ համար շատ դժվար կլինի Մոսկվային հասկացնել, որ նախկին քաղաքականությունը, որը վարվել է նախկինների օրոք, էլ չի լինելու:

Մոսկվային ավելի ձեռնտու է Հայաստանի հետ հարավասարը հավասարին հարաբերություներ պահպանել, որովհետև ագրեսիվ քաղաքականությունն ու հակահայ դեմարշները վնասում են ՌԴ շահերին Հայաստանում: Եվ հակառուսական տրամադրությունները ՀՀ-ում աճում են: Պաշտոնական Մոսկվան պետք է հասկանա, որ այս քաղաքականության պատճառով կարող է կորցնել Հայաստանը, ինչպես ժամանակին կորցրեց նույն Ուկրաինան, Վրաստանը և այլ երկրներ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache