Լրահոս

Մոսկվան հետաքրքիր լուծում է գտել Հայաստանի հարցում

 

arm147365958264

lragir.am – Ռուսական ԶԼՄ-ները տեղեկություն են հրապարակել, ըստ որի ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարող է նշանակվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Հայտնի է, որ հոկտեմբերին Երեւանում նախատեսված ՀԱՊԿ խորհրդի նիստում ներկայիս գլխավոր քարտուղար Բորդյուժան հեռանալու է այդ պաշտոնից, որը զբաղեցնելու է Հայաստանի ներկայացուցիչը: Եվ ահա, խոսվում է, որ նոր քարտուղարը լինելու է Սեյրան Օհանյանը:

Այս տարվա փետրվարից ԵՏՄ Տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ էր նշանակվել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, 4 տարի ժամկետով: Եթե Սեյրան Օհանյանը նշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ապա Հայաստանը պրո-ռուսական բլոկներում կունենա երկու большой начальник (մեծ ղեկավար), ինչպես Մեդվեդեւն էր ասել Տիգրան Սարգսյանին:Վերջին տարիներին Հայաստանում Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի կտրուկ փոփոխություն է եղել: Դրան նպաստել է հատկապես պրո-ռուսական բլոկներին Հայաստանի անդամակցությունը եւ Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ:

Անդամակցելով ԵՏՄ-ին, Հայաստանի իշխանությունը հայտարարում էր, որ այդ քայլը պայմանավորված է տնտեսական պրեֆերենցիաներով ու անվտանգության խնդիրներով: Շատ կարճ ժամանակում սակայն պարզվեց, որ ԵՏՄ-ն տնտեսության ոլորտում լրացուցիչ սահմանափակումներ ու բարդություններ է առաջացրել, Հայաստանին զրկելով տնտեսական զարգացման հեռանկարից, իսկ անվտանգության ոլորտում Հայաստանը դարձել է բավական խոցելի: Դրա ապացույցը ապրիլյան պատերազմն էր, երբ ՀԱՊԿ-ը, պարզվեց, չի կատարելու իր դաշնակցային պարտավորությունները, ավելին՝ այն պաշտպանության ոլորտում սահմանափակել է Հայաստանի հնարավորությունները:

Այս ամենի հանրագումարում Հայաստանում ձեւավորվել է որոշակի վերաբերմունք Ռուսաստանի հանդեպ: Մոսկայում ակնհայտորեն դժգոհ են այս իրավիճակից եւ փորձում են «շտկել» այն: Ընդ որում, բավական հետաքրքիր ձեւ են մտածել: Տիգրան Սարգսյանը, ով ՀՀ վարչապետ եղած ժամանակ հիմնավորում էր, որ Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին նպատակահարմար չէ թեկուզ ընդհանուր սահմանի բացակայության պատճառով, նշանակվեց ԵՏՄ փաստացի ղեկավար:

Սեյրան Օհանյանը, ում ղեկավարությամբ հայկական զինված ուժերը երկար ժամանակ խոշոր հաշվով պահպանեցին ինքնիշխանությունը, նշանակվում է ՀԱՊԿ ղեկավար:

(Նշենք, որ վերջին շրջանում սկսվել է հայկական զինուժի ինքնիշխանության սահմանափակումը՝ համատեղ ՀՕՊ-ի, միացյալ զորախմբի եւ այլ պայմանագրերով):Այսինքն, Մոսկվան, որը չի փոխելու իր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, այդպիսով փորձելու է իր վրայից հեռացնել հայերի դժգոհությունը:

Դժգո՞հ եք ԵՏՄ-ից, կամ ՀԱՊԿ-ից՝ ահա, ձեր հայերն են ղեկավարը, դիմեք նրանց: Իսկ «մեր հայերն» այդ պաշտոնում, բնականաբար, ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ապացուցեն, որ «իրենք հայ չեն», որպեսզի իրենց ոչ ոք չմեղադրի կողմնապահության համար:Այդպիսով, Մոսկվան փորձելու է իր վրայից գցել պատասխանատվությունը, եւ ավելին՝ այն դնել հենց հայերի վրա:

Մնում է, որ մի պաշտոն էլ Նալբանդյանին տան, որին հայերը մեղադրում են Ռուսաստանի շահերը սպասարկելու համար, եւ ամեն ինչ տեղը կընկնի: Օրինակ՝ անմիջապես ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, հաշվի առնելով, որ Նալբանդյանը գոնե ձեւի համար չի էլ դիմադրել ռուսական ծրագրերին:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing