good-banner
Լրահոս

Մոսկվան կասի՞ ճշմարտությունը ապրիլին տեղի ունեցածի մասին

 

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան  հայտարարություն է պատրաստում նախորդ տարի ապրիլի 2-ին Արցախում սկսված քառօրյա պատերազմի վերաբերյալ:Ինչ է հայտարարելու պատերազմի վերաբերյալ Ռուսաստանը: Մեկ տարի առաջ ապրիլի 2-ին, երբ առավոտյան արդեն մի քանի ժամ տեղեկություններ էին ստացվում Արցախի սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի մասշտաբային գրոհի, հրետանակոծումների վերաբերյալ, Ռուսաստանի ԱԳՆ նույն խոսնակ Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան հետեւում է իրադարձությունների զարգացմանն ու փորձում պարզել, թե ինչ է կատարվում:

Քանի դեռ ադրբեջանական զինուժը գրոհում էր, Մոսկվան փորձում էր պարզել տեղի ունեցողը: Երբ հայկական զինուժը հաջորդ երկու օրերին կասեցնելով գրոհը՝ շրջեց պատերազմի սլաքն ու անցավ հակագրոհի, մեկը մյուսի հետեւից հետ վերցնելով կորցրած դիրքերը, Մոսկվան սկսեց միջամտել հրադադարի հաստատման ուղղությամբ, եւ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի անունից կնքված զինադադարը:

Ընդ որում ուշագրավ էր այդ օրերին նաեւ Ալիեւի հայտարարությունն այն մասին, թե ինքը պատրաստ է դադարեցնել կրակը, եթե հայկական զինուժը խոստանա, որ չի առաջ չի գնա:Այդպիսով, հայկական հակագրոհը խորհրդավոր հրադադարի հետեւանքով մնաց կիսատ, եւ Ադրբեջանը ռազմական գործողությունների հետեւանքով առաջացավ 800 հեկտար ծավալով: Հրադադարը խորհրդավոր էր, քանի որ այդպես էլ անհայտ մնաց, թե ԶՈՒ գլխավոր շտաբի պետերը երբ էին մեկնել Մոսկվա, ով էր հրավիրել նրանց, ով էր գործուղել:

Այդ կապակցությամբ առավել քան ուշագրավ հայտարարություն արեց Սերժ Սարգսյանն ամիսներ անց Դմիտրի Կիսելյովին տված հեռուստահարցազրույցում, ասելով, թե «ես չգիտեմ մանրամասները, թե ինչ են խոսել այդ հանդիպմանը…»: Գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարում է, թե չգիտե մանրամասն ինչ է խոսել ադրբեջանցի շտաբի պետի հետ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ Յուրի Խաչատուրովը, ԱԽ ներկայիս քարտուղարը:Մոսկվան քաղաքական հարված հասցրեց Հայաստանին եւ աջակցեց Ադրբեջանին, երբ Բաքվին չնեղացնելու համար չեղյալ հայտարարվեց Երեւանում նախատեսված ԵՏՄ վարչապետների հավաքը:

Միաժամանակ, այդ օրերին Ադրբեջանին սպառազինության մատակարարումը շարունակելու հարցով Բաքու մեկնեց ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը, իսկ այնտեղից էլ ուղղակի վիրավորական հայտարարություն արեց Հայաստանում ՌԴ պահվածքի վերաբերյալ հնչող քննադատության կապակցությամբ:Դրան զուռագեռ, Ռուսաստանը փորձեց ապրիլյան շոկն այսպես ասած «տաք-տաք» ծեծել եւ ներկայացնել կարգավորման նոր պլան, որը ստացավ պայմանական լավրովյան պլան անվանումը:Երեւանը սակայն դիմադրեց, իսկ մայիսին տեղի ունեցավ Վիեննայի հանդիպումը ԱՄՆ հովանու ներքո, որտեղ Ադրբեջանին ներկայացվեց հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման պահանջը:

Մեկ ամիս անց, Սանկտ-Պետերբուրգի հանդիպմանը Մոսկվան փորձեց այդ պահանջը մղել հետին պլան, սակայն հանդիպման անմիջապես հաջորդ օրը Երեւանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց, որ թեեւ Սանկտ-Պետերբուրգի հանդիպմանը չի եղել հայտարարություն այդ մեխանիզմի ներդրման մասին, սակայն դա է օրակարգի առաջնահերթ հարցը:Սեպտեմբերին հայտարարվեց Հայաստանին Իսկանդերի մատակարարման մասին, եւ այն ցուցադրվեց անկախության տոնի առիթով ռազմական շքերթին: Միաժամանակ հայտարարվեց, որ սկսել է մատակարարվել 200 միլիոն դոլարի վարկով ձեռք բերվող ռուսական արդիական սպառազինությունը:

Հայտարարվեց ուժերի հավասարակշռության վերականգնման մասին:Ապրիլի պատերազմից հետո Ռուսաստանի պահվածքը հակասական էր: Մի կողմից ակնհայտ էր, որ Մոսկվան սպասում էր ադրբեջանական գրոհի միջոցով կազանյան պլանի ռազմական ճանապարհով իրականացմանը, որը կանխվեց հայկական զինուժի հերոսական դիմադրության շնորհիվ:
Հետաքրքիր է, որ Ռուսաստանը Բաքվի սպառազինությունը մատակարարում էր ճշգրտորեն, իսկ Հայաստանի 200 միլիոն դոլարի սպառազինությունը սկսեց գալ միայն ապրիլյան պատերազմից հետո, այդպես էլ համոզիչ պատասխան չտրվելով, թե ինչու՞ չեկավ մինչեւ այդ պատերազմը: Թեեւ, մինչ այդ, 2015-ի աշնանը ռուսական պաշտոնական մամուլը հրապարակել էր ցանկ, թե ինչ սպառազինություն է գալու 200 միլիոնի վարկի շրջանակում:Ապրիլի պատերազմից հետո Ռուսաստանը հայտնվեց երկակի վիճակում:
Դա ոչ միայն ադրբեջանական գրոհի, այլ նաեւ տարածաշրջանում եւ Հայաստանի հանդեպ ռուսական քաղաքականության տապալումն էր:Ապրիլից հետո Ռուսաստանն այդ առումով հայտնվեց փակուղում, երբ քաղաքականությունը տապալվել է, իսկ նոր քաղաքականություն կամ այլ քաղաքականություն, այլ սցենար, այլ տարբերակ, այլ մտածողություն չկա: Ներկայում Մոսկվան ակնհայտ որոնումների մեջ է, երբ մի կողմից փորձում է վերականգնել հայաստանյան վարկը տնտեսական եւ անվտանգային քայլերի միջոցով, մյուս կողմից փորձում է պահել թուրք-ադրբեջանական տանդեմի հետ հարաբերությունը, մեկ այլ տեսանկյունից զգում, որ այդուհանդերձ գերվտանգավոր է հայկական շահերի հաշվին այդ տանդեմի հետ հարցեր եւ գործարք իրականացնելու ակտիվությունը:
Մեկ այլ կողմից էլ փորձում է համարժեք գտնվել տարածաշրջանում անվտանգության համակարգի փոփոխության գործընթացին եւ դրա շուրջ պայմանավորվածության գալ Արեւմուտքի հետ, Իրանի հետ:Այդ իմաստով, հետաքրքիր է, թե ինչ բովանդակություն է ունենալու ապրիլի 2-ի վերաբերյալ հայտարարությունը:Միաժամանակ ուշագրավ է, որ ապրիլի 2-ը նաեւ Հայաստանի խորհրդարանի ընտրության օրն է, կիրակի: Արդյոք Ռուսաստանի հայտարարությունը կունենա նաեւ այդ ենթատեքստը, արդյոք Մոսկվան ինչ որ ազդակներ կդնի այդ ընտրության հետ կապված: Եվ արդյոք հայտարարությունը կլինի հենց կիրակի, թե՞ ապրիլի 1-ին՝ Հայաստանում նախընտրական լռության օրը, կամ ապրիլի 3-ին՝ երբ հայտնի կլինի ընտրության նախնական արդյունքը եւ հնարավոր կլինի ինչ որ վերաբերմունք արտահայտել ապրիլյան պատերազմի մասին հայտարարության տողատակում:
Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara