Լրահոս

Մոսկվան սպառազինության շանտաժ է սկսել Հայաստանի դեմ

 

1424722914_1424686356_antey-2500_sam_-_tel_and_loader

mitk.am-ը գրում է. Երեւանում ընդունելով ԵՏՄ վարչապետների հավաքին մասնակցելու նպատակով ժամանած ՌԴ վարչապետ Մեդվեդեւին, Սերժ Սարգսյանն արել է ուշագրավ մի ակնարկ:

«Անցած անգամ Ձեր պաշտոնական այցի ժամանակ մենք քննարկեցինք մեր օրակարգի առավել արդիական և զգայուն հարցերը: Կարծում եմ, որ այսօր մենք կշարունակենք այդ զրույցը, քանի որ այն ժամանակ, իրոք, բարդ ժամանակաշրջան էր մեր տարածաշրջանի համար, որը ստեղծվել էր Ադրբեջանի կողմից 1994-95թթ. պայմանագրերի կոպտագույն խախտումների պատճառով», հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Մեդվեդեւն «անցած անգամ» Հայաստան ժամանեց ապրիլի 7-ին, երբ փաստացի շարունակվում էր Ադրբեջանի սկսած պատերազմը, թեեւ հայտարարվել էր կրակի դադարեցման մասին: Մեդվեդեւի Հայաստան կատարած այդ այցի ընթացքում զգայուն թեմաներից մեկը Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարման հարցն էր: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մեդվեդեւի հետ հանդիպմանը բարձրացրեց մատակարարումների դանդաղ ընթացքի հարցը: Մեդվեդեւի որեւէ արձագանք չհնչեց:

Խոսքը 200 միլիոն դոլարի վարկի մատակարարումների մասին է, որով Հայաստանը պետք է ստանա արդիական զինտեխնիկա Ռուսաստանից: Բայց, այդ այցից պարզվեց, որ չի ստացել, թեեւ ռուսական կողմը ստանալիք սպառազինության ցանկը գաղտնազերծեց դեռեւս նախորդ տարի աշնանը, այդպիսով փաստորեն Ադրբեջանին տալով պատրաստվելու հնարավորություն: Հետո Ադրբեջանը պահանջեց երաշխիք, որ այդ զենքը չի կիրառվի իր դեմ:

Ավելի լավ ի՞նչ երաշխիք կարող էր լինել, քան զենքը պարզապես չմատակարարելը: Այն դեպքում, երբ Ադրբեջանի մատակարարումները Մոսկվան իրականացնում է ժամացույցի ճշտությամբ:

Այժմ Սերժ Սարգսյանը խոսում է «զգայուն» հարցերի շուրջ քննարկումները շարունակելու մասին, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ սպառազինության մատակարարումը շարունակում է ուշանալ: Մեծ հաշվով, դրա վկայությունն է նաեւ այն, որ Հայաստանի պաշտոնյաներից որեւէ մեկն այդպես էլ չի կարողանում հոդաբաշխ պատասխան տալ սպառազինության մատակարարման վերաբերյալ հարցերին, ընդամենը կրկնելով, որ ամեն ինչ իրականացվում է ըստ ժամանակացույցի:

Բայց, ինչպես երեւում է, ըստ ժամանակացույցի ոչինչ էլ չի իրականացվում, եւ Մոսկվան շարունակում է դանդաղեցնել Հայաստանին սպառազինության մատակարարումը: Ի՞նչն է դրա պատճառը, պարզ չէ: Անկասկած է, որ բանը քաղաքականությունն է: Մոսկվան Հայաստանին փորձում էր «կարթի» վրա պահել պատերազմի միջոցով: Պատերազմը եղավ, հայկական զինուժը դիմադրեց, Մոսկվան հասցրեց փրկել Ադրբեջանը խոշոր հակահարվածից:

Այժմ, թերեւս բավական երկար ժամանակ հնարավոր չի լինի Հայաստանը «կարթի» վրա պահել պատերազմի շանտաժով, եւ ըստ երեւույթին դրան փոխարինելու է գալիս սպառազինության «շանտաժը»՝ մատակարարումների ուշացման տեսքով:

Առավել եւս, որ այստեղ այլընտրանքների հարցում կան որոշակի օբյեկտիվ իրողություններ, որոնք Հայաստանին զրկում են դինամիկ փոփոխության հնարավորությունից: Բանն այն է, որ դժվար է արագ այլընտրանք գտնել ռուսական սպառազինությանը: Եվ այստեղ պատճառը միայն փողը չէ: Խնդիրը այստեղ այն է, որ սպառազինության խնդիրը ունի տեխնիկական եւ քաղաքական շոշափելի բաղադրիչ: Բավական բարդ է գերազանցապես խորհրդա-ռուսական սպառազինության վրա հիմնված բանակի համար ապահովել այլ կարգի արդիական սպառազինություն, կպահանջվի այսպես ասած տեխնիկական անցման տեւական ժամանակ:

Դրան զուգահեռ, հարց է նույնիսկ, թե արդյոք Հայաստանը կարող է թեկուզ սկսել այդ անցումը, ինչը պետք է արված լիներ դեռեւս տարիներ առաջ, այսօր որոշակի արդյունք ունենալու համար: Բանն այն է, որ այդ խնդրի քաղաքական բաղադրիչը սպասարկելու համար Հայաստանը պետք է լինի ինքնիշխան սուբյեկտ, որն ունի իր շահը եւ զբաղված է դրա հետապնդմամբ, ոչ թե ծվարել է ռուսական շահերի մի անկյունում: Այդ դեպքում ոչ միայն Մոսկվան թույլ չի տա մտածել որեւէ այլ տեղից զենք գնելու մասին, այլ որեւէ մեկը չի ցանկանա գործ ունենալ Մոսկվայի քաղաքականության կցորդ հանդիսացող պետության հետ:

Այդպիսով, կա օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների մի համախումբ, որին ավելանում է նաեւ այն, որ հայտնվելով ԵՏՄ կազմում, Հայաստանը հայտնվել է այլ երկրներից սպառազինության ներկրման այսպես ասած ոչ նպաստավոր մաքսային ռեժիմում: Այսինքն, ԵՏՄ-ն ավտոմատ կերպով թանկացրել է Հայաստանի համար երրորդ երկրից սպառազինության ներկրումը: Եթե դրան էլ գումարվում է այն, որ ՀԱՊԿ կարգի համաձայն Հայաստանն իրավունք չունի երրորդ երկրի հետ իրականացնել ռազմական-ենթակառուցվածքային ծրագիր առանց ՀԱՊԿ կոնսենսուսային համաձայնության, ապա թերեւս ամբողջական կդառնա պատկերը, թե դանդաղ եւ հետեւողականորեն ինչպիսի օղակի մեջ է վերցվել Հայաստանն այս տարիների ընթացքում:

Ընդ որում, ՀԱՊԿ այդ համաձայնագրի խորհրդարանական վավերացումը մեծ հաշվով տեղի է ունեցել իշխանություն-ընդդիմություն նույն հուզիչ միասնությամբ, ինչպես որ տեղի ունեցավ ԵՏՄ անդամակցումը:

Հայաստանի անվտանգության հրամայականներից մեկն այդ օղակի հնարավորինս արագ ճեղքումն է, դրա մեկնարկը, այդ ուղղությամբ լայնածավալ քայլերի ձեռնարկումը: Անկասկած է, որ իրատեսական չէ արագ քայլեր եւ արդյունք ակնկալելը, սակայն հապաղումը սպառնալիք է ազգային անվտանգությանը:

Իսկ քայլերը պետք է ներառեն թե քաղաքական եւ դիվանագիտական ուղիները, թե տնտեսական ջանքերը՝ մի կողմից պետության գնողունակությունը բարձրացնելու, մյուս կողմից նաեւ ռազմա-արդյունաբերության ոլորտում ներքին գիտատեխնիկական ռեսուրսի ներգրավվածությունը բարձրացնելու ուղղությամբ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am